«Գիտության հանդեպ պետության վերաբերմունքը նրա իրական նպատակների արտահայտությունն է»
Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում «Ռուսաստան», «Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիա» բառերը եթե փոխարինենք «Հայաստան», «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա» բառերով, ոչինչ չի փոխվի. էությունը կմնա նույնը, գիտության քայքայման մեխանիզմներըՙ նույնպես: Եվ այսքանից հետո, երբ պետության մեղքով երիտասարդների համար գիտական ասպարեզում ոչինչ չի մնացել գրավիչ, վեր կենալ եւ քննադատել գիտությունների ազգային ակադեմիան (Ռուսաստանում թե Հայաստանումՙ միեւնույնն է) ծերացած կառույցի վերածվելու համար, առնվազն երեսպաշտություն է:
Անցյալ տարվա հունիսին Ռուսաստանի կառավարության նիստերից մեկում վերջապես որոշվեց քննարկել այն հարցը, թե ինչպես կարելի է «բարեփոխել» երկրի ակադեմիական գիտությունը, ավելի ճիշտՙ ԽՍՀՄ փլուզումից հետո պահպանված գիտության մնացուկները: Նախարարներից մեկը հարց տվեց. «Մեր ինչի՞ն է պետք Գիտությունների ակադեմիան»:
Հարցը չզարմացրեց ներկաներին: Միայն ՌԴ ԳԱ նախագահը փորձեց պարզաբանել, որ ավելի քան երկուսուկես դար առաջ Պետրոս Մեծ կայսեր հիմնած ակադեմիան երկրի ամբողջ գիտության եւ տեխնոլոգիական առաջընթացի խարիսխն է, որ առանց ակադեմիայի Ռուսաստանը չէր ունենա հրթիռամիջուկային զորություն, ատոմային էներգետիկա, արբանյակներ եւ տիեզերակայաններ...
ՌԴ ԳԱ պետության եւ իրավունքի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Վիտալի Ռասսոխինն այս կապակցությամբ արձանագրում է, որ 1990-ական թթ. վերջերին Ռուսաստանում իշխանության գլուխ անցած «ազատական բարեփոխիչների» շահերի ոլորտում գիտությունը հայտնվեց վերջին տեղում: 1990 թ. համեմատությամբ գիտության ծախսերը 1995 թ. կրճատվեցին մոտ 6,2 անգամ, իսկ պաշտպանական գիտահետազոտական աշխատանքներինըՙ 10 անգամ: Ընդհանուր առմամբ ԳԱ ֆինանսավորումը կրճատվեց 20 անգամ:
Չնչին վարձատրության պատճառով երիտասարդ եւ խոստումնալի բազմաթիվ գիտնականներ մեկնեցին Արեւմուտքի երկրներ: Բայց «գիտական արտագաղթի» գլխավոր պատճառը ժամանակակից սարքավորումների բացակայությունն է: Խոսքն առաջին հերթին հիմնարար (ֆունդամենտալ) գիտության վիճակի մասին է: Այդ գիտությունը մշտապես եղել է ոչ միայն գրքերում (այժմՙ նաեւ համակարգիչներում) ամրագրված գիտելիքների աղբյուր, այլեւ ուսուցչի եւ աշակերտի կենդանի կապի արտահայտություն, որն անչափ կարեւոր է ազգային ճգնաժամի պահերին:
ԱՄՆ-ում հիմնարար հետազոտությունների գերադաս զարգացումը համարվում է «համաշխարհային պատմության արդի փուլում երկրի պաշտպանունակության աճի» վճռական պայման: Դրա հաստատումն «ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարություն» կառավարական փաստաթուղթն է, որտեղ առաջարկվում է զգալիորեն ավելացնել հիմնարար գիտության հատկացումները: Այդպես էլ արվում է:
Ռուսաստանում եւս ընդունվել են հիմնակազմիչ ինչ-ինչ փաստաթղթեր, որտեղ նույնիսկ խոսվում է երկրի պաշտպանունակության համար հիմնարար գիտության առաջնակարգ դերի մասին: Բայց դրանք լոկ ձեւակերպումներ են եւ չեն դառնում իրական քաղաքականություն: Սարքավորումների հնացած բազայի շտապ փոփոխմանն ուղղված պետական խոշոր ներդրումներ չեն արվում:
Խոշորագույն մտածողները մշտապես պնդել են, որ հասարակության մեջ իշխող ոգին է կանխորոշում ամեն ինչ: Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում բնակչության հարցումներ են անցկացվել գիտնականի մասնագիտության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը պարզելու նպատակով: Հարցումների արդյունքների տարբերությունները պարզապես ապշեցուցիչ են: Ռուսաստանում, որտեղ դեռ վերջերս տղաների մեծ մասը երազում էր դառնալ տիեզերագնաց, ներկայումս գիտնականի մասնագիտությունը հարգված է համարում բնակչության ընդամենը 1 տոկոսը: Մինչդեռ ճարպիկ գործամոլների եւ հաշվենկատ նյութապաշտների երկիր համարվող ԱՄՆ-ում բնակչության 96 տոկոսն այդ մասնագիտությունը համարում է անվիճելիորեն հարգված, 51 տոկոսըՙ գերհարգված:
Այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանին լիակատար ավերածություն եւ բութ տգիտություն բերած «բարեփոխումների» գլխավոր եւ իրական արդյունքը ինտելեկտի միջին մակարդակի անկումն է եւ մտքի աննախադեպ աղքատացումը: Ընդսմին այդ երեւույթը համակել է հասարակության բոլոր խավերին, ներառյալ բարձրագույն պետական «ընտրախավին»:
Իրականում Ռուսաստանի գիտության հանդեպ քամահրանքով է համակված պետության ամբողջ վերնախավը: Մի քանի տարի առաջ ՌԴ կառավարությունում գոյություն ուներ գիտության եւ կրթության դեպարտամենտ: Ներկայումս դրա անվան մեջ բացակայում է «գիտություն» բառը: Ներկայիս պետապարատի այս թշնամական տրամադրվածությունը ձեւավորում է գիտության հանդեպ պետության իրական քաղաքականությունը: Անցյալ տարվանից դաշնային բյուջեից հանված է «Հիմնարար հետազոտություններ եւ օժանդակություն գիտատեխնիկական առաջընթացին» միասնական նպատակային բաժինը: Ներկայումս գոյություն չունի գիտության պետական ծախսերի պաշտոնապես սահմանված ընդհանուր գումար, որի համար պետք է պատասխան տար ֆինանսների նախարարությունը: Շատ հավանական է, որ ՆԱՏՕ-ի հոլանդացի փորձագետները պարզապես կատարած լինեն այդ նախարարության պատվերը: Գլխավորն այն է, որ այժմ չափազանց դժվար է պարզել, թե պետությունը որքան է ծախսում Ռուսաստանում գիտության զարգացման համար:
Ալեքսանդր Երրորդն ասում էր. «Ռուսաստանն ունի միայն երկու հուսալի դաշնակիցՙ բանակը եւ նավատորմը»: Ստալինը հասկացավ, որ 20-րդ դարում անհրաժեշտ է ունենալ նաեւ երրորդ հավատարիմ դաշնակիցըՙ գիտությունը: Դրանով էլ կանխորոշվեց պետության քաղաքականությունը թե՛ ակադեմիական եւ թե՛ պաշտպանական գիտության նկատմամբ:
Իշխանության գլուխ անցած «ազատական բարեփոխիչները» 15 տարում քայքայեցին բանակը, թուլացրին օդուժի մարտական զորությունը, ոչնչացրին Ռուսաստանի օվկիանոսային հզոր նավատորմիղները եւ շարունակում են ափամերձ ջրերում կամ նավահանգիստներում անգործ մնացած նավերի ու սուզանավերի ոչնչացումը: Նրանք պնդում են, թե ծախսերն անչափ մեծ են: Մնում է ոչնչացնել գիտությունը: Ի դեպ, դա հիմա կոչվում է «բարեփոխում»: Պատճառաբանությունը նույնն էՙ փող չկա:
2005 թ. կառավարության դեկտեմբերյան նիստում նախարարներից ոմանք պնդում էին, թե նախ հարկավոր է վերակառուցել ԳԱ-ն եւ դրա ինստիտուտները եւ հետո միայն խոսել ֆինանսավորման մասին: Մինչդեռ գաղտնիք չէ, որ ինչպես ԳԱ-ի, այնպես էլ գիտության մյուս կառույցների աշխատակիցների մեծ մասը հազիվ է գոյատեւում: Փորձարարության համար այլեւս ժամանակ չի մնացել:
Իսկ «վերակառուցում» ասելով ի՞նչ են հասկանում դրա հեղինակները: Դա նախ եւ առաջ ինստիտուտների աշխատակազմերի կտրուկ կրճատումն է: Այդ ինստիտուտներն ավելորդ կադրային հնարավորություններ վաղուց արդեն չունեն: «Բարեփոխիչների» ակնարկած «վերակառուցումը» նշանակում է հին գիտնականների հեռացում եւ նրանց փոխարեն (չգիտես որտեղից) երիտասարդների ընդունում: Դա անմիջապես վերջ կդնի գիտությանը: Գիտահետազոտական ինստիտուտը ոչ բանկ է, ոչ էլ չթադաջման ֆաբրիկա, սերնդափոխությունն այնտեղ կարող է կատարվել միայն ավագների ու երիտասարդների, աշակերտների ու ուսուցիչների երկարամյա համատեղ աշխատանքի պայմաններում:
Ակադեմիայի «բարեփոխումն» անխուսափելիորեն կհանգեցնի զգալի թվով ինստիտուտների լուծարմանը եւ դրանց հիմնական ֆոնդերի սեփականաշնորհմանը: Մոսկվայի Լենինի պողոտայում հնաոճ շենքերը տեսնելովՙ աճուրդների ապագա մասնակիցներն արդեն պատկերացնում են, թե մայրաքաղաքի գլխավոր մայրուղիներից մեկում ինչպիսի շքեղաշուք գրասենյակներ եւ խաղատներ կարելի էր սարքել: Էլ ի՞նչ Գիտությունների ակադեմիա: Եվ առհասարակ, ինչի՞ է դա պետք:
Ակադեմիայի անշարժ կայքը «բարեփոխիչների» թաքուն նպատակն է: Հարկավոր է զավթել այն, ինչը դեռ զավթված չէ: Սա է ԳԱ «վերակառուցման» հիմնական եւ չքննարկվող նպատակը: Մինչդեռ Ռուսաստանի ԳԱ-ն երկրի միակ կառույցն է, որտեղ մշտապես բարգավաճել է եւ այժմ էլ գոյատեւում է հիմնարար գիտությունը:
Նախ հարկավոր է այն փրկել եւ հետո միայն բարեփոխել: Ովքեր հակառակն են առաջարկում, կամ ոչինչ չեն հասկանում, կամ էլ անմիտ են ձեւանում: Հաճախ փորձում են հիմնարար, ակադեմիական գիտությանն ստիպել «հարմարվել շուկայական պայմաններին»: Բայց աշխարհում ոչ մի տեղ որեւէ մեկի մտքով նման բան չի անցել: Հիմնարար գիտությունն արտադրում է գլխավորապես այն, ինչն սկզբունքորեն անհնար է վաճառել շուկայում. նա արտադրում է զուտ գիտելիք, ինչն արժեքավոր է բուն գիտության զարգացման համար: Գիտություն ունեցող ամեն մի երկրում հիմնարար հետազոտությունների, այսինքնՙ ակադեմիական եւ համալսարանական գիտության ծախսերն իր վրա է վերցնում պետությունը: Ակադեմիան չի կարող ապրել շուկայի օրենքներով, իսկ առանց ակադեմիայի գիտություն չի կարող լինել:
Պրոֆեսոր Վիտալի Ռասսոխինը ցավով նշում է, որ ամենահայտնի գիտական հանդեսներում հրապարակման արժանի ռուսաստանցի գիտնականների հոդվածների թիվը տարեցտարի նվազում է: Թե՛ ԳԱ ինստիտուտներում եւ թե՛ մյուս գիտական կենտրոններում անձնակազմն արագորեն ծերանում է: Իսկ լաբորատորիաների հնացած սարքավորումները հետզհետե ֆիզիկապես եւ բարոյապես մաշվում են: «Ռուսաստանում հիմնարար գիտությունը մահանում է», արձանագրում է պրոֆեսորը:
«Մեծ գիտությունը» չի կարող էժան լինել, ինչպես չեն կարող էժան լինել հզոր օդուժը եւ ծովուժը: Իհարկե, անհամեմատ էժան կլիներ նոր ռազմանավեր եւ կործանիչներ չարտադրելը: Այդ դեպքում տրամաբանական կլիներ տնտեսել նաեւ գիտության հաշվին: Բայց նման քաղաքականությունը կարող է ի վերջո Ռուսաստանին արժանացնել Հարավսլավիայի ճակատագրին:
Ներդրումներ են անհրաժեշտ ակադեմիայի սարքերը եւ փորձատեխնոլոգիական բազան նորացնելու համար: Ինչպես նշվեց ՌԴ ԳԱ ընդհանուր ժողովում, պահանջվող ընդհանուր գումարը մոտ 5-6 մլրդ դոլար է: Կառավարությունը պնդում է, թե այդքան փող չունի: Բայց հենց որ հարկ եղավ 13 մլրդ դոլար գտնել «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Աբրամովիչին «մարդասիրական օգնություն» ցույց տալու համար, գումարը, ասես աճպարարությամբ, անմիջապես հայթայթվեց:
Ռուսաստանում ստեղծված «Կայունացման հիմնադրամի» գումարները տարեցտարի կրկնապատկվում են եւ արդեն հասնում են 60 մլրդ դոլարի: Բայց այդ վիթխարի միջոցները ծառայեցվում են ոչ թե Ռուսաստանի, այլ... ԱՄՆ-ի շահերին: Ընդսմին դա պատճառաբանվում է անմիտ «փաստարկներով»: Որեւէ երկրի պատմության մեջ նման բան չի եղել:
Ակադեմիկոս Դ. Ս. Լվովի հաշվարկների համաձայն, ԱՄՆ-ը իր ոսկու եւ արտարժույթի պաշարների 1 դոլարի դիմաց 4,5 դոլար փող է թողարկում եւ այդ փողը ներդրումների տեսքով ծառայեցնում է երկրի զարգացմանը (ընդսմին այդ փողի 2/3-ը ներդնում է հենց գիտության եւ առողջապահության մեջ): Նույն կերպ են վարվում նաեւ ճապոնացիները: Նրանց չի վախեցնում սղաճը: Գլխավորն այն է, որ ազգային տնտեսության ամրապնդումը միշտ արդարացնում է իրեն, իսկ գիտության մեջ կատարվող ներդրումներն առհասարակ չեն մեծացնում սղաճը:
Այդ «հիմար» ամերիկացիներն ու ճապոնացիները, չնայելով այսօրվա տնտեսական դժվարություններին, գիտության զարգացմանն ուղղված շռայլ ներդրումներ են անում, քանզի մտածում են իրենց երկրների ապագայի մասին: ԱՄՆ բյուջեն ներկայումս ունի վիթխարի պակասորդՙ ավելի քան 800 մլրդ դոլար: Բայց ամերիկացիները շարունակում են խոշոր ներդրումներ անել տնտեսության, գիտության, նոր, բարձր տեխնոլոգիաների ասպարեզում: Սղաճն էլ տարեկան 1,5-2 տոկոս է: Ռուսաստանում, որի բյուջեն ունի խոշոր ավելցուկ, գրեթե ոչինչ չի ներդրվում տնտեսության մեջ եւ բացարձակապես ոչինչՙ գիտության մեջ: Իսկ սղաճն իրականում 12-16 տոկոս է:
Ներկայումս իրական վտանգն այն է, որ գիտությունն աստիճանաբար խեղդամահ է լինում: «Բարեփոխման» միջոցով քայլ առ քայլ վերացվում են երբեմնի լայնընդգրկուն եւ զարգացած ճյուղային գիտության խղճուկ մնացորդները (վերակառուցման տարիների 6000 ԳՀԻ-ներից եւ ԿԲ-ներից մնացել է 1000-ը, իսկ ներկայիս «բարեփոխումների ռազմավարությունն» այդ թիվը կրճատելու է 8-10 անգամ):
Անաղմուկ «բարեփոխումն» արդեն գրեթե վերացրել է խորհրդային գիտության խոշորագույն կիրառական ճյուղըՙ հանքահետախուզությունը, որն ամենահզորն էր ողջ աշխարհում: Մինչդեռ Ռուսաստանի պետությունը կկարողանար այն ծառայեցնել գոնե իր սիրելի օլիգարխների հեռանկարային շահերին:
Օլիգարխներն իրենց համար հեքիաթային Շերխանի շուրջը պտտվող փոքր գիշատիչների դեր են կանխորոշել: Շերխանը պետք է տիրանա գլխավոր ավարին, օրինակ, Արեւմտյան Սիբիրինՙ իր բոլոր հանքավայրերով հանդերձ: Ըստ Զբիգնեւ Բժեզինսկու մտահղացման, այն պետք է գաղութացվի «ինքնիշխան պետությանը» վայել մեկ ուրիշՙ «պատշաճ» անունով: Իսկ գաղութին պետք չէ ծախսաշատ հանքահետախուզություն:
Պետք չի լինի նաեւ գիտությունը, առավել եւսՙ հիմնարար գիտությունը: Այստեղ ամենակարեւորն այն է, որ գիտության հանդեպ պետության վերաբերմունքը երկրի ապագային առնչվող նրա իրական հայացքների արտահայտությունն է: Երկրի ապագայի համար պատասխանատվություն կրող եւ հնարավոր վտանգները գիտակցող բարձրագույն ղեկավարությունը գիտության համար միշտ էլ կարող է փող գտնել:
«Լիտերատուրնայա գազետա» թերթի մարտի 11-12 համարից պատրաստեց ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆԸ