Կարծում է Արմեն Հովհաննիսյանը
Արմեն Հովհաննիսյան լրագրողն ու հրապարակախոսը 70-ականներից ի վեր հասարակության սիրտը նվաճեց ամենից առաջ իր ինտելեկտով, մարդկանց դեպի լույս տանելու ձգտումով ու նրանց հանդեպ ունեցած սիրով: Նրա հեղինակային երաժշտական հաղորդումըՙ «22:30»-ը, թեկուզ մեկ անգամ տեսնողներն անկարող են մոռանալ մագնիսական այն ձգողականությունը, որով Արմեն Հովհաննիսյանը իր հաղորդման երկրպագու էր դարձնում անգամ դեռահասներին, որոնցից շատ-շատերն այսօր կխոստովանեն, որ Արեւմուտքն ու Եվրոպան նվաճած «Բիթլզի», Լուի Արմստրոնգի, Էլլա Ֆիցջերալդի, էդիթ Պիաֆի, Ժակ Բրելի եւ այլոց անուններն առաջին անգամ լսել են Արմեն Հովհաննիսյանի հաղորդումից:
Նա եթեր էր դուրս գալիս իսկական մտավորականի կեցվածքով, ասելիքի պաշարով, հասարակությանը զարգացնելու մեծ ձգտումով եւ ամենքին գերում իր անթերի հայկական առոգանությամբ ու մաքրամաքուր հայերենով:
«Ամեն կիրակի, «22:30»-ին, քաղաքը դատարկվում էրՙ բոլորը գնում էին Արմեն Հովհաննիսյանի հաղորդումը դիտելու», հիշում է կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը: «Սովետի երկաթյա վարագույրի մեջ «22:30»-ը պատուհան բացեց դեպի արեւմտյան արժեքներ եւ նոր սերնդի համար մշակութային ազատության հնարավորություն ստեղծեց», ավելացնում է գրողների միության քարտուղար Լեւոն Անանյանը: «Ուր էր թե այսօր էլ հայտնվեր մի այդպիսի Արմեն Հովհաննիսյանՙ բարձր, մաքուր, ազնվական երաժշտության, իսկական արվեստի հետ, որպեսզի այսօրվա սերունդը դառնար մեզ նման արվեստներով դաստիարակված: Արմենը գիտեր ինչպես խոսել երիտասարդության հետՙ տալով այն մեղեդին, այն ռիթմը, որը երիտասարդների արյան մեջ է: Նա բարձր չափանիշ կրողներից ու դնողներից մեկն էր: Եվ մենք այդ մթնոլորտում ձեւավորվում էինք ու դառնում այն, ինչ դարձանք», ասում է գրողների միության քարտուղար Դավիթ Մուրադյանը:
Արմեն Հովհաննիսյանի բեղուն գործունեության համարձակ սկիզբը մտաբերելու առիթը նրա 70-ամյակին նվիրված երեկոն էր, որն ընկերական ջերմ ու անկեղծ մթնոլորտում կիրակի տեղի ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Իրենց փայլուն կատարումներով հոբելյարին շնորհավորեցին Մարտին Վարդազարյանը, Լեւոն Մալխասյանը, Երվանդ Երզնկյանը, Թովմաս Պողոսյանը, ասմունքող Ազատ Գասպարյանը: Անվանի հրապարակախոսին եւ թարգմանչին սրտագին խոսքեր ասացին Սիլվա Կապուտիկյանը (նամակով), Պերճ Զեյթունցյանը, Լեւոն Անանյանը, Դավիթ Մուրադյանը, Էմմանուել Մանուկյանը եւ այլք: Նրանց խոսքի մեջ գերակշռողը Արմեն Հովհաննիսյանին փոխադարձված սերն էր, քանզի նա գիտեր մարդկային գեղեցիկ հարաբերություններ ստեղծելու էքզյուպերյան պարզ ու ճշմարիտ գաղտնիքը: «Մասնագիտություններս այնպիսիք են, որ առանց սիրելու որեւէ արդյունքի չես հասնի: Մարդկային հարաբերությունների մեջ ամենագեղեցիկ բանը սերն է մարդկանց հանդեպ: Դա ուղեկցում է ինձ, միշտ ինձ հետ է, Աստված չանի, որ ինձնից հեռանա: Ես միանգամից կսմքեմ, կվերջանամ, ինչպես յուրաքանչյուր մահկանացու», ասաց Արմեն Հովհաննիսյանը:
«Ես ձեզ սիրում եմ, մարդիկ», այսպես էր կոչվում նրա առաջին գրքույկը, եւ դա ընդամենը զգացմունքի արտահայտման ձեւ չէր, այլ ապրելու եւ ապրած կյանքը իմաստավորելու իմացություն: Արցախյան շարժման ու պատերազմի տարիների նրա հրապարակախոսական նյութերն իրենց հանդուգն բովանդակությամբ ու ներքին բոցով այրում էին ընթերցողին, կրթում ու հարստացնում նրա միտքը, անէացնում նրանից քողարկված ճշմարտության վարագույրը: Այդ տարիների հրապարակախոսական նյութերը 1993 թ. հրատարակվեցին «Հայաստանՙ երկիր դրախտավայր» առանձին գրքով, որն այսօր լրագրության դասագիրք է համարվում:
«Արմեն Հովհաննիսյանի հրապարակախոսությունը ծնվեց մեր ժողովրդի համար բուռն, մղձավանջային 88-ին: Սումգայիթից մինչեւ պատերազմական ծանր օրերի մասին նրա նյութերը լավագույն ուղեցույցն են ընթերցողի համար, որովհետեւ հեղինակը ուղիղ թիրախին է խփում, ասում ճշմարտությունը, ասում անզիջումՙ առանց դեմքի ու դիրքի հետ հաշվի նստելու, որովհետեւ ինչպես ինքն է ասում, ամեն ինչ գնայուն է, մնայուն է միայն երկիրըՙ Հայաստան աշխարհը», գրական վաստակի համար հոբելյարին գրողների միության շքանշան հանձնելուց առաջ ասաց Լեւոն Անանյանը: Արցախյան ազգային-ազատագրական շարժման քարոզչության համար Արմեն Հովհաննիսյանին հանձնվեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի պարգեւատրած «Մխիթար Գոշ» շքանշանը:
Հոբելյարի թարգմանչական արվեստի մասին շատերը խոսեցին: Ահա թե ինչ ասաց Պերճ Զեյթունցյանը. «Արմենը թողել է արժեքավոր գործեր, ինչը շատ կարեւոր հանգամանք է: Այն մեղմացնում է ոչ միայն իր ցավն ու տխրությունը, այլեւ մերը, բոլորինս: Նա հրաշալի թարգմանիչ է ու հրաշալի հրապարակախոս: Եթե ինձ հարցնենՙ որի՞ն եմ նախապատվություն տալիս, կդժվարանամ պատասխանել: Ինչո՞ւ: Որովհետեւ այսօրվա տաք հարցերը վաղն այլեւս հրատապ չեն լինի, կանցնեն կգնան ու դրանց մասին նյութերը կդառնան լրագրության էջեր: Իսկ ռուս գրողների լավագույն գործերը հրաշալի թարգմանելը նշանակում է դրանք դարձնել հայրենի գրականության փաստ»: Անվանի արձակագիրը ափսոսանք հայտնեց, որ 60-ականների իր հրաշալի սերունդը ծերանում է, իսկ հետո կատակեցՙ «Արմեն ջան, շատ ուրախ եմ, որ ինձանից 2 տարով մեծ ես, ապրես»:
Նայելով նրանց մտածում ես, որ այդ սերունդը չի ծերացել, դրա խոսուն ապացույցը նրանց փայլատակող աչքերն են, իմաստնություն ճառագող ճակատը, կենսախինդ լինելու կարողությունը:
«70 տարին թվում է, թե շատ է: Իմ կարծիքով, 70-ը իսկական հասունության տարիք է: Դրանից հետո Աստված մի քիչ էլ ժամանակ տաՙ ահագին բան կա անելու»:
Աստված տա:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ