Հետեղեռնյան 90 տարիների ընթացքին հայության ստեղծած եւ ամենայն ճիգերով օտարության մեջ փայփայած ազգապահպան կառույցները ներկա ժամանակներում թուլանում եւ անգամ խարխլվում են: Վերապրողների այսօրվա սերունդը ցավալիորեն տարրալուծվում, ուծանում եւ հեռանում է ազգային արմատներից: Թերեւս այս նոր նահանջը կանխելուն կարող է նպաստել նրանց ավելի սերտ կապը եւ համագործակցությունը Հայաստանի հետ: Հայտնի է, որ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված արարողություններ ամեն տարի կատարվում են հայ սփյուռքի բոլոր գաղթօջախներում: Աշխարհի որեւէ անկյունում, ուր հայեր են ապրում, Ապրիլի 24-ը ոգեկոչումի օր է. այս տարի այն առիթ է հանդիսացել ազգային նիրհած զգացումների արթնացմանը Վիեննայում, մասնավորապես դա արտահայտվել է հայ երիտասարդության շրջանում: Ավստրիահայ առաքելական եկեղեցու համայնքի սրահում ապրիլի 24-ին կատարվել է Հայոց մեծ եղեռնի զոհերին նվիրված հիշատակի արարողություն: Ելույթներ են ունեցել համայնքի հոգեւոր առաջնորդ Մեսրոպ արք. Գրիգորյանը եւ Ավստրիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Աշոտ Հովակիմյանը:
Դեսպանն իր խոսքում նկատել է, որ համայնքի հայկական կառույցները պետք է ավելի կազմակերպված եւ ակտիվ գործունեություն ծավալեն, անդրադարձել է ավստրիահայության նկատելի պասսիվ վերաբերմունքին համազգային կարեւորությամբ երեւույթների հանդեպ: Դեսպանի ելույթի հանդիմանական շեշտն ուղղված է եղել կազմակերպչական թույլ աշխատանքներին: Մասնավորապես ապրիլի 23-ին Ֆրանց Վերֆելի շիրիմին ծաղիկներ դնելու հիշատակի արարողության մասնակիցների սակավությունըՙ ընդամենը 20 մարդ եւ ավստրիացի պետական պաշտոնյաների ու լրագրողների բացակայությունն այդ անբավարար աշխատանքի արտահայտություններից է նկատվել: Նույն օրը, սակայն, շատ ավելի կազմակերպված է գործել «Նոր սերունդ» միությունը (http://www.norserunt.at), որի առաջին ձեռնարկը, հաջողությամբ է անցել: Վիեննայի Սբ. Հռիփսիմե հայկական եկեղեցու բակից շուրջ 400 հայեր քայլարշավով շարժվել են դեպի թուրքական դեսպանատուն, որտեղ տեղի է ունեցել բողոքի ցույց:
Երթը շարունակվել է մինչեւ Վիեննայի կենտրոն, որտեղ ցուցարարները Սբ. Ստեփանոս մայր տաճարի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ նահատակների հիշատակը եւ ավարտել աղոթքով:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ