«Frankfurter Allgemaine» գերմանական պարբերականին տված Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը երեկ խորհրդարանական քառօրյայում էլ որոշակի չափի ջուր քաշեցՙ ԱԺ նախագահի պարզաբանումը հասցնելով մինչեւ կոալիցիայից դուրս գալու պատրաստակամություն հայտնելուն. «Եթե ՕԵԿ-ի, կոալիցիան ներկայացնող մյուս ուժերի եւ ՀՀ նախագահի դիրքորոշումների մեջ լինեն արտաքին եւ ներքին քաղաքական հակադրություններ եւ լուրջ տարաձայնություններ, մեր գործընկերներին վատ վիճակի մեջ չենք դնի, դուրս կգանք կոալիցիայից ու կընթանանք մեր ճանապարհով»: Այս հայտարարությունն անելով հանդերձ Արթուր Բաղդասարյանն ընդգծեց, որ նման տարաձայնություններ ուղղակի չկան, իսկ գերմանական պարբերականին ներկայացրել է մի ապագա, որը ճիշտ է համարում մեր երկրի համար եւ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում չներառված ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը «հեռանկար է, որ ձգվում է ավելի երկար, քան այս կառավարության 12 կամ 20 ամիսները»:
Հայաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ունի անհատական գործընկերության գործողությունների ծրագիր: Դա, ըստ ԱԺ նախագահի, լուրջ փաստաթուղթ է ու ենթադրում է օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, եւ խորհրդարանը ձեռնամուխ կլինի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելուն ուղղված օրենքների ընդունմանը: «Ես կողմնակից չեմ, որ հակադրվեն Ռուսաստանը եւ արեւմտյան արժեքները: Եթե նույն Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման ճանապարհին է, ինչու չպետք է Հայաստանը գնա այդ ուղիով` ելնելով ազգային-պետական շահերից», հռետորական հարցի տեսքով համոզմունք հայտնեց Արթուր Բաղդասարյանը:
Տրված պարզաբանումներում հստակեցումների բացակայության մասին խոսեցին կոալիցիայի անդամ մյուս երկու կուսակցությունների ներկայացուցիչներըՙ Գալուստ Սահակյանը (ՀՀԿ) եւ Վահան Հովհաննիսյանը (ՀՅԴ), պատասխանելով լրագրողների հարցերին: Պարզաբանումն, ըստ Գալուստ Սահակյանի, «ոչինչ չասող խոսք էր, բայց շատ գրագետ էր ձեւակերպված, չնայած ճիշտ պահին եւ ճիշտ տեղում չտրվեց»: Ամեն դեպքում, ՀՀԿ խմբակցության ղեկավարը հարցը սրելու հարկ չի տեսնում եւ համոզված է, որ «եթե կան խնդիրներ, եթե դրանք կվնասեն ընդհանրապես մեր պետությանը, բնական է, ավելի լուրջ կարելի է արտահայտվել», այն էլ լուրջ քննարկումից հետո: Ընդգծելով, որ ՀՀԿ եւ իշխանության տեսակետներն համընկնում ենՙ դիվանագիտական աշխատանքի միջոցով ընդհանրապես ինտեգրվել Եվրոպային, Սահակյանը շեշտեց. «Չի կարելի մի քայլ առաջ ընկնել օգտագործելով կոալիցիոն ամբիոնը մասնավոր կուսակցական հայտարարությունների համար»: Իսկ կոալիցիայից դուրս գալ-չգալը, ՀՀԿ ղեկավարի կարծիքով, 2-3 ավել-պակաս պատգամավոր ունենալու հարց չի լինի: Սահակյանի համոզմամբ ԱԺ նախագահի վարվելակերպը «նախադեպ է, որի դեմը պիտի առնենք, որպեսզի չկրկնվի»:
«Քանի դեռ Ազգային անվտանգության խորհուրդը որպես ինստիտուտ չկա, մենք միշտ էլ տարբեր քաղաքական գործիչներից կարող ենք սպասել իրարամերժ տեսակետներ», Վահան Հովհաննիսյանի այս հայտարարությունը թերեւս կարելի է համարել «նախադեպի դեմն առնելու» միջոց: Գերմանական եւ պետերբուրգյան մամուլին ՀՀ ԱԺ նախագահի տրամադրած տեղեկությունը, որ Բաղդասարյանի անհատական մոտեցումն է, ընդհանուր մեկ հունի մեջ լինելով, Վահան Հովհաննիսյանի կարծիքով, ունի նրբերանգային տարբերություններ, որոնք լուրջ հակադրություն դիտարկելու հարցը լրատվամիջոցների գործն է: Վստահեցնելով, որ բոլոր քաղաքական ուժերը համակարծիք են Լեռնային Ղարաբաղի, ՀՀ եւ ողջ հայության անվտանգության հարցերումՙ Հովհաննիսյանն ընդգծեց. «Մենք տարակարծիք ենք եւ ԵԽ անդամ լինելով` մեր երկիրը ստանձնել է պարտավորություններ, որոնք քայլեր են եվրոինտեգրման ուղղությամբ: Բայց այդ եվրոինտեգրման ավարտը որպես ՆԱՏՕ-ին անդամակցում դիտարկելու մասին խոսելը քաղաքական օրակարգից դուրս է: Կարծում եմ, այդ վերջնական նպատակը դեռ վերջնական մշակված չէ»:
Կոալիցիան ջանում է հնարավորինս մեղմ ցուցաբերել դիրքորոշումների տարբերությունն ու տարաձայնությունները:
Ն. Պ.