«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2006-04-29 | #79, 2006-05-02 | #80, 2006-05-03


ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

«Զինապարտության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները խորհրդարանում երեկ ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են նաեւ ԱԺ պատգամավորներ, մշակում է ազգային անվտանգության ռազմավարության մշակման փաստաթուղթը: Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում խորհրդատվական, մասնագիտական օժանդակություն է ստանում: Փաստաթուղթը 2006-ի վերջին ներկայացվելու է ԱԺ, այնուհետեւ ՀՀ նախագահի հաստատմանը: 2007-ին ստեղծվելիք միջգերատեսչական հանձնաժողովն էլ, փոխնախարարի հավաստմամբ, պաշտպանական համալիրի ընդհանուր կառուցման նոր մոտեցումներ ներառող դոկտրինա է մշակելու: Զուգահեռաբար սկսված է քաղաքացիական տարրի ներդրումը զինուժում: ՊՆ-ում հստակեցվում են այն պաշտոնները, որոնք կարող են փոխարինվել քաղաքացիական ծառայողներով, մշակվում է պաշտպանության բնագավառում քաղաքացիական ծառայության օրենքը, որը ԱԺ կներկայացվի 2006-ի աշնանը: Զինծառայության օրենքն արդեն իսկ հնարավորություն է տալիս, որ ՊՆ-ն աստիճանաբար անցում կատարի ժամկետային, պայմանագրային զինծառայության, ինչը պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու միջոց է: Արթուր Աղաբեկյանի հավաստմամբ ՀՀ բանակում արդեն իսկ կան պայմանագրային ծառայություններով համալրվող ստորաբաժանումներ: Այդպիսին է խաղաղարարների գումարտակը: Պայմանագրային ծառայության ժամկետը 3-5 տարի է, իսկ պարտադիր զինծառայության ժամկետների կրճատման հարցը առաջիկա տարիներին էլ քննարկման առարկա չի լինի եւ սահմանված է 2 տարի:

Իսկ պարտադիր զինծառայությունը բնակության վայրին մոտ գտնվող զորամասում անցնելու արտոնություններից օգտվում է անաշխատունակ հոր կամ մոր միակ զավակը, տարկետում է տրվում անաշխատունակ հայր կամ մայր կամ միայնակ եւ տարիքային կենսաթոշակի անցած կամ 3րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցողներին: Առաջարկվում է պարտադիր զինծառայություն անցնելու բնակության վայրից զորամասի պարտադիր հեռավորությունը սահմանել 100 կմ: Չնայած զորակոչային հանձնաժողովն իրավունք ունի որոշելու յուրաքանչյուր զինվորի ծառայության անցնելու վայրը: ՊՆ փոխնախարարի տեղեկացմամբՙ բարձրագույն ուսումնական հաստատությունների զորակոչիկներն ավելի շատ են, քան նարնց առաջարկվելիք պաշտոնները: Դրանք թերեւս սահմանամերձ գոտիներում են հավասարազոր:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4