«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2006-05-02 | #80, 2006-05-03 | #81, 2006-05-04


ՄԻ՞ՇՏ Է ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՈՒՍՈՒՑԻՉԸ ԼԻՆԵԼՈՒ

Երեկ առավոտյան ժամերից ողջ երկիրը տագնապալի անձկության մեջ էր: Սոչիում պատահած ողբերգության լուրը տարածվել էր արդեն, երբ հանկարծ, առավոտյան ժամը 10-ից հետո, տեղական բոլոր հեռուստաընկերությունները կարծես միեւնույն գրասենյակից ստացված հրամանով սկսեցին մանրամասնություններ հաղորդել պատահածի շուրջ:

Իսկ պատահածը ահավոր էր եւ գրեթե նույնությամբ համապատասխանում էր այն հաճախանքին, որն անցնող 15 տարիներին զգացել ենք յուրաքանչյուրս մեր ավիացիայի վիճակի մասին խոսելիս կամ գրելիս: Ճիշտ է, հիմա արդեն ունենք նաեւ եվրոպական կատարելագործված օդանավեր, մեր օդանավակայանում ավելի արդիական են անվտանգության սարքավորումներն ու ծառայությունները: Սակայն հայկական նկարագրի գիծ դարձած փնթիությունը, որ բոլորովին անհամատեղելի է ոչ միայն օդանավորդության հետ, ինչպես նաեւ կարգուկանոնը չսիրելու առանձնահատկությունը, այդ ոլորտով հետաքրքրվող մարդկանց պատճառում էր լուրջ մտավախություն, որի դիմաց ոլորտի պատասխանատուները պատրաստի միեւնույն պատասխանն ունեին` բան չի պատահի, մեր օդաչուների վարպետությունը այնքան բարձր է, որ ...

Անշուշտ, վթարներ պատահում են նաեւ միջազգային լավագույն ավիաընկերությունների պարագայում. օդերեւութաբանական պայմաններ, դիսպետչերական) կարգավորող մարմինների սխալ աշխատանք կամ անփութություն, օդանավի անսարքություն կամ դեֆեկտ, օդաչուական անձնակազմի սխալ, այլ խոսքով` մարդկային գործոն եւ, վերջապես, ահաբեկչություն: Ոչ ոք, ոչ մի ավիաընկերություն ապահովագրված չէ սրանց դեմ: «Արմավիան»` նույնպես: Եվ դեռ ժամանակ է պետք իմանալու, որ վերոնշյալներից ո՞րն է եղել պատճառը Երեւան-Սոչի վթարի:

Սակայն օդանավորդությունը մի ասպարեզ է, որտեղ բացառված պիտի լինեն բոլոր կարգի թերությունները, ամենադույզն բացթողումը: Այլապես կունենանք նման ողբերգություններ:

Մեր նկարագրի մեկ այլ հոռի գիծ` ուրիշների ապրումների նկատմամբ անփույթ վերաբերմունքը երեկ երեւան եկավ, եւս մեկ անգամ, երբ կեսօրվանից սկսյալ մեր հեռուստաընկերությունները սկսեցին հաղորդել զոհվածների ցուցակները անուն առ անուն: Ցուցակները կախվեցին նաեւ օդանավակայանում: Իրեն հարգող որեւէ ավիաընկերություն նման բան չէր կարող անել եւ չի անի: Այն էլ` առանց հայրանունների եւ այլ մանրամասների նշման: Ոչ ոք չի կարող երաշխավորել, բարեբախտաբար, որ զոհվել են բոլոր ուղեւորները եւ վերապրողներ չկան: Ոչ ոք չէր կարող 100 տոկոս վստահ լինել «Արմավիայի» ցուցակների ճշտությանը: Իսկ ով կարող է չափել այն անձկությունը, տագնապը, որ ապրեցին բազմաթիվ քաղաքացիներ ծանոթանալով այդ ցուցակին, այնտեղ հանդիպելով իրենց բարեկամի, ընկերոջ կամ պարզապես ծանոթի անվան: Իսկ նույնական որքա՜ն անուն-ազգանուններ կան: Իսկ ինչ ապրումներ ու տրավմաներ ստացան հարազատները, որոնք առաջինը հեռուստատեսությունից իմացան իրենց սիրելիների վթարվելու մասին:

Մեկ անգամ եւս, այսպես, ստիպված ենք սովորել մեր դժբախտություններից:

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4