«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2006-05-02 | #80, 2006-05-03 | #81, 2006-05-04


ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՆՈՐ ՄՐՑԱՆԱԿՙ «ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ»

Մամուլի ազատության միջազգային օրվան նվիրված Երեւանի մամուլի ակումբի, Հայաստանի ժուռնալիստների միության, «Ինտերնյուսի» եւ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» երեկվա ասուլիսը սկսվեց Երեւան-Սոչի Ա-320 ինքնաթիռի վթարից զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Սոսկալի դեպքը խորապես հուզել էր բոլորին ու շրջել նախօրոք ոգեւորությամբ ծրագրված միջոցառման տրամադրությունըՙ մի կողմ թողնելով լրատվամիջոցների ներկայիս ցավոտ խնդիրների մասին խոսելը:

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը նշեց, որ այս տարի առաջին անգամ նախատեսվել էր «հիմք դնել մի գեղեցիկ ավանդույթիՙ մամուլի ազատության օրն ամրապնդելով նոր մրցանակով»: Լրագրողական մյուս մրցանակներից նորը տարբերվում է այն բանով, որ տրվում է հիշյալ 4 լրագրողական կազմակերպությունների կողմից: Նրանց համատեղ որոշմամբ, «Մամուլի ազատության ժամանակը» նոր մրցանակը առաջինը տրվեց «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանինՙ «Հայաստան-2020» հոդվածաշարի համար, որը Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի բնութագրմամբ, լրագրողի եւ քաղաքացու համարձակության, ազատ խոսելու արտահայտություն է:

Արամ Աբրահամյանին հանձնվեցին դիպլոմն ու մրցանակըՙ ժամանակի խորհրդանիշ ժամացույցը, որն, ի դեպ, տեղական արտադրության էր: «Անկախ այն բանից, թե ինչ քննադատություն է հնչում լրագրողներիս հասցեին, ես պիտի ասեմ, որ լրագրողի աշխատանքը հոգեմաշ է, այնքան հեշտ ու հաճելի չէ, ինչպես թվում է դրսից: Հենց այսօրվա վթարի հետ կապված ասեմ, հնարավոր չէ, որ լրագրողն ու քաղաքացին իր հոգու, սրտի միջով չանցկացնի տեղի ունեցող ողբերգությունները, որոնք ինքը պետք է լուսաբանի:

Բոլոր դեպքերում, ես բարձր եմ գնահատում մեր լրագրողներին, որոնք ոչ հեշտ պայմաններում կատարում են իրենց աշխատանքը», ասաց մրցանակակիրը:

Լրագրողի աշխատանքի պատասխանատվության, քաղաքացիական դիրքորոշման, ճշմարիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին խոսելիս Ավետ Դեմուրյանը բերեց օդանավակայանում երեկ աշխատող լրագրողների օրինակը: «Պաշտոնատար անձանցից մեկը փորձում էր խուսափել լրագրողին տեղեկություններ տալուց, սակայն վերջինս նրան պատին դեմ տալով պահանջում էր իրեն անհրաժեշտ տեղեկությունը, պնդելով, որ պաշտոնյան իրավունք չունի իրեն մերժելու: Սա ապացուցում է, որ խոսքի ազատությունը, թեկուզ դանդաղ, ներխուժում է մեր իրականություն: Նկատելի էր, որ «Արմավիայի» պաշտոնյաները բավականին բաց էին աշխատում լրագրողների հետ»:

Բորիս Նավասարդյանը հակիրճ խոսեց լրագրողական հիշյալ 4 կազմակերպությունների պատրաստած հայտարարության մասին, որում նշվում են զանգվածային լրատվամիջոցների գործունեության առաջնահերթությունները, ամենից առաջՙ հեռուստատեսության ու ռադիոյի օրենսդրության բարեփոխումը, կոռուպցիայի, քաղաքացիների իրավունքների խախտումների դեմ պայքարում լրագրողների իրավական պաշտպանվածության ուժեղացում, պաշտոնական տեղեկություններին առանց խոչընդոտի հասու լինելու ապահովում, վիրավորանքի ու զրպարտության համար ազատազրկման հնարավորության բացառում, լրագրողների մասնագիտական պարտականությունները կատարելուն խոչընդոտելու համար իշխանության մարմինների պատասխանատվության մեծացում: «Հաշվի առնելով քաղաքական գործընթացների վրա հեռուստաեթերի բացառիկ ազդեցությունը, ինչպես նաեւ Հայաստանի հանրային հեռուստատեսության հատուկ առաքելությունը, անհրաժեշտ է 2007-2008 թթ. խուսափել ընտրարշավները կողմնակալ լուսաբանելու հեռուստաալիքների մեծամասնության, այդ թվում Հ1-ի պրակտիկայից: Մեր կազմակերպությունները համակողմանիորեն կօժանդակեն հեռուստաեթերում եւ ամենից առաջ Հանրային հեռուստատեսությունում այնպիսի հաղորդումների երեւան գալուն, որոնք քաղաքացիներին կօգնեն կատարելու ազատ եւ գիտակցված ընտրություն», ասված է հայտարարության մեջ:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4