ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի աշխատողների ապրիլի 29-30-ը տեղի ունեցած համագումարն աննախադեպ էր ոչ միայն այն բանով, որ առաջին անգամ էր նման բան կազմակերպվում, այլ որ քննարկման էր դրվել հանրապետության կրթամշակութային համակարգի զարգացմանՙ առաջիկա 25 տարիներն ընդգրկող դոկտրինան: Համագումարը քննարկեց նաեւ սովորողների դաստիարակության հայեցակարգի եւ մանկապատանեկան դպրոցական կազմակերպության կանոնադրության նախագծերըՙ դրանց նույնպես հավանություն տալով: Համագումարի հագեցած մթնոլորտը փաստեց, որ իրոք լուրջ աշխատանք է կատարվել դրա նախապատրաստման ընթացքում, իսկ որ համակարգի ապագայի նկատմամբ ակնկալումներ ունեն նաեւ հանրապետության իշխանությունները, վկայում էր ամենաբարձր մակարդակով պաշտոնյաների մասնակցությունըՙ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ: Հրավիրվել էին նաեւ ՀՀ մշակույթի ու երիտասարդության հարցերով նախարար Գեւորգ Գեւորգյանը, ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Նորիկ Ղուկասյանը, մշակույթի եւ սպորտի հանրաճանաչ գործիչներ:
ԼՂՀ նախագահը համագումարի պատվիրակների առաջ հանդես եկավ ընդարձակ ուղերձովՙ պատրաստակամություն հայտնելով ըստամենայնի նպաստել այն խնդիրների լուծմանը, որոնք բովանդակում են համակարգի առաջնահերթությունները:
ԼՂՀ ԿՄՍ նախարար Կամո Աթայանի զեկուցումը ծավալուն անդրադարձ էր Արցախի կրթամշակութային ու մարզական ոլորտների երեկվան, այսօրվան ու վաղվա հեռանկարներին:
Ըստ զեկուցմանՙ 1989-1990 ուստարում Լեռնային Ղարաբաղի տարածքում գործում էին 166 հայկական դպրոցներՙ 26574 սովորողների ընդգրկմամբ:
Զգալիորեն ընդլայնվել էր նաեւ նախադպրոցական հիմնարկների ցանցը, գործում էին 99 պետական եւ գերատեսչական մանկապարտեզներՙ 8200 երեխաների ընդգրկմամբ:
Ղարաբաղյան պատերազմի ընթացքում կրթական համակարգը մեծ ավերումների ենթարկվեց: Այսպես, լրիվությամբ այրվել կամ ավերվել են 49 հանրակրթական դպրոցներ, 29 նախադպրոցական հիմնարկներ, 63 մշակույթի տներ ու ակումբներ, մասնակիորեն տուժել է կրթօջախների եւ մշակութային հիմնարկների մեծամասնությունը: Վերոհիշյալի հետ միաժամանակ շարքից դուրս էր եկել նաեւ ողջ նյութատեխնիկական ունեցվածքը, այդ թվումՙ դպրոցական գույքն ու սարքավորումները, գրադարանային ֆոնդերն ու արխիվային եւ թանգարանային նյութերը:
Զինադադարի հաստատումից հետո ԼՂՀ ղեկավարության առաջնահերթ խնդիրը դարձավ կրթական համակարգի բնականոն գործունեության ապահովումը, որը պայմանավորված էր ինչպես տուժած դպրոցական շենքերի վերակառուցման, նոր շենքերի կառուցման, գույքով ապահովման, մանկավարժական մասնագետներով համալրման աշխատանքներով, այնպես էլ համապատասխանաբար ներգրավելով պետական բյուջեի եւ մարդասիրական օգնությունների գծով ստացվող միջոցները:
Մասնավորապես հիշյալ խողովակներով ստացված միջոցներով վերականգնվել կամ կառուցվել են 150-ից ավելի դպրոցական շենքեր:
ԼՂՀ կրթական համակարգը այսօր ունի հետեւյալ պատկերը: Հանրապետությունում գործում են 236 հանրակրթական դպրոցներ, որտեղ սովորում են 21393 աշակերտներ: Նրանց կրթության եւ դաստիարակության գործով զբաղված են ավելի քան 4242 ուսուցիչներ: Կա պետական մեկ բուհՙ Արցախի պետական համալսարանը, որտեղ սովորում են մոտ 5000 ուսանողներ: Հանրապետության տարածքում գործող 7 ոչ պետական բուհերում եւ նմանատիպ բուհերի մասնաճյուղերում սովորում են 1700 ուսանողներ:
Ներկայումս գործում են 21 մանկապարտեզներ, իսկ 39 դպրոցներում գործում են նախադպրոցական խմբեր:
Ներկայացնելով պատկերը մշակույթի ոլորտում, Կ. Աթայանը նշեց, որ ոչ հեռու անցյալում Լեռնային Ղարաբաղում մշակութային եռուզեռ որոշ առումով գոյություն ուներ: Ամենուր գործում էին մշակույթի տներ, որտեղ առկա էր բովանդակային առումով տանելի մթնոլորտ: Խորհրդային տարիներին Ղարաբաղի հայության նկատմամբ Ադրբեջանի կողմից տարվող հալածողական քաղաքականության պայմաններում, դարձյալ, մշակույթի գործիչների ու մտավորականների անսահման նվիրվածության շնորհիվ ամենուր իշխողը հայ մշակույթն էր, հայոց լեզուն եւ հայերեն մեղեդին: Նման գործելակերպը ունեցավ հայապահպան ընդգծված նշանակություն, որի շնորհիվ երկրամասը չհայաթափվեց:
Այսօր ԼՂՀ-ում գործում են 5 թատրոններ, կամերային 1 նվագախումբ, 3 երգչախումբ, 10 համույթ եւ նույնքան գրադարաններ, 7 թանգարաններ, 6 մշակույթի տուն, 125 գործող ակումբ, 2 պատկերասրահ:
Լուրջ աշխատանք է տարվում Արցախի տարածքում տեղակայված պատմական հուշարձանների պահպանության, վերականգնման եւ հետագա ուսումնասիրման ուղղությամբ:
Անդրադառնալով մարզական ոլորտին, Կ. Աթայանը մասնավորապես նշեց, որ այսօր հանրապետության 184 դպրոցներ չունեն մարզադահլիճներ, իսկ եղած մարզադահլիճների զգալի մասը ենթակա է վերանորոգման: Առկա պայմաններում, սակայն, ամեն տարի տարբեր մարզաձեւերից անց են կացվում առաջնություններ, միջազգային մրցումներ, ավանդական հուշամրցաշարեր եւ այլն:
Համագումարում բարձրացված հարցերի շուրջը իրենց տեսակետներն արտահայտեցին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարն ու կրթության եւ գիտության փոխնախարարը:
Վերջում ընդունվեց կոչ, որով համոզմունք տածելով, որ միջազգային կրթամշակութային կառույցների հետ համագործակցությունը լավագույնս կարող է բացահայտել ԼՂՀ ժողովրդի հոգեւոր ներուժըՙ հորդորվում է միջազգային կրթամշակութային հանրությանըՙ արտաքին քաղաքական որդեգրումներում ըմբռնողական լինել չճանաչված երկրների մշակույթների հանդեպ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ