«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2006-05-02 | #80, 2006-05-03 | #81, 2006-05-04


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԵՌՅԱԿՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԷՐ

Հայ շախմատիստները Դուբայի գավաթի խաղարկության մշտական մասնակիցներից են: Այս անգամ մրցաշարում հանդես եկան Հայաստանի երեք ներկայացուցիչներ` գրոսմայստերներ Աշոտ Անաստասյանը, Տիգրան Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը:

Մրցաշարում խաղացվեց 9 տուր: Հայ շախմատիստների եռյակից հատկապես հիանալի մեկնարկեց Գաբրիել Սարգսյանը, որը հաջորդաբար հաղթելով իրանցի Շադի Պարիդարին, Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչ Մուսա Օթմանին եւ թուրքմենստանցի շախմատիստ Հանդզար Օդեեւին, արդեն մեկնարկից աղյուսակը գլխավորողների թվում էր: Վատ չմեկնարկեցին նաեւ Տիգրան Պետրոսյանն ու Աշոտ Անաստասյանը` 3 հնարավորից վաստակելով 2,5 միավոր: Հետագա տուրերում էլ մեր շախմատիստները զարգացրին հաջողությունը:

7-րդ տուրից հետո մրցաշարում եռիշխանություն էր: 6-ական միավորով աղյուսակը գլխավորում էին Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանն ու ուկրաինացի Սերգեյ Ֆեդորչուկը: 8-րդ տուրում Պետրոսյանը սեւերով մրցեց Ֆեդորչուկի հետ: Հանդիպման ելքը կարեւոր նշանակություն ուներ մրցանակային տեղերի բաշխման հարցում: Մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին` վաստակելով 6,5 միավոր: Նրանց կարող էր շրջանցել Գաբրիել Սարգսյանը, սակայն նա էլ սեւերով ոչ-ոքի խաղաց վրաց շախմատիստ Զվիադ Իզորիայի հետ: Հաղթողին պետք է որոշեր ավարտական տուրը: Վիճակահանության քմահաճույքով վերջին տուրում Գաբրիելն ու Տիգրանը հանդիպեցին միմյանց հետ եւ խաղաղ դաշն կնքեցին: Ֆեդորչուկն էլ ղազախստանցի Դարմեն Սադվակասովի հետ պարտիան ավարտեց ոչ-ոքի: Այսպիսով, Սարգսյանը, Պետրոսյանը եւ Ֆեդորչուկը վաստակեցին 7-ական միավոր ու բաժանեցին 1-3-րդ տեղերը: Աշոտ Անաստասյանը 6,5 միավորով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը: Նշենք, որ մեր երեք գրոսմայստերներն էլ անպարտելի էին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4