Վրացիները առաջ են քաշում նոր վարկած
Չնայած Ռուսաստանի դատախազությունը պաշտոնապես հերքեց Ա 320 ինքնաթիռի կործանման ահաբեկչության վարկածը, սակայն ռուսական լրատվամիջոցները երեկ շոշափեցին այդ վարկածը, մասնավորաբար հիմնվելով այն փաստի վրա, որ ինքնաթիռում եղել են հայտնի դեմքերՙ «Արմավիա» ընկերության նախկին տնօրեն Վյաչեսլավ Յարալովը, պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ Հուսիկ Հարությունյանը, որը վերջին տարիներին գլխավորում էր ռուսական «Զակնեֆտեգազստրոյ -Պրոմեթեյ» ընկերության հայկական բաժանմունքը եւ ռուսական «Տրանսնեֆտի» ղեկավարի խորհրդական Արամ Պետրոսյանըՙ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանի որդին: Վկայակոչելով անանուն աղբյուրները, ռուսական «Կոմերսանտ» թերթը նշել է, որ օդաչուն Սոչի մեկնելու որոշում է կայացրել հիշյալ անձանցից որեւէ մեկի պահանջով:
Ավելի քան ակնհայտ է, որ ռուսական կողմը առավելապես հակված է վթարի պատճառները փնտրեու ինքնաթիռի անձնակազմի գործունեության մեջ: «Հետաքննությունը ամբողջապես բացառել է ահաբեկչության վարկածը: Ողբերգության հիմնական վարկածները օդաչուի կամ դիսպետչերական ծառայության սխալներն են կամ վատ եղանակը», գրել է «Նովիե իզվեստիա» թերթը:
Ինքաթիռի անձնակազմի ու վրացի դիսպետչերների միջեւ խոսակցության ձայնագրությունը երեկ վրացական կողմը հանձնեց Հայաստանի դատախազության Թբիլիսի մեկնած ներկայացուցիչներին:
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «Վրացաերոնավիգացիա» ընկերության ղեկավար Գեորգի Կարբելաշվիլին ասել է. «Մենք չենք ասումՙ ո՞վ է մեղավոր: Դա մեր գործը չէ: Մենք միայն ասում ենք, որ ունենք կարեւոր ինֆորմացիա. թռիչքի 90 տոկոսի ձայնագրությունը, որը կարող է օգտակար լինել վթարի պատճառները պարզելու համար: Եթե լսեք ձայնագրությունը, այնտեղ Ռոստովի դիսպետչերները շատ տհաճ արտահայտություններ են անում, սակայն ես չեմ ուզում այժմ այդ մասին խոսել, թող ձեր դեսպանը որոշիՙ արժե՞ դրանք հրապարակել»: Նրան զարմացրել է այն փաստը, որ Ռուսաստանը հետաքննող խումբ է ստեղծելՙ առանց վրացական կողմից անհրաժեշտ տեղեկություններ ստանալու փորձի:
Մինչդեռ վրացի դիսպետչերներն ունեն ինքնաթիռի ողջ չվերթի ձայնագրությունըՙ բացառությամբ վերջին 5-10 րոպեների, երբ ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից:
Ինչ վերաբերում է եղանակային պայմաններին, օդագնացության վրացական ընկերությունը հայտնել է, որ վրացական ու ռուսաստանյան աղբյուրներից հայկական ինքնաթիռի անձնակազմին տարբեր տեղեկություններ են հաղորդվել եղանակային պայմանների վերաբերյալ:
«Օդանավը մոտ 1 ժամ 20 րոպե գտնվում էր Վրաստանի օդային տարածքում: Մենք անձնակազմին հաղորդեցինք, որ Սոչիում եղանակն անբարենպաստ է, անձնակազմը որոշեց վերադառնալ: Սակայն մոտ 20 րոպե անց, երբ ինքնաթիռն արդեն հասել էր Քութաիս, անձնակազմը մեզ ասաց. «Մեկ րոպե, մեզ Ռոստովից այլ տեղեկություն են հաղորդում»: Թերեւս Ռոստովից ասել էին, թե եղանակը վայրէջքի համար բարենպաստ է», ասել է «Վրացաերոնավիգացիա» ընկերության մամուլի խոսնակ Թեա Գադաբաձեն, ավելացնելով, որ ինքնաթիռի անձնակազմը ծրագրել էր անմիջապես վերադառնալ Երեւան: Իրենք ինքնաթիռը փոխանցել են Ռոստովի ավիադիսպետչերներին: Դրանից 15 րոպե անց ինքնաթիռն անհետացել է:
«Մեր առաջին պահանջն է, որ միջադեպը հետազոտող ռուսական հանձնաժողովի աշխատանքում ներգրավվի նաեւ վրացական կողմը: Դա իմ կտրուկ պահանջն է: Հայաստանի կառավարությունը մեզ աջակցում է, եւ դա շատ կարեւոր է մեր երկրի համար», ասել է «Վրացաերոնավիգացիա» ընկերության ղեկավար Գեորգի Կարբելաշվիլին, Թբիլիսիում Հայաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչների եւ Վրաստանում Հայաստանի դեսպանի հետ հանդիպումից հետո:
Քննարկվող վարկածների վրա լույս կսփռեն «սեւ արկղերը», սակայն ինքնաթիռի բեկորները գտնվում են 680 մ խորության վրա, իսկ Ռուսաստանը չունի այդ խորությունից դրանք բարձրացնող տեխնիկա: Տրանսպորտի նախարար, որոնողական աշխատանքների օպերատիվ շտաբի պետ Իգոր Լեւիտինը երեկ հայտնել է, որ բեկորները հանելու համար Ռուսաստանը դիմել է այլ երկրների օգնության: Արձագանքները դրական են: Աղետի վայրում աշխատող ֆրանսիացի մասնագետները երեկ արձանագրել են ծովից եկող ազդանշաններ, սակայն դրանք թույլ են եղել: «Ազդանշանը գալիս է այն հաճախականությամբ, ինչ լուսարձակում է «սեւ արկղի» ռադիոփարոսը: Սակայն խորությունը մեծ է եւ դեռեւս ոչինչ հնարավոր չէ ասել», ասել է Լեւիտինը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ