Ա 320 ինքնաթիռի ուղեւորների ապահովագրության վերաբերյալ «Գրանդ» ապահովագրական ընկերությունը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ անձնակազմը եւ ուղեւորները Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրված են եւ ստանձնած ռիսկերը ընկերությունը վերաապահովագրության է փոխանցել լոնդոնյան ապահովագրական շուկայում գործող 14 խոշոր վերաապահովագրող ընկերությունների: Վթարի վնասի չափը սահմանելու համար արդեն իսկ փորձագետներ են նշանակել միջազգային համբավ ունեցող Airclaims փորձագիտական եւ Beaumont&Son իրավաբանական-փորձագիտական կազմակերպությունները, որոնց պաշտոնական եզրակացության հիման վրա էլ որոշվելու է վթարի ենթարկված ուղեւորների հարազատներին տրվելիք փոխհատուցման չափը:
«Միկա» ընկերության նախագահ եւ «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը երեկ հաստատել է, որ զոհվածների ընտանիքներին ապահովագրական գումար է վճարվելու: «Ավիաընկերությունն ամեն տարի մի քանի միլիոն դոլար ապահովագրություն է վճարում, եւ այժմ ապահովագրական ընկերությունը ավիավթարից զոհվածների ընտանիքներին մոտ 20 հազար դոլար է վճարելու», ասել է նա:
Ռ. Պ.