«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2006-05-04 | #82, 2006-05-05 | #83, 2006-05-06


ՍԵՎ ԱՐԿՂԵՐԸ ԿՏԱՆ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ, ԵԹԵ ՀԱՆՎԵՆ...

Սոչի-Երեւան ուղեւորությունից հետո

Նույնիսկ մարդկային այնպիսի ողբերգություններն, ինչպիսին Ա-320-ի վթարն է, պետությունների շահերի տեսանկյունից կարող են դիտվել. սա հասկանում են բոլորը: Ուզած ավիավթար կարող է լրջորեն սասանել տվյալ ավիաընկերության վարկն ու ֆինանսները եւ աղետի վայր երկրի համապատասխան ծառայությունների մասնագիտական մակարդակի մասին բացասաբար վկայել: Այս իմաստով Ա-320-ի վթարի պատճառների հայտնաբերումը եւ զուգահեռ անկախ քննությունը բխում են հենց Հայաստանի ավիացիայի եւ մեր երկրի հեղինակության շահերից: Եվ մենք ճիշտ ուղու վրա ենք (թեեւ մի փոքր ուշացումով), եթե վրացիների ունեցած ռադիոձայնագրությունները օր առաջ վերծանենք եւ համադրենք Սոչիի դիսպետչերական ծառայության ու օդանավի միջեւ ռադիոխոսակցությունների եւ ռադարի վրա ինքնաթիռի վայրէջքի տեսագրված տեղեկությունների հետՙ փորձելով նաեւ ինքնուրույն վերլուծել կատարվածը, անկախ սեւ արկղերիՙ ծովի հատակից դուրսբերումից: Վերլուծելով առաջին իսկ պահից ռուսական լրատվամիջոցների տեղեկությունները, համադրելով մեր ունեցած պաշտոնական ու մասնավոր տեղեկությունները, տեսնում ենք, որ, այնուամենայնիվ, հակասություններն ակնհայտ են: Ի վերջո, որքան էլ կողմերը, հատկապես «Էրբասի» ֆրանսիացի ներկայացուցիչները, իրենց ֆիրմայի հեղինակության մասին մտածելով, շահագրգռված լինեն վերծանելու սեւ արկղի տեղեկությունները, տեսականորեն ռուսական կողմն անսպառ հնարավորություն ունի ձգձգելու դրանց վերհանումը (եթե դրա համար իսկապես լուրջ պատճառ ունենա):

Հենց սկզբից հերքված ահաբեկչության վարկածը (ինչ նպատակով այդ դեպքում պետության կողմից բավական վերահսկելի ռուսական հեռուստաալիքներով այդ մասին տեղեկություն տրվեց սկզբում), հայկական կողմից հերքվող ինքնաթիռի տեխնիկական անսարքության վարկածը, ռուսների կողմից մատնացույց արվող մարդկային գործոնըՙ դիսպետչեր-օդաչու կապի անհարթության վերաբերյալՙ համադրված վատ եղանակի գործոնի հետ, ցույց են տալիս, որ սեւ արկղերի վեր չհանվելու դեպքում կողմերը շարունակելու են շրջանառել իրենց հարկավոր վարկածները, որոնք այդպես էլ շատ երկար կարող են հաստատում չստանալ:

«Կոմսոմոլսկայա պրավդայի» տեղեկությունն էլ յուղ է լցնում կրակի վրա, ըստ որի հայտնաբերված դիակները եղել են մերկ, թեեւ, ըստ մասնագետների, դա ունի բացատրություն եւ 2000-3000 հազար մետրից անկման հետեւանքով կարող է այդպիսի բան լինել, մինչդեռ ըստ տեղեկությունների, ինքնաթիռը վայր է ընկել 600 մետր բարձրությունից: Անհասկանալի է մնում այն պատճառը, որ ինքնաթիռի շարժիչը չի գործել վերջին պահին, եւ 60 աստիճան անկյան տակ ընկել է ծովը:

Վթարի պատճառն ուսումնասիրող միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը հենց սկզբից է մերժել ինքնաթիռի անսարքության վարկածըՙ ասելով, որ ինքնաթիռը տեխնիկապես սարքին է թռել Երեւանից, իսկ վայրէջքի պահինՙ եղանակային առումով վիճակը բավականին բարդ է եղել: Կտրականապես հերքվում է վառելիքը չբավարարելու վարկածը: Ըստ Սերժ Սարգսյանի, եղել է այնքան վառելիք, որ կհերիքեր 4 նման թռիչքի, ըստ Միխայիլ Բաղդասարովիՙ 10 տոննա վառելիք է ունեցել ինքնաթիռը, մինչդեռ 3 տոննան էլ բավարար է, որ ինքնաթիռը վերադառնար Երեւան: Ռուսներն էլ երեկ հենց խոսում էին կերոսինի հոտով ինքնաթիռի բեկորները հայտնաբերելու մասին, իսկ մեծ յուղաբծի առկայությունը, որով կողմնորոշվել են առաջին որոնումները, հայտնի է:

Սակայն ոչ պաշտոնական այդ վարկածը շրջանառողներ, այնուամենայնիվ, կան, եւ որքան էլ անտրամաբանական է թվում դա, մենք չենք գտնում, որ այդ մասին հայտնի դարձնելը սխալ էՙ թող որոշեն դրանցով զբաղվող պատասխանատուները, անգամ եթե այդ վարկածի հավանականությունը նվազագույն է: Օրինակ, Սոչի քաղաքի հայկական համայնքի ղեկավարի տեղակալ Հրաչիկ Մակեյանը մեր ձայնագրիչի վրա ասել է, որ այդ ինքնաթիռով ժամանելու էին իր երեք հարեւանները, դրանցից երկուսըՙ մայր ու աղջիկ թաղումից էին վերադառնում: Այդ պատճառով իրենք կապի մեջ են եղել Սոչիի ծանոթ դիսպետչերի հետ (մյուս հարեւանի միջոցով, որը նախկինում աշխատել է «Չեռնոմորավիայում») եւ վերջին պահերին, երբ տեղեկություն են հարցրել ինքնաթիռի մասին, դիսպետչերն ասել է, որ «կերոսինը պրծնում է, գնացել են պասադկի, նադո մալիտցա»: Մակեյանն այս բոլորն ասում էր մի փոքր էմոցիոնալ շեշտով, իր կողմից ավելացնելով, թե ինքնաթիռը թող «զապաս» վերցներ, քանի որ գիտեինՙ վատ եղանակ է:

Ա-320-ը 11 տարվա ինքնաթիռ էր, այդ ինքնաթիռները 30-40 տարվա պիտանելիության ժամկետ ունեն գործնականում, օդաչուներն էլ պրոֆեսիոնալներ են եղել: Վերջին պատճառով արժանահավատ չի թվում նվազ վառելիք ունենալու վարկածը: Սակայն ավելի ուշ նկատեցի, որ զոհվածների հարազատների մեջ էլ այդ վարկածը շրջանառվում է, նույնիսկ զոհված մի գյումրեցու հարազատ պնդում էր, թե ինքը Հայաստանից մեկնող ինքնաթիռի հետ կապված դեպքեր գիտի, որ փաստաթղթով ձեւակերպված վառելիքը քիչ են լցնում, քանի որ մեզ մոտ թանկ է, եւ պահեստային մասը լրացնում են Ռուսաստանումՙ ավելի էժան վառելիքով: Բայց խոսակցությունների հավանականությունը ստուգելը, հերքելը կամ հաստատելը միայն մասնագետների գործն է, որը քննող իրավասուներին թողնելով, մեր պարտքը համարեցինք միայն հայտնի դարձնել այսպիսի տեսակետի գոյությունը:

Մյուս կողմից էլ, երկրորդ շրջապտույտի ժամանակ (հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը բառացի ասաց երկրորդ «круг»-ի մասին) զարմանալի է ինքնաթիռի անսպասելի անհետացումը ռադարից, քանի որ մրրկասյունի առկայությունը հենց սկզբից ժխտեցին Սոչիի օդերեւութաբանները, իսկ վատ եղանակ Ադլերում հաճախ է եղել, այդպիսի եղանակային պայմաններում փորձառու օդաչուներն էլ հաճախ են վայրէջք կատարել: Մի խոսքովՙ քանի դեռ ջրի երես չեն հանվել սեւ արկղերըՙ վարկածները տանջելու են մարդկանց, չեն բացառվում նաեւ շահարկումները: Գումարվում է նաեւ այն լուրը, որ Ադլերի օդանավակայանի տվյալ հերթափոխի անձնակազմի մասին որեւէ լուր ստանալ հնարավոր չէ, իսկ ռուս լրագրողներից մեկը բարկանում էր, որ չի կարող հարց ուղղել անձնակազմից որեւէ մեկին:

Երեւան-Սոչի

Սոչի մեկնեցինք մայիսի 3-ի գիշերը եւ վերադարձանք մայիսի 4-ի կեսգիշերին, այնպես որ սոսկ տեղեկատվություն ներկայացնելու հարկ չկա, այն հնացած է, սակայն սեփական աչքերով տեսածն արժե փոխանցել: Ինքնաթիռում իմ կողքին նստած էր աղետյալ ինքնաթիռի ուղեկցորդ Ռոման Շելեմենտեւի մայրը, որն ինձ ցույց տվեց որդու նկարը եւ պատմում էր, թե որդին զինվորական ծառայությունն անցնելուց հետո է սկսել աշխատել: Նրա պլանների մասին էր խոսում եւ կրկնում էրՙ «Քոռանամ ես»: Մայրը եւս ավիաոլորտի աշխատող էր եղել: Ինքնաթիռում էր նաեւ «168 ժամ» թերթի աշխատակիցը, որի քույրը նույնպես զոհվել էր, եւ էլի զոհվածների երկու տասնյակ հարազատներ:

Մեր թռիչքն ուշանում էր, օդանավակայանի անվտանգության ծառայության պետ Ավետիքյանը մինչեւ թռիչքն իսկական գլխացավանքի մեջ էր, քանի որ անընդհատ մեկնել էին ուզում նորանոր, երբեմն մեկ զոհվածի տասնյակ հարազատներ, եւ նա դժվարին խնդիր ուներՙ ընտրելու ավելի մերձավորներին:

Սոչիի «Մոսկվա» եւ Ադլերի «Վեսնա» հյուրանոցներում էին տեղավորված հարազատները, երկուսի սպասասրահներում էլ ռուսական ծառայություններ էին գործում, որոնք օժանդակում էին ամեն ինչում եւ պատրաստակամ էին րոպեապես կատարել այս կամ այն պահանջը, օգնել, փոխադրամիջոց տրամադրել: Մինչեւ մայիսի 4-ի առավոտ հարազատներին դեռ չէին տարել Սոչիի երկու դիահերձարաններՙ ճանաչման: Ինչպես հետո մեզ էին բացատրում ռուսական կողմի պատասխանատուները, պարզապես ջրից հանված մարմինները վերականգնվում էին եւ հնարավորինս տեսքի բերվում: Եվ միայն մայիսի 4-ի առավոտվանից սկսեցին մեկնել դիարաններ: Մինչ այդ էլ հարազատները պետք է դիմանային հայտնաբերված զոհվածների պատկերներով ստենդներին, որոնցով նույնպես փորձում էին ճանաչել իրենց հարազատին: Այդ պատկերներից նաեւ կարելի էր պատկերացում ստանալ, թե ինչ վիճակում էին եղել նրանք մահվան պահինՙ այլակերպված դեմքեր, բաց մնացած աչքեր, մերկ կամ մասնատված մարմիններՙ չշարունակենք...

Ճանաչումը շատ էր դժվարանում, որովհետեւ շատերը սխալվում էինՙ դիարանում ուրիշի մարմինը հարազատի տեղը կարծելով:

Աղետի պատճառներն ուսումնասիրող միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինն ասում էր, քանի որ հայտնաբերվող շատ մասեր անճանաչելի են, սկսելու են գենետիկական հետազոտությունները եւ դրա համար նույնիսկ մասնագետներ կմեկնեն Երեւան: Երեկ արդեն Սոչիում այդ հետազոտություններն սկսվել էին: Միջկառավարական հանձնաժողովը տեղավորված էր Սոչիի վարչակազմի շենքում եւ օրը երեք փակ նիստ էր գումարում, վերջում էլ համանախագահները հանդիպում եւ պատասխանում էին լրագրողների հարցերին:

«Մոսկվա» հյուրանոցի սրահում հանդիպեցի ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին, որը հայտնեց, որ ինքը պիտի աղետյալ չվերթով թռչեր, սակայն նրան հետ է պահել Գալուստ Սահակյանըՙ որպես պատճառ նշելով կարեւոր հարցեր քննարկող ԱԺ նիստը: Ի վերջո, Ա. Աղաբաբյանը ո՛չ թռել էր, ո՛չ էլ նիստին գնացել, բայց աղետից հետո առաջին իսկ ինքնաթիռով եկել էր Սոչիՙ զոհված ընկերներիՙ Բենիկ Խաչատրյանի, Ալբերտ Ազարյանի (նրա սանիկը), Ատոմ Կոստանյանի, Վյաչեսլավ Յարալովի եւ նրա կնոջ հարազատներին աջակցելու: Նրա նշած մարդկանցից միայն գտել եւ ճանաչել էին Ատոմին եւ Յարալովի կնոջը, եւ երեկ ուղարկել են Հայաստան: Իսկ որ Հայաստանի անվտանգության ծառայության նախկին պետ Հուսիկ Հարությունյանը եւ Կառլոս Պետրոսյանի որդին եղել են ինքնաթիռում եւ զոհվել, հենց Սերժ Սարգսյանը հաստատեց լրագրողների հետ զրույցումՙ ասելով, որ ինքնաթիռում իր ծանոթներն էլ են եղել:

Մայիսի 4-ին զոհվածների մոտ 300 հարազատների հետ Սոչիի «Սպուտնիկ» կինոթատրոնում կիսափակ-կիսաբաց հանդիպում ունեցան հանձնաժողովի համանախագահներ Ի. Լեւիտինն ու Ս. Սարգսյանը: Խոսակցությունը շատ դժվարին էր, տուժածների հարազատների հարցերին փորձ արվեց լիարժեք պատասխաններ տալ, պատկան մարմինների գործողությունների մասին տեղյակ պահվեց: Սակայն երեւում էր, որ մարդիկ դեռ շոկի մեջ հաճախ երկրորդական հարցերի հետեւից էին ընկնումՙ դա էլ հենց հոգեբանորեն իր բացատրությունն ունի:

Այստեղ հայտնի դարձավ, որ ոչ բոլորն են ցանկանում օդային ճանապարհով տեղափոխել իրենց հարազատների մարմինները եւ այդպիսիք, Լեւիտինի առաջարկով ցուցակագրվում էին, որպեսզի նրանց եւս փոխադրամիջոց տրամադրվի: Հիմնականում այդ հանդիպման ընթացքում հարազատներին տեղյակ պահվեց ֆինանսական աջակցության մասին: Նրանք իմացան, որ Հայաստանի կառավարությունը 1,5 միլիոն դրամ է հատկացնում յուրաքանչյուր զոհվածի համար, շուրջ 20 հազար դոլար հատկացնում է «Արմավիան» (ապահովագրական գումարներ), ինչպես նաեւ խոսք է գնում ընկերությանՙ տարբեր արժույթներով բացված հաշիվներում կուտակված դրամի հավասար բաշխման մասին:

Սոչիի վարչակազմի ղեկավարը հայտնել է Սոչիում բնակվող զոհվածներին հատկացվելիք 500 հազար ռուբլու, ՌԴ քաղաքացիներին էլ ՌԴ իշխանություններն են ֆինանսապես օգնելու: Ռուսաստանի հայերի միությունը նույնպես օգնության ձեռք է մեկնել զոհերի ընտանիքներին:

Որոնումների տեխնիկական կողմը

Աղետյալ ինքնաթիռի որոնման եղանակների մասին ավելի պատկերացում ստանալու համար մենք մոտեցանք Սոչիի թիվ 12 կառամատույցին, արտակարգ իրավիճակների ծառայության պետ Էդիկ Բարսեղյանի եւ նույն ծառայության վարչության պետ Սերգեյ Ազարյանի հետ, բայց, իհարկե, կառամատույցի շենք չհաջողվեց մտնել, անգամ ամեն տեղ արտոնյալի կարգավիճակ ունեցող «Հայլուրին» ներս չթողեցինՙ կխանգարեինք աշխատանքներին: Կառամատույցում հավաքվում էր գտնված ամեն ինչՙ մարմիններ, անձնական իրեր, ինքնաթիռի հատվածներ, որից հետո նոր տեղաբաշխվում համապատասխան վայրեր:

Մեր ստացած ընդհանուր տեղեկատվությամբՙ որոնումների կողմնորոշիչը վառելիքի թողած յուղաբիծն է եղել ափից մոտ 6 կմ հեռու: Իհարկե, յուղաբիծը շարժվում է ալիքից եւ քամուց, բայց տեղը յուղաբծի շարժման արագության միջոցով հաշվարկելովՙ ճիշտ որոշված էր: Ասում էին, որ խորությունը 680 մ է, բայց մասնագետներն ավելի մեծ խորությանՙ 800 մետրի մասին էին խոսում:

Մայիսի 4-ին արդեն ֆրանսիացի մասնագետների սարքերը գրանցել էին սեւ արկղի ազդանշանը, իսկ մայիսի 5-ին խոսում էին արդեն երկուՙ իրար կողք գտնվող սեւ արկղերի նույնական ազդանշանների մասին (ընդհանուր թվով դրանք երեք են): Սակայն առ այսօր անհայտ է, թե դրանք դուրս կբերվե՞ն, որովհետեւ ռուսներն իրենք չունեն ծովի խորությունից դրանք կորզելու սարքեր: Մայիսի 4-ին նրանք դիմել էին իրենց հյուսիսային ռազմածովային նավատորմին եւ այլ պետություններիՙ այդպիսի տեխնիկական միջոցներ գտնելու եւ բերելու համար:

Ըստ Էդիկ Բարսեղյանիՙ առայժմ չհայտնաբերված ուղեւորները երեւի ամրագոտիներով են եղել եւ մնացել են ինքնաթիռի առաջնամասում: Իսկ Սերգեյ Ազարյանն էլ ասում էր, որ ինքնաթիռի հիմնական մասի տեղը եթե գտնեն, այդ ժամանակ էլ կորոշեն վերհանելու մեթոդը: Բայց այդ հիմնական մասի մի տեղ լինելու վարկածին հակադիր երեկ արդեն Ռուսաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Գենադի Կորոտկինն ասել է, որ ինքնաթիռը կտոր-կտոր է եղել, ինչ-որ տեղ գուցե մասամբ մնացած լինեն շարժիչները, բայց ամենայն հավանականությամբ լայներն ամբողջությամբ հատվածների է բաժանվել եւ հազիվ թե մի տեղում լինի: Նա նաեւ նշում էր, որ վառելիք անպայման եղել է ինքնաթիռում, որովհետեւ կտորները հայտնաբերվում են կերոսինի ուժեղ հոտով:

Այսինքն, մայիսի 4-ի այն հույսը, որ մարմինների մեծ մասն օդանավի առաջնամասի հետ մի տեղում է, Կորոտկինի ասածով, փաստորեն, հերքվում է, իսկ Ի. Լեւիտինի ասածովՙ ռուսական ուժերը երեւի մենակ չգտնեն ինքնաթիռի կտորները, եւ այլ երկրների օգնությանը եւս դիմեն:

Երեկ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն էլ ասել է, որ մասնագետների հայտնաբերած ռադիոփարոսների ազդանշանը դեռ առիթ չի տալիս ասելու, որ սեւ արկղերն անմիջապես կհայտնաբերվեն, քանի որ դրանք գտնվում են 680 մետր խորության մեջ, որոնման մակերեսն էլ 15 մետր է: Նա կրկնել է հայտնի միտքը, թե մեծ կարեւորություն ունի աղետի ստույգ պատճառի պարզումը, եւ ամեն ինչ արվում է հանուն դրա: Մնում է հավատալ դրան եւ սպասել:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Երեւան-Սոչի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4