«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2006-05-04 | #82, 2006-05-05 | #83, 2006-05-06


ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՅՈՒՐԻ ԲԱՐՍԵՂՈՎ, Իրավագիտության դոկտոր, միջազգային իրավունքի պրոֆեսոր

Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անվիճելի հիմքն են

Իրավունքի եւ արդարության հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ է կապված Ղարաբաղի եւ ամբողջ Հայաստանի ճակատագիրը: Խաղաղարար գործընթացի շնորհիվ հակամարտության հանգուցալուծման մերձեցմանը զուգընթաց ադրբեջանական կողմն ավելի ու ավելի եռանդուն ջանքեր է գործադրում համաշխարհային հասարակայնությանն ապատեղեկացնելու, իրեն ձեռնտու որոշումների ընդունմանն ուղղված սխալ կանխադրույթներ պարտադրելու նպատակով, որոշումներ, որոնք կհամապատասխանեին տարածքային ծավալման եւ հայոց ցեղասպանության թուրք-ադրբեջանական ավանդական քաղաքականության նպատակներին:

Ի սկզբանե բացահայտ նենգափոխումների առարկա դարձած հարցերի թվին է պատկանում նախ եւ առաջ ադրբեջանա-հայկական զինված հակամարտության պատճառների եւ էության սահմանումը: Եվ սա պատահական չէ, քանզի հակամարտության բովանդակության ճիշտ սահմանումից ուղղակիորեն եւ անմիջականորեն կախված են խաղաղ կարգավորման ընթացակարգի ընտրությունը եւ վերջին հաշվովՙ նաեւ կարգավորման բուն էությունը:

Ադրբեջանական կողմը համառորեն եւ նպատակասլաց կերպով ձգտում է հասնել այն կարծիքի ամրապնդմանը, թե հակամարտությունն իբր Ադրբեջանի «ներքին գործը» հանդիսացող միջէթնիկական վեճին խառնված Հայաստանի «միջամտության» եւ «ագրեսիայի» հետեւանքն է: Ըստ այդմ էլ, ադրբեջանական տարբերակի համաձայն, հակամարտության կարգավորումը պետք լինեն հայերի «ագրեսիայի» դատապարտումը եւ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» եւ նրա սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի «լուծումը»:

Հույս չդնելով պատմության կոպիտ նենգափոխման արդյունքների վրա, երբ բացարձակ ստահոդ վարկածը պնդում է, թե Ղարաբաղն իբր «միշտ» պատկանել է նույնիսկ գոյություն չունեցած ադրբեջանական պետությանը, Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը դիտավորյալ խճճում է հակամարտության ծագման ժամանակի եւ բովանդակության հարցը: Նա պնդում է, թե այն ծագել է ոչ թե 1918 թ., երբ թուրքերի ագրեսիայի հետեւանքով ստեղծվեց թուրքական երկրորդ պետությունըՙ մուսավաթական Ադրբեջանի Հանրապետությունը, այլ 1988 թ., երբ Ադրբեջանական ԽՍՀ-ն իբր լիակատար հիմունքով տիրում էր Ղարաբաղին:

Ադրբեջանը եւ նրա շահերի կաշառված պաշտպանները Ղարաբաղի հակամարտության ծագման ժամանակի, պատճառների եւ էության այդ ստահոդ վարկածը համառորեն պարտադրում էին աշխարհին եւ անձնատրության հակված ու ահաբեկված Տեր-Պետրոսյանի վարչակարգին: Շարունակելով ընտանեկան կլանի ավանդական գիծը, ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւն առանց ամաչելու իր պատմաբաններին Ղարաբաղի եւ Հայաստանի պատմությունը խեղաթյուրելու քաղաքական ցուցում է տալիս:

Ղարաբաղի, ինչպես եւ որեւէ այլ զինված հակամարտության իրավաբանորեն հիմնավորված կարգավորման համար նախ եւ առաջ անհրաժեշտ է պարզել դրա ծագման ժամանակը եւ էությունը: Այս հարցերի միանշանակ պատասխանը տեսանելի է: Այն հաստատվում է ամենատարբեր, այդ թվում նաեւ ադրբեջանական ծագում ունեցող անվիճարկելի փաստաթղթերով:

Ղարաբաղի հակամարտությունը չի դասվում սովորական միջէթնիկական հակամարտությունների թվին, ինչպես ներկայացնում են նրանք, ովքեր փորձում են թույլ չտալ իրավունքի եւ արդարության հիման վրա դրա խաղաղ կարգավորում:

Ղարաբաղի պետական պատկանելության հարցը, որպես առավել լայն տարածքային վեճի բաղկացուցիչ մաս, ծագեց 1918 թ. թուրքական բանակի Անդրկովկաս կատարած ներխուժման եւ հայոց ցեղասպանության հետեւանքով պատմական Հայաստանի մի մասում Ադրբեջանի Հանրապետության ստեղծման հետ մեկտեղ: Ծնվելով գրեթե ամբողջ Անդրկովկասի նկատմամբ անհագուրդ հավակնություններով, Ադրբեջանի Հանրապետությունը հենց այն ժամանակ պաշտոնապես դիմեց թուրքական արշավանքի դեմ մղած պայքարում հայերի պատմական հայրենիքի մի հատվածում սեփական անկախությունը վերականգնած Հայաստանի կառավարությանը, առաջարկելով գծել պետական սահման: 1918 թ. հունիսի 23-ին իր դիվանագիտական ներկայացուցիչ Ջաֆարովի միջոցով ուղարկված նամակում Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Ազգային խորհրդին հայտնում էր, որ ինքը «ձեռնամուխ է լինում Հայաստանի եւ մյուս հարեւան պետությունների հետ իր պետական սահմանների որոշմանը» եւ առաջարկում է «սկսել երկու կողմերի տարածքների սահմանազատմանն առնչվող բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը»:

Այսպես ծագեց միջպետական տարածաքային վեճը, որն Ադրբեջանը փորձում էր լուծել թուրքերի ռազմական օգնությամբ: Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում իր բոլոր ուժերը ծառայեցնելով սեփական պանթուրքական մտահղացումների իրականացմանը, Թուրքիան պարտություն կրեց Համաշխարհային պատերազմում: Նրա աջակցությունից զրկվելով, Ադրբեջանի Հանրապետությունը նետվեց դեպի Անտանտի ճամբարը:

Պաշտոնապես ճանաչելով Նախիջեւանի, Զանգեզուրի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքների վիճելի կարգավիճակը, Ադրբեջանի մուսավաթական կառավարությունը Ղարաբաղի հայերի դեմ պայքարելիս սկսեց շեշտը դնել բրիտանական օկուպացիոն իշխանությունների վրա, օգտագործելով Անդրկովկաս Խորհրդային Ռուսաստանի թափանցումը կանխելու նրանց ձգտումը: Բրիտանիայի զինվորական իշխանությունների ուղղակի ճնշմամբ կնքվեց վարչական կառավարման «Ժամանակավոր համաձայնագիր» Ղարաբաղի հայերի ներկայացուցչական մարմնի եւ Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջեւ: Այդ ժամանակավոր համաձայնագիրը Ղարաբաղի հայերին պարտադրվեց վերջնագրային ձեւով: Համաձայնագրի հարկադիր բնույթը հաստատվում է նաեւ նրանով, որ ավելի վաղ Ղարաբաղի հայերի բոլոր համագումարները միանշանակ կերպով արտահայտել էին Հայաստանի մասը լինելու ձգտումը, հրաժարվել էին Բրիտանիայի զինվորական իշխանությունների պարտադրած նահանգապետի նույնիսկ ժամանակավոր ճանաչումից: Որպես սեփական վարքագծի հիմնավորում, բրիտանական օկուպացիոն իշխանությունները վկայակոչում էին այն, որ Հայաստանի Հանրապետության իշխանությանն էին վերադարձվելու Արեւմտահայաստանը, Կարսի մարզը, Նախիջեւանը, որտեղ բնիկ հայ բնակչության բնաջնջումից հետո գոյացել էր մահմեդական մեծամասնություն: Նկատի առնելով հենց Ադրբեջանի կողմից այդ «Ժամանակավոր համաձայնագրի» խախտումը, որի զինված ելուզակախմբերը հարձակվեցին Ղարաբաղի հայ բնակչության վրա եւ 1920 թ. մարտին կոտորեցին մայրաքաղաք Շուշիի 20 հազար հայերի, փաստաթուղթը պաշտոնապես չեղյալ հայտարարվեց: Այդուհանդերձ, 1920 թ. ապրիլին Ադրբեջանի խորհրդայնացման ժամանակ ադրբեջանցի կոմունիստ ազգայնականների աջակցությունն ստանալու նպատակով 11-րդ Կարմիր բանակի հրամանատարությունն ընդունեց նրանց այն ստահոդ պնդումը, թե այդ տարածքը իրավաբանորեն պատկանել է ոչ թե «բուրժուական» Հայաստանին, այլ Խորհրդային Ադրբեջանին, որպես Խորհրդային Ռուսաստանի մասի: Անցնելով Անտանտի երդվյալ թշնամիների ճամբարը, ադրբեջանցի կոմունիստ ազգայնականները սկսեցին վկայակոչել անգլիացի զավթիչների պարտադրած, բայց արդեն ուժը կորցրած «Ժամանակավոր համաձայնագիրը», այն ներկայացնելով որպես հայկական Ղարաբաղի նկատմամբ սեփական հավակնությունների լիարժեք իրավական հիմք:

Սկսվեց Խորհրդային Ռուսաստանի, քեմալական Թուրքիայի եւ նրանց միացած Խորհրդային Ադրբեջանի «հեղափոխական» պատերազմը ընդդեմ «բուրժուական» Հայաստանիՙ «Անտանտի գործակալի»: Թուրքական ցեղասպան պետությանը Արեւմտյան Հայաստանի նկատմամբ իշխանությունից զրկելու եւ ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի իրավարար որոշման սահմաններում այն Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորելու միջոցով Հայկական հարցի լուծում նախատեսող համաշխարհային ընկերակցության քաղաքականությանը ՌԽՖՍՀ բոլշեւիկյան կառավարությունը հակադրեց իր սոցիալ-իմպերիալիստական ծավալման քաղաքականությունը, որով նախատեսում էր իր կողմը գրավել «հեղափոխական» Թուրքիային եւ խորհրդայնացված Ադրբեջանինՙ հայկական բոլոր տարածքները նրանց զիջելու գնով:

Թուրք «դաշնակցի» հետ անմիջական տարածքային շփումը Կարմիր բանակի համար ապահովելու նպատակով ՌԽՖՍՀ-ն փորձեց Հայաստանի իրավադատությանը ենթակա Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի շրջաններ թափանցել միջնորդության եւ վիճելի շրջաններում միջէթնիկական հակամարտությունների կանխման մարդասիրական առաքելության պատրվակով:

Միայն Ռուսաստանի բոլշեւիկյան կառավարության ճնշմամբ (որի քաղաքականությունը Կովկասում սահմանում էին Ստալինը եւ նրա հայրենակիցների ազգայնական խումբը), շարունակվող եռակի ագրեսիայի պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաձայնեց վիճելի ճանաչել ոչ միայն Նախիջեւանի եւ Զանգեզուրի, այլեւ Ղարաբաղի տարածքները: Ընդսմին Հայաստանի կառավարությունը չհրաժարվեց Ղարաբաղի նկատմամբ իր անվիճարկելի իրավունքներից: Հանուն խաղաղ կարգավորման եւ որպես փոխզիջում, նա համաձայնեց տարածքային վեճի լուծումը ենթակա դարձնել ինքնորոշման սկզբունքի հիման վրա դրա բնակչության կամքի ազատ արտահայտմանը, սկզբունք, որն արդեն այն ժամանակ միջազգային իրավունքի հիմնարար նորմ էին ճանաչում թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, թե՛ Խորհրդային Ռուսաստանը եւ թե քեմալական Թուրքիան:

Ի տարբերություն 11-րդ Կարմիր բանակի հրամանատարության դիրքորոշման, որը սահմանում էին Ստալինը եւ նրա մի խումբ հայրենակիցները, ՌԽՖՍՀ արտգործժողկոմը խոստովանում էր, որ այդ տարածքներն իրավամբ պատկանում են Հայաստանին եւ որ Ադրբեջանի հավակնությունները թելադրված են օտար տարածքներ զավթելու ձգտմամբ: Ավելին, արտգործժողկոմն այդ դիրքորոշումն արձանագրեց Հայաստանի Հանրապետության հետ կնքած համաձայնագրերում:

1920 թ. նոյեմբերին Հայաստանի խորհրդայնացումից հետո Ադրբեջանական ԽՍՀ կառավարությունը, զրկվելով բուրժուական Հայաստանի դեմ իր եւ ՌԽՖՍՀ-ի «պրոլետարական համերաշխությունը» վկայակոչելու հնարավորությունից, պաշտոնապես հրաժարվեց հավակնել բոլոր վիճելի տարածքներինՙ Ղարաբաղին, Նախիջեւանին եւ Զանգեզուրին, որոնք ճանաչվեցին Խորհրդային Հայաստանի պետական տարածքի անկապտելի մասեր: Այդուհանդերձ, Ադրբեջանի կոմունիստ ազգայնականները Ստալինի անմիջական աջակցությամբ հասան այն բանին, որ նախ Թուրքիայի եւ ՌԽՖՍՀ-ի 1921 թ. Մոսկվայի պայմանագրով Նախիջեւանի մարզը «հովանավորյալ տարածքի» տեսքով կտրվեց Հայաստանից, ապա Լեռնային Ղարաբաղը կցվեց Ադրբեջանական ԽՍՀ-ին, ինչը ձեւակերպվեց երրորդ պետության կուսակցական մարմնիՙ ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի որոշմամբ: Ստալինի ճնշմամբ այն ընդունեցին նրանից կախման մեջ գտնվող մի խումբ արկածախնդիրներ, որոնք երեքի դեմ չորս ձայնով 1921 թ. հուլիսի 5-ին վերանայեցին նախօրեին իրենց իսկ ընդունած որոշումը, որով ճանաչվում էր սեփական կարգավիճակի հարցն ազատորեն լուծելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքը:

Հասնելով այդ որոշման ընդունմանը, Ադրբեջանական ԽՍՀ-ն միակողմանիորեն վերանայեց հօգուտ Հայկական ԽՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքից իր պաշտոնական հրաժարումը: Այդ ձեւով Ղարաբաղի նկատմամբ ստեղծվող Ադրբեջանական ԽՍՀ-ի «իրավունքը» հիմնվում էր ոչ թե միջազգային իրավունքի, այլ դրա կոպիտ խախտման վրա: Դա բացահայտ հակաիրավական ակտ էր, որը ոտնահարում էր նրա բնակչության կամքը եւ խախտում Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Բոլշեւիկյան կամայականության այդ քայլը չէր կարող խախտել այն իրավական վիճակը, որն ստեղծվել էր վիճելի տարածքից հօգուտ Հայկական ԽՍՀ-ի հրաժարվելու Ադրբեջանական ԽՍՀ-ի պաշտոնական ակտով: ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի որոշումը հակասում էր ոչ միայն զիջման ակտին, այլեւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին, որը ղարաբաղյան հակամատության մեջ քաղաքականապես ներքաշված բոլոր կողմերըՙ Ադրբեջանական ԽՍՀ-ն, Հայկական ԽՍՀ-ն, ՌԽՖՍՀ-ն եւ Թուրքիայի հանրապետությունը ճանաչում էին միջազգային իրավունքի հիմնարար նորմ:

Հայաստանը երբեք, նույնիսկ խորհրդային կամայականության պայմաններում, չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ մտցնելու օրինականությունը: Այդ ձեւով ստեղծված փաստացի իրավիճակը հիմք չուներ միջազգային իրավունքում, միջպետական պայմանագրում, որով պետք է լուծվեն տարածքային սահմանազատման եւ պետությունների սահմանների հաստատման հարցերը:

Այդ հակաիրավական վիճակը ներկայացնելով որպես իրավաբանորեն լիարժեք հիմունք, որպես Հայաստանի այդ մասի նկատմամբ իր իշխանության օրինական հիմնավորում, ադրբեջանցի կոմունիստ ազգայնականները սեփական իշխանությունը պահպանում էին պետական ահաբեկչության մեթոդներով: Խորհրդային պետության պայմաններում, երբ «եղբայրական ժողովրդի» եղեռնի շարունակման հնարավորությունը սկզբունքորեն բացառված էր, Ադրբեջանը կատարելության հասցրեց «սպիտակ եղեռնի» ձեւըՙ էթնիկական զտումը զանգվածային բռնությունների, վարչական եւ այլ նրբահնար միջոցներով, որոնք «պրոլետարիատի դիկտատուրայի» պետությունն իրականացնում էր «բուրժուական ազգայնականության» դեմ պայքարելու պատրվակով:

Այդ հակաիրավական վիճակը փաստորեն գոյություն ունեցավ մինչեւ 1988 թ., երբ Ղարաբաղի, ինչպես նաեւ Հայկական ԽՍՀ-ի հայերը, օգտվելով ԽՍՀՄ-ում «վերակառուցման» շնորհիվ ստեղծված քաղաքական նոր պայմաններից, հերթական անգամ առաջ քաշեցին ԽՍՀՄ-ի եւ միութենական հանրապետությունների սահմանադրություններին լիովին համապատասխան ինքնորոշվելու եւ Հայաստանի հետ վերամիավորվելու Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքի հարցը: ԽՍՀՄ-ի գոյության իրավական պայմաններում արդարության վերականգնման համար ինքնորոշման սահմանադրական սկզբունքի վկայակոչումը միանգամայն արդարացված էր եւ բավարար: Թե՛ Ադրբեջանը, եւ թե՛ Հայաստանը ԽՍՀՄ-իՙ ընդհանուր տարածք ունեցող միասնական պետության բաղկացուցիչ մասերն էին: Խորհրդային պետության պրակտիկայում կային մի հանրապետության տարածքը մյուսին հանձնելու մի ամբողջ շարք օրինակներ:

Իրադրությունը փոխվեց, երբ Ադրբեջանը ԽՍՀՄ-ից դուրս գալու հարց առաջ քաշեց, իրեն հայտարարելով նախախորհրդային Ադրբեջանի Հանրապետության իրավաժառանգորդ, որը պաշտոնապես վիճելի տարածք էր ճանաչել Ղարաբաղը:

Ադրբեջանը եւ այն պետությունները, որոնք սեփական շահերից ելնելով Ղարաբաղի փաստորեն հակաօրինական իրավիճակը համարում են իրավական, պարտավոր են հետեւողականություն հանդես բերել եւ սեփական գործողությունները համապատասխանեցնել միջազգային իրավունքի, ինչպես նաեւ ԽՍՀՄ պետական իրավունքի նորմերին, որոնք ինքնորոշվելու, ընդհուպ անջատվելու իրավունքը համարում էին պետության տարածքային իրավունքների հիմքը: Եթե նրանք ելնում են Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում ինքնավարության իրավական հնարքից, ապա պարտավոր են հաշվի առնել ԽՍՀՄ օրենքները, որոնք ուղղակի եւ միանշանակ կերպով վերաբերում էին Ղարաբաղին:

ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու կարգին վերաբերող ԽՍՀՄ օրենքին համապատասխան, որը հիմնված էր ինքնորոշման սահմանադրական եւ միջազգային-իրավական սկզբունքի վրա, Ադրբեջանական ԽՍՀ-ն պետական անկախություն հռչակելիս պարտավոր էր ԼՂԻՄ-ի եւ հայերի համահավաք բնակության մյուս շրջանների բնակչությանը հնարավորություն տալ իրացնելու սեփական միջազգային-իրավական կարգավիճակն ինքնուրույնաբար որոշելու իրավունքը:

Սակայն ինքնորոշման հիման վրա Ղարաբաղի բնակչությանը սեփական կարգավիճակի որոշման հնարավորություն տալու ԼՂԻՄ իշխանության ներկայացուցչական մարմնի պահանջին ի պատասխանՙ Ադրբեջանի նացիոնալ-կոմունիստական կառավարությունը կրկին նրա դեմ գաղութային տիպի ագրեսիվ պատերազմ սանձազերծեց զանգվածային բնաջնջման զենքի («Գրադ» հրթիռակայանքների եւ այլնի) կիրառմամբ, հակառակ զինված հակամարտություններում բնակչությանը պաշտպանելու Ժնեւի համապատասխան կոնվենցիաներին:

Դրանով իսկ Ադրբեջանը ոտնահարեց ոչ միայն խորհրդային պետական իրավունքի, այլեւ միջազգային իրավունքի պահանջները: Ղարաբաղի հայ բնակչության դեմ նրա պատժիչ ուժային գործողությունները դուրս եկան պետական իրավունքի շրջանակներից եւ հայտնվեցին միջազգային իրավունքի «բիրտ, անսքող ագրեսիա» բնորոշման տակ:

Եթե միասնական պետություն ԽՍՀՄ-ի պայմաններում բավական էր վկայակոչել նրա սահմանադրական սկզբունքը, ապա այսօր, երբ հակամարտության կողմերն անկախացել են, ակնհայտ անհրաժեշտություն է ծագել ճշգրտելու Հայաստանի դիրքորոշումը: Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար ինքնորոշման իրավունքի կիրառման հնարավորությունները սահմանափակող քաղաքական պայմանների փոփոխությունից բացի, ԽՍՀՄ-ի գոյության ժամանակաշրջանում ձեւակերպված դիրքորոշումների ճշգրտման անհրաժեշտությունը պայմանավորված էր տարածքային վեճի նախկին միջազգային-իրավական հիմքերի վերահաստատմամբ: 1918-1920 թթ. Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ պետության հայտնվելով ինքնաբերաբար վերականգնվեց նախկին միջազգային-իրավական վիճակը եւ ըստ այդմՙ միջպետական տարածքային վեճի լուծման հիմքը:

Իրերն իրենց անուններով անվանելուց Հայաստանի ղեկավարության հրաժարումը շահարկում են ադրբեջանցի քաղաքական գործիչները. նրանք շարունակում են Ռուսաստանի ղեկավարությանն ահաբեկել «տասնյակ Ղարաբաղներով», որոնք իբր կհայտնվեն արցախահայերի ինքնորոշման իրավունքի ճանաչման դեպքում: Ընդսմին նրանք դիտավորյալ թաքցնում են Ղարաբաղի իրավիճակի քաղաքական եւ իրավական տարբերությունը մյուս հայտնի իրավիճակներից:

Թյուր մեկնություններից խուսափելու համար պետք է հատկապես ընդգծել, որ միջպետական տարածքային վեճի առկայությունը չի բացառում նրա բնակչության կամքի արտահայտման հիման վրա, այսինքն 1918 թ. տարածքային վեճի ծագումից հետո Հայաստանի առաջարկած հիմքի վրա դրա կարգավորման հնարավորությունը: Խոսքը ոչ թե ինքնորոշման իրավունքից հայկական Ղարաբաղի հրաժարման, ոչ թե Ղարաբաղի հայ բնակչության կամքի անտեսման մասին է, այլ քաղաքական փոխզիջման նպատակով տարածքային վեճը ինքնորոշման իրավունքին ենթարկելու, այսինքն Հայաստանի հետ վերամիավորման զանազան այլընտրանքային լուծումների հնարավորություն թույլ տալու մասին: Խոսքը սեփական իրավունքների վերականգնմանն ուղղված Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի օրինական պայքարի եւ Հայաստանի Հանրապետության կողմից նրա պաշտպանության իրավական հիմնավորումը լրացնելու մասին է:

Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Ղարաբաղը խորհրդային իրավունքի տեսակետից ստացել է ոչ միայն ԼՂԻՄ-ի, այլեւ հայերի համահավաք բնակության մերձակա շրջանների տարածքում սեփական կարգավիճակն ինքնուրույնաբար որոշելու օրինական իրավունք, իսկ Հայաստանի Հանրապետությունըՙ միջազգային իրավունքի հիման վրա իր տարածքային ամբողջականության վերականգնման հարց առաջադրելու կամ առնվազն տարածքային վեճի վիճակին վերադառնալու հնարավորություն:

Որեւէ իրավական հիմք չունենալովՙ Ադրբեջանն սկսել է իր նախահարձակումը քողարկել տարածքային ամբողջականության սկզբունքով: ՄԱԿ-ին անդամակցելու փաստն Ադրբեջանի համար չի ստեղծում տարածքային իրավունքներ եւ չի բացառում տարածքային վեճերի հնարավորությունը, որոնք կարգավորման ենթակա են միջազգային իրավունքի հիման վրա (պայմանագրային սահմանների փոփոխելիության կանոնը): ՄԱԿ-ի կանոնադրությունը, քանիցս հաստատելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, դրույթներ չի պարունակում ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման դեպքերում պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ: Նամանավանդ որ այդ կազմակերպության անդամների գերակշիռ մեծամասնությունն անկախություն է ստացել հենց մայր երկրներից կամ այլ բազմազգ պետություններից անջատվելու միջոցով: ՄԱԿ-ը ընդունել է հարյուրավոր բանաձեւեր, որոնք ազատ ինքնորոշման իրավունքի հարգում են պահանջում ոչ միայն գաղութային կախման մեջ գտնվող, այլեւ «օտարերկրյա տիրապետության որեւէ ձեւի» ենթակա ժողովուրդների համար: Դրանցում հաստատված է հանուն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման քաղաքական ու զինված պայքար մղելու իրավունքը եւ, ըստ այդմ, նրանց համապատասխան օգնություն ցույց տալու ՄԱԿ-ի անդամ պետությունների պարտականությունը:

Կոսովոյին անկախություն տրամադրելու որոշումը կարող է ստեղծել եւս մեկ նախադեպ, բայց միջազգային պրակտիկայում որեւէ նոր բան չի ավելացնի, քանզի գոյություն ունեն այդ կարգի հարյուրավոր «նախադեպեր»: Կոսովոյի անկախության ճանաչումը կարող է լոկ մեկ անգամ եւս հաստատել միջազգային պրակտիկայում բազմիցս վավերացված միջազգային իրավունքի նորման:

Ակնհայտ է, որ ստեղծված միջազգային-իրավական կացության մեջ վաղուց անհրաժեշտություն է հասունացել շտկելու Հայաստանի եւ ԼՂՀ-ի դիրքորոշումըՙ նախնական դիրքորոշմանը վերադառնալու միջոցով: Վերջինիս համաձայն, խոսքն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու Հայաստանի իրավունքի կամ առնվազն տարածքային վեճի մասին է, որը Հայաստանը պատրաստ է համապատասխան պայմանների ապահովման դեպքում ենթակա դարձնել 1918 թ. կամ նույնիսկ 1988 թ. վիճակագրական դրությամբ Լեռնային Ղարաբաղի հայ կամ (որպես քաղաքական փոխզիջում) ամբողջ բնակչության կամքի արտահայտմանը:

Հարց է ծագում. ի՞նչ դիրք են բռնել Հայաստանի Հանրապետության իշխանությունները հակամարտության էության եւ դրա կարգավորման իրվական հիմքերի հարցում:

Լ. Տեր-Պետրոսյանի վարչակազմը քանիցս քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ փոփոխված իրավաքաղաքական պայմաններում քաղաքական առումով բացահայտ կորստաբեր դիրք էր բռնել հակամարտության էության եւ ծագման ժամանակի հարցերում: Բայց արտաքին թուրքամետ-ադրբեջանամետ ուժերից կախված Լ. Տեր-Պետրոսյանը, ցավոք, չկարողացավ շտկել դիրքորոշումը:

Կարծելով, որ խաղաղասիրության առումով պետության արտաքին քաղաքականության ժառանգորդությունը չպետք է արտահայտվի անձնատրության մեջ, երբ խոսքն իրավունքի եւ արդարության հիման վրա ազգի կենսական շահերի պաշտպանության մասին է, մենք իրավունք ունեինք Հայաստանի նոր վարչակազմից ակնկալել հանրապետության դիրքորոշման ճշտում: Եթե նկատի ունենանք, որ Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանն սկսեց ուղղակի բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահի հետ, ապա կարելի է եզրակացնել, որ նա ելնում է տարածքային վեճի գոյությունից: Այդ դեպքում ակնհայտ է տվյալ դիրքորոշման հաստատման եւ հիմնավորման անհրաժեշտությունը: Սակայն, վարելով երկկողմ բանակցություններ, որոնցում Ղարաբաղը միջպետական տարածքային վեճի առարկա է, Հայաստանը, որքան մեզ հայտնի է, չի պարզաբանում, թե ինքն ինչ իրավական իմաստ է դնում դրանց ձեւաչափի մեջ: Հայաստանը չի պարզաբանում, որ պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը, հակամարտության կարգավորումը ենթարկելով Ղարաբաղի բուն բնակչության ինքնորոշման իրավունքին:

Մի կողմից, ինքըՙ նախագահն արտահայտվում է Հայաստանի կողմից ԼՂՀ-ի որպես ինքնուրույն սուբյեկտի ճանաչման օգտին, ինչն ինքնին փոխզիջողական լուծում է: Նման ճանաչումն իրավաբանորեն արդարացված կլիներ, եթե նկատի ունենանք, որ Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ Ադրբեջանը լիարժեք տարածքային իրավունքներ չի ունեցել եւ չունի ոչ միջպետական պայմանագրի, ոչ էլ հաշտության կոնֆերանսի բազմակողմ պայմանագրի տեսքով:

Ցավոք, Հայաստանի նախագահի այդ դիրքորոշումը չի ամրապնդվում նրա արտգործնախարարի չափազանց «դիվանագիտական» եւ անորոշ հայտարարություններով, որն առաջվա պես շեշտը դնում է միայն ինքնորոշման սկզբունքի վրա, ասես խոսքն օրինականորեն Ադրբեջանին պատկանող տարածքի կարգավիճակի որոշման մասին լինի: Նախարար Վ. Օսկանյանը, եթե մենք նրան ճիշտ ենք հասկացել, Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում ԼՂԻՄ-ի գոյությունից ելնում է որպես իրավաբանական փաստից եւ պահանջում է նրա ինքնորոշումը ըստ խորհրդային իրավունքի:

Տվյալ հարցում Հայաստանի դիրքորոշման մեջ միակ տեղաշարժը Վ. Օսկանյանի այն երկչոտ հայտարարությունն էր, որ «անկախանալիս» Ադրբեջանը Ղարաբաղի նկատմամբ իրավունք չի ունեցել: Ճշմարտության կեսն արտահայտող այդ երեւութական «տեղաշարժն» իրականում ոչինչ չի տալիս: Այդ «նոր» դիրքորոշումն ըստ էության շատ չի տարբերվում նախորդից: Այն ելնում է բացարձակ ստահոդ ադրբեջանական դրույթից, թե Ադրբեջանական ԽՍՀ-ն ԽՍՀՄ-ի կազմում (այսինքն, ըստ պրն. նախարարի պարբերացման, «կախման» ժամանակաշրջանում) իբր օրինական իրավունք է ունեցել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Այդ տարտամ ձեւակերպման իմաստը բացահայտելու, այսինքն տվյալ իրավունքի ծագման վայրին ու ձեւին առնչվող հարցին պատասխանելու գործը, ըստ երեւույթին, թողնվում է հենց Ադրբեջանին:

Հայաստանի կառավարությունը տակավին ելնում է Ղարաբաղի հակամարտության էության միջազգային-իրավական այն գնահատականից, թե դա Ադրբեջանին ենթակա եղած ինքնավար մարզի ինքնորոշման հարց է: Դրա վկայությունն են ոչ միայն բանակցություններում ՀՀ կառավարության բռնած դիրքը, այլեւ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների միանշանակ հայտարարությունները: Ինքըՙ արտգործնախարար Վ. Օսկանյանը, ճգնաժամի կարգավորման ակտիվ բանակցությունների ժամանակաշրջանում, երբ հակամարտության էության ճիշտ ձեւակերպումից ուղղակիորեն եւ անմիջականորեն կախված է այդ բանակցությունների բուն արդյունքը, հաստատեց, որ Հայաստանի կառավարությունը հետեւում է միայն ինքնորոշման հիման վրա հայ ժողովրդի օրինական իրավունքների ու շահերի պաշտպանության նախկին գծին:

ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նստաշրջանում 2005 թ. դեկտեմբերին իր ունեցած ելույթը մեկնաբանելիս Վ. Օսկանյանը նշեց, որ շեշտը դրել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի վրա. «Ժողովրդի ինքնորոշման հարցը գլխավորն էր իմ դիմումի մեջ: Արտգործնախարարների խորհուրդը համընկավ հելսինկյան Եզրափակիչ ակտի 30-ամյակին, եւ իմ ելույթը հիմնված էր այն փաստի վրա, որ մենք պետք է հաստատենք միասնական մոտեցումը Եզրափակիչ ակտի 10 պատվիրանների նկատմամբ եւ չենք կարող նախապատվություն տալ դրանցից որեւէ մեկին: Այս առումով ես շեշտը դրեցի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա եւ Ղարաբաղի հարցը ներկայացրի տվյալ լույսով, հիմնավորելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: Նախարարը հայտարարեց, որ Ղարաբաղը «պետք է իրավական բնույթ տա ինքնորոշման փաստին»: Նա ավելացրեց, որ «Ադրբեջանի կողմից այդ իրավունքի ճանաչումը կարող է լուրջ գործընթացի ուղի հարթել, եւ այդ ճանաչումից հետո մենք կկարողանանք դիմել հարցի մյուս կողմերին եւ հանդես բերել ամբողջական մոտեցում: Ամեն դեպքում կարեւորագույն գործը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է եւ այդ սկզբունքի հիման վրա տվյալ հարցի լուծումը»:

Ճիշտ է, միջազգային իրավունքում պետությունների տարածքային իրավունքների հիմք հանդիսացող ժողովուրդների ինքնորոշման հիմնարար սկզբունքը պաշտոնական-իրավական առումով չի փոխվել: Հիմնակազմիչ փաստաթղթերը (այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը) չեղյալ չեն հայտարարվել եւ չեն փոփոխվել: Այդուհանդերձ, թեեւ ինքնորոշումը մնում է միջազգային իրավունքի սկզբունք, դրա նկատմամբ պետությունների քաղաքական վերաբերմունքը փոխվել է: Վ. Օսկանյանն ինքը նշում է, որ Ղարաբաղի հակամարտության ծագումից հետո աշխարհի տարբեր մասերում միջազգային հարաբերությունների եւ ինքնորոշման գործընթացների զարգացումը հանգեցրել է դրանց առնչվող միջազգային մտածողության հիմնավոր փոփոխությունների, եւ որ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կոպտորեն անտեսվում է»:

Այդ սկզբունքի նկատմամբ իրենց վերաբերմունքը լիովին փոխել են նաեւ Ղարաբաղի հակամարտության ծագման պահին դրան առնչված պետությունները: Այն ժամանակ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանը ինքնորոշումը համարում էին միջազգային իրավունքի գերագույն սկզբունք: Տվյալ սկզբունքի հիման վրա Թուրքիան իրեն պահեց Արեւմտահայաստանը, Հայաստանից խլեց Կարսի մարզը, Ադրբեջանին հանձնեց Նախիջեւանը, իսկ այսօր պաշտպանում է Կիպրոսի թուրքերի նույն իրավունքը: Ռուսական կայսրության տարածքում հենց Ադրբեջանի հայտնվելն էլ հիմնավորվում էր ինքնորոշման իրավունքով: Ադրբեջանը Հայաստանում Թուրքիայի տարածքային զավթումներն արդարացնում էր ինքնորոշման իրավունքով: Նրանք երկուսն էլ ընդունում են Քաշմիրի եւ Կոսովոյի մահմեդականների ինքնորոշման իրավունքը եւ միաժամանակ մերժում արցախահայերի նույն իրավունքը:

Ինքնորոշման իրավունքի հիման վրա մայր երկրներից անջատվելու շնորհիվ անկախացած շատ պետություններ, այսօր վախենալով սեփական տարածքի հետագա մասնատման հնարավորությունից, զսպվածությամբ եւ վերապահությամբ են մոտենում այդ իրավունքին: Հենց ԱՄՆ-ը, որն ստեղծվեց անջատականության շնորհիվ եւ ներկայանում է որպես ժողովուրդների կամքի ազատ արտահայտման ջատագով, ինքնորոշման իրավունքի նկատմամբ հանդես է բերում ակնհայտ քաղաքական մոտեցում: Նա պաշտպանում է միջազգային-իրավական այդ սկզբունքը, եթե խոսքը «կոմունիստական» Հարավսլավիայից անջատվելու մասին է, եւ դեմ է դրա կիրառմանը, եթե դա վնասում է իր նավթային շահերին կամ Իսրայելի պետության շահերին: Ռուսաստանը, որն ԱՄՆ-ի հետ միջազգային իրավունքում այդ սկզբունքի հաստատման ակունքների մոտ էր եղել, այժմ նույնպես բացասական դիրք է բռնել:

Ակնհայտ է, որ իրատեսորեն մտածող քաղաքական գործիչը չի կարող հաշվի չառնել տվյալ հանգամանքը: Իսկ ինչպե՞ս արձագանքեց Հայաստանի արտգործնախարարը: Ճիշտ նշելով, որ իրավաբանական առումով բանն ինքնորոշման եւ պետությունների տարածքային ամբողջականության «սկզբունքների բախումը չէ», նախարարն անտեսում է քաղաքական իրողությունը եւ չի շտկում ինքնորոշման իրավունքի հիման վրա Ղարաբաղի հարցը կարգավորելու իր ելակետային դիրոքոշումը: Ըստ երեւույթին նա որոշել է փոխել աշխարհում նկատվող քաղաքական միտումը:

Թե որքան միամիտ են միջազգային ընկերակցությանը ճշմարիտ ուղի վերադարձնելու եւ մեծ ու փոքր ազգայնամոլներին մարդկության իրավական պատվիրանները կատարել տալու փորձերը, հայկական դիվանագիտությունը թերեւս ուսանելի կերպով հասկացավ Ուկրաինայի արտգործնախարարի շնորհիվ: Ինքնորոշման սկզբունքի հիման վրա ստեղծված այդ երկիրը նույն սկզբունքի շնորհիվ ստացել է Չեխոսլովակիային պատկանած Անդրկարպատյան Ուկրաինան եւ Լեհաստանին պատկանած Արեւմտյան Ուկրաինան, իսկ այսօր դեմ է ժողովուրդների ինքնորոշմանը, քանի որ վախենում է Ղրիմի եւ երկրի արեւելյան մասի ռուս մեծամասնության կամքի արտահայտումից: Արտգործնախարարների խորհրդի նույն նստաշրջանում, որտեղ ելույթ ունեցավ Վ. Օսկանյանը, Ուկրաինայի արտգործնախարար Բ. Տարարսյուկը հայտարարեց, որ «հակամարտությունները պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքներովՙ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ-ի բանաձեւերին համապատասխան»:

Որպես ինքնորոշման սկզբունքի գործողության հաստատում, հայ նախարարը (իբրեւ միջազգային պրակտիկայի իրավական նախադեպեր) վկայակոչում է ինքնորոշման հիման վրա Արեւելյան Թիմորի եւ Սուդանի անջատման վերջին դեպքերը, ինչպես նաեւ «առանձնահատուկ հանգամանքներից» ելնելով բացառության կարգով Կոսովոյին անկախություն տրամադրելու Արեւմուտքի երկրների պատրաստակամությունը:

Քանի որ Կոսովոյի դեպքում արեւմտյան տերություները վկայակոչում են «առանձնահատուկ հանգամանքները», նախարար Վ. Օսկանյանն ըստ երեւույթին ակնկալում է, թե այդ ցինիկները նկատի կառնեն, որ «առանձնահատուկ պայմանները», այն էՙ հայերի ցեղասպանության վերսկսման իրական հեռանկարը, անհամեմատ մեծ չափով առկա է Ղարաբաղում: Սակայն նա հաշվի չի առնում, որ տվյալ հարցում տերությունների վարքագիծը կանխորոշող Կոսովոյի «հատուկ դեպքի» ճանաչումն իրականում պայմանավորված է նրանով, որ Միլոշեւիչի կոմունիստական վարչակարգը եւ բուն ռուսամետ Սերբիան անհաճո էին ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին: Մինչդեռ ավանդական ռուսամետ կողմնորոշում ունեցող հայկական Ղարաբաղը եւ Հայաստանում ռուսական ռազմակայանների առկայությունը նույնպես «հատուկ դեպք» են, բայցՙ մինուս նշանով: «Բացառություն» անելով ալբանաբնակ Կոսովոյի ինքնորոշումը ճանաչելու համար, դատելով ըստ ամենայնի, չեն պատրաստվում նույնպիսի «բացառություն» անել հայաբնակ Ղարաբաղի համար:

Նույնիսկ Ռուսաստանը, սեփական խնդիրներով մտահոգվածՙ ըստ երեւույթին մտադիր չէ «հատուկ դեպքը» կիրառել իր «ռազմավարական դաշնակցի» նկատմամբ: Ռուսաստանի նախագահը պարզ ու շիտակ հայտարարեց եւ գազի հաշվարկների օրինակով հաստատեց, որ այսուհետեւ Ռուսաստանը պատմության յուրաքանչյուր կոնկրետ պահի ղեկավարվելու է միայն սեփական շահերով: Հայաստանի ղեկավարությունը չկարողացավ կամ անհրաժեշտ չհամարեց Ռուսաստանին համոզել, որ Ղարաբաղի դեպքը թե քաղաքական եւ թե միջազգային-իրավական առումներով արմատապես տարբերվում է Չեչնիայի եւ մյուս հնարավոր դեպքերից, որ Ղարաբաղի հակամարտության մեջ հայերին աջակցելն անվիճելիորեն համապատասխանում է Ռուսաստանի երկարաժամկետ շահերին: Ոստի չպետք է զարմանանք, եթե նա չպաշտպանի Հայաստանին (ինչպես ԱՄՆ-ն է պաշտպանում Իսրայելին), եթե նախապատվությունը չտա Հայաստանի շահերի պաշտպանությանըՙ ի հաշիվ նրանց հետ առկա հարաբերությունների, ովքեր խոսում են Ռուսաստանի եւ միաժամանակ ԱՄՆ-ի հետ «ռազմավարական դաշինքի» մասին:

Չենք կարծում, թե Ադրբեջանի ղեկավարությունը կարողացած լինի Ռուսաստանի նախագահին համոզել, թե ինքը դադարել է հույսը դնել թուրքերի ծավալապաշտության վրա: Բայց ակնհայտ է, որ կարողացել է նրան (ինչպես անցյալում խորհրդային ղեկավարությանը) ներշնչել, թե Ղարաբաղի ինքնորոշման հարցում Հայաստանին աջակցելը «հակասում է» Ռուսաստանի շահերին, որն իբր ունի տասնյակ «ղարաբաղներ»: Հարավսլավիայից Կոսովոյի անջատումը Ռուսաստանի համար վտանգավոր համարող նախագահ Պուտինի արձագանքը ցույց է տալիս ՌԴ ղեկավարության ընկալունակությունն Ադրբեջանի նմանօրինակ «փաստարկների» նկատմամբ:

Կոսովոյի օրինակով անկախության կարգավիճակ ստանալու Ղարաբաղի իրավունքը հիմնավորելովՙ նախարար Վ. Օսկանյանը սկսել է շեշտը դնել «փաստական քաղաքական իրողությունը» իրավաբանորեն նվիրագործելու անհրաժեշտության վրա: Ադրբեջանը լիովին կորցրել է վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ: Վերջին 15 տարում ԼՂՀ-ն փաստորեն լրիվ ինքնիշխան է. հանրապետությունն ապացուցել է ընտրություններ անցկացնելու, սեփական ժողովրդին կառավարելու, իր սահմանները պաշտպանելու, միջազգային հարաբերություններին մասնակցելու, այսինքն հելսինկյան Եզրափակիչ ակտի խոսքերով ասածՙ առանց արտաքին միջամտության իր քաղաքական, տնտեսական եւ մշակութային զարգացման իրավունքը կենսագործելու կարողությունը:

Որպես իրավական հիմք Վ. Օսկանյանը բերում է երկու փոխկապակցված փաստարկ: Առաջին, Ղարաբաղն «անջատվել է» օրինական հիմունքով, գործող իրավունքին համապատասխան: Երկրորդ, այդ տարածքը «երբեք չի եղել անկախ Ադրբեջանի իրավադատության տակ»: Բացի դրանից, նախարարն առաջ է քաշում եւս մեկ փաստարկ. Ադրբեջանը, իր սեփական քաղաքացիների թվին դասած հայերի հանդեպ բռնություն իրականացնելովՙ կորցրել է այդ ժողովրդին խնամակալելու (to custody) «բարոյական» իրավունքը:

Այդ բոլոր փաստարկներն ինքնին ճիշտ են, բայց Հայաստանի արտգործնախարարի շարադրած տեսքով կառուցված են փաստական եւ իրավաբանական տեսակետներից բացարձակապես սխալ ադրբեջանական այն հայեցակարգի վրա, թե հակամարտությունը ծագել է 1988 թ., երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր իբր «օրինական հիմունքով»:

Լեռնային Ղարաբաղի խնդիրը ներկայացնելով որպես ի սկզբանե «ներքին միջէթնիկական հակամարտություն», որպես ազգային փոքրամասնության խնդիր, Ադրբեջանը Հայաստանին հայտարարում է «ագրեսոր» եւ պաշտպանում այն դրույթը, թե տվյալ հակամարտության կարգավորումը պետք է հիմնվի իր ներքին իրավունքի եւ միջազգային իրավունքի այն նորմերի վրա, որոնք կանոնակարգում են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:

Ղարաբաղի հակամարտության ծագման ժամանակի եւ էության ադրբեջանական հայեցակարգի ընդունման մյուս հետեւանքը կարող է լինել uti possidetis-ի դոկտրինայի ներկայիս մեկնության կիրառման հնարավորությունը, այն էՙ գաղութային եւ այլ տիրապետության տակ գտնվող տարածքների վարչական սահմանները պետականություն ձեռք բերելու դեպքում կարող են ճանաչվել որպես միջազգային: Այդ դոկտրինայի նման մեկնության նկատմամբ մեր վերաբերմունքի արտահայտումից ձեռնպահ մնալովՙ կսահմանափաակվենք միայն այդպիսի հնարավորության արձանագրմամբ:

Այն տպավորությունն է ստեղծվում, թե հայ նախարարը հակամարտության 1988 թ. ծագած լինելու իր հայեցակարգով նախ իրավական առումով սխալ իրավիճակ է առաջացնում, ընդունելով, որ ԽՍՀՄ-ի կազմում կախյալ գոյության ժամանակաշրջանում Ղարաբաղը պատկանել է Ադրբեջանական ԽՍՀ-ին, ապա փորձում է հիմնավորել Ադրբեջանի կազմից նրա դուրս գալու իրավունքը: Ճիշտ ինչպես խորհրդային ժամանակների չար կատակում. խնդիրներ լուծելու համար հարկավոր է դրանք ստեղծել:

Ընդսմին նախարարն ակնհայտորեն հաշվի չի առնում ԽՍՀՄ-ի կազմից միութենական հանրապետության դուրս գալու կարգին առնչվող օրենքի օգտագործման քաղաքական (ընդգծում եմՙ հենց քաղաքական) դժվարությունները Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Լեռնային Ղարաբաղի դուրս գալու իրավունքի հիմնավորման համար: Նա մի տեսակ անտեսում է այն հանգամանքը, որ կարգավորման ճակատագիրը տնօրինող տերությունները, խոսքով իրենց ներկայացնելով որպես օրինականության եւ իրավակարգի ջատագովներ, իրականում չեն ուզում հարգել գոյությունը դադարեցրած ԽՍՀՄ-ի այդ սահմանադրական օրենքը: Նրանք փաստորեն անտեսում են այն: Ասենք ինքըՙ Ռուսաստանն էլ չօգտվեց դրանից եւ իր տասնյակ միլիոնավոր քաղաքացիներին Ուկրաինայում, Ղազախստանում, մերձբալթյան հանրապետություններում թողեց առանց այդ օրենքի իրավական պաշտպանության: Նույնիսկ ինքըՙ Վ. Օսկանյանը, խոսելով ԽՍՀՄ իրավական դաշտի շրջանակներում ԼՂՀ անկախության հռչակման իրավական հիմքի մասին, ձեռնպահ է մնում ԽՍՀՄ այդ օրենքի հիման վրա հայ բնակչության իրավունքների ծավալուն շարադրումից:

Որքանով կարելի է դատել բանակցությունների վիճակի նրա շարադրանքից, ինքն այդ օրենքի հիման վրա ինքնորոշման տարածույթի հարց չի առաջադրում: Ինչպես հայտնի է, հայ բնակչությանը սեփական կարգավիճակի ինքնուրույն որոշման իրավունք տրամադրվել է ոչ միայն նախկին ԼՂԻՄ-ի ամբողջ տարածքում, այլեւ համահավաք հայ բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի ընդարձակ շրջաններում, որոնք ԼՂԻՄ-ի սահմանների կամայական վերաձեւման պայմաններում հեռատեսորեն բացառել էր Ադրբեջանը: Նշենք, որ Ադրբեջանական ԽՍՀ-ում լուծարված Նարիմանովի եւ Շահումյանի շրջաններում հայերը կազմում էին բնակչության համապատասխանաբար 91,4 եւ 69,3 տոկոսը1:

Քաղաքականության եւ դիվանագիտության աքսիոմա է այն դրույթը, որ հակամարտության էության սահմանումից կախված են ինչպես դրա խաղաղ լուծման բանակցությունների ձեւաչափը, այնպես էլ համապատասխան ընթացակարգերի ընտրությունը: Եթե Ղարաբաղի հակամարտությունը լիներ զուտ ներքին խնդիր, ապա դրա լուծման համար անհրաժեշտ կլինեին նախ եւ առաջ Ադրբեջանի եւ Ղարաբաղի հայկական ինքնավարության բանակցություններ: Բայց քանի որ Ղարաբաղի հայերը անջատված ժողովրդի մի մասն են, ապա անհրաժեշտ կլիներ նաեւ Հայաստանի մասնակցությունը: Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային տարածքային վեճի հարթման համար նախ եւ առաջ անհրաժեշտ կլիներ վեճի այդ երկու սուբյեկտների մասնակցությունը: Եթե ելնենք այն բանից, որ վեճի առարկան Լեռնային Ղարաբաղն է, իսկ Հայաստանը փոխզիջման կարգով պատրաստակամություն է հայտնում տարածաքային այդ վեճը ենթակա դարձնել նրա բնակչության ինքնորոշման իրավունքին, ապա (համենայն դեպսՙ որոշակի փուլում) կծագեր այդ գործընթացին նաեւ բուն Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտություն:

Թեեւ ղարաբաղյան զինված հակամարտության մասնակիցները չկարողացան համաձայնության գալ դրա էության շուրջը, ակնհայտ էր, որ ամեն մի մոտեցման դեպքում (ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծման ենթակա տարածքային վեճ կամ ինքնորոշման իրավունքին ենթակա ներքին հակամարտություն) խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ: Դրանից ելնելով եւ իրավիճակը հաշվի առնելով հենց սկզբից ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները վարվել են եռակողմ ձեւաչափովՙ Ադրբեջանի, Հայաստանի ներկայացուցիչների եւ ի դեմս Լեռնային Ղարաբաղի «ընտրյալ ներկայացուցիչների» նրա իշխանության մարմինների (այդպես են նշվել ԼՂԻՄ ներկայացուցչական մարմինները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներում) միջեւ:

Իսկ ինչ վերաբերում է ընթացակարգիՙ որոշումների ընդունման կարգի կանոններին, ապա Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների սկզբում Ադրբեջանը, ելնելով հակամարտության էության սեփական հայեցակարգից, փորձեց պարտադրել փուլային մոտեցում: Պահանջելով նախ եւ առաջ գրավյալ տարածքներից զորքերի դուրսբերում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցըՙ բուն հակամարտության պատճառը նա թողնում էր կարգավորման վերջին: Դա ստեղծեց փակուղային իրավիճակ, որը չէր համապատասխանում հակամարտության խաղաղ կարգավորման նպատակին: Բանակցությունները մեռյալ կետից շարժելու համար Մինսկի խումբը, հաշվի առնելով համաշխարհային փորձը, սկսեց բանակցությունները կառուցել ստեղծված պայմաններում միակ հնարավոր իրավա-քաղաքական փաթեթային փոտեցման վրա: Որոշվեց, որ կքննարկվեն բոլոր հարցերը, բայց որոշումը կընդունվի եւ համաձայնագիրը կկնքվի այն ժամանակ, երբ կողմերը համաձայնության կգան բոլոր հարցերի առթիվ: Բանակցությունների նման ընթացակարգային հիմքը կողմերին ստիպեց որոնել եւ մշակել փոխընդունելի լուծումներ:

Քանի որ դա դուրս էր Ադրբեջանի վերջնական դիտավորություններից, որը ձգտում էր պարտադրել իրեն ձեռնտու որոշումներ, նա որոշակի փուլում գտավ, որ կարող է կրկին դիմել թելադրանքի ուժային քաղաքականությանը, օգտագործելով «նավթային դիվանագիտության» հնարավորությունները: Ուստի 1997 թ. Ադրբեջանը «պայթեցրեց» բանակցությունները, հրաժարվելով ինչպես ԼՂՀ-ի մասնակցությամբ եռակողմ ձեւաչափից, այնպես էլ փաթեթային ընթացակարգից:

Եռակողմ բանակցությունները փոխարինվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու նրանց արտգործնախարարների դիպվածային երկկողմ հանդիպումներով: Սակայն այդ ձեւաչափում եւս բանակցությունները ձեռնտու չէին Ադրբեջանին: Հետեւողականորեն մերժելով միջնորդներիՙ Մինսկի խմբի համանախագահների փոխզիջողական առաջարկությունները, որոնց Հայաստանն անհեռատեսորեն իր անվերապահ համաձայնությունն էր տալիս, Ադրբեջանը քայլ առ քայլ միջնորդներից պահանջում էր իրենց առաջարկությունները վերանայել եւ մոտեցնել Ադրբեջանի միակողմանի դիրքորոշմանը:

Օգտվելով նրանից, որ Հայաստանի կառավարությունը ձեռնպահ էր մնում նախահարձակման բնորոշմանը լիովին համապատասխան Լեռնային Ղարաբաղի կապակցությամբ Ադրբեջանին հիմնավոր մեղադրանքներ հասցեագրելուց, Ադրբեջանը Հայաստանի «ագրեսիայի» զոհը լինելու պատրվակով սկսեց վերջնագրային կարգով նախապայմանների կատարում պահանջել միայն իր կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկելու համար: Կարգավիճակի հարցը թողնելով ամենավերջին, ադրբեջանական կողմը համառորեն ձգտում է հասնել իր իսկ սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետեւանքների վերացմանը եւ նախ եւ առաջ այն տարածքների ազատմանը, որոնց գրավումը երաշխավորում է ԼՂՀ-ի անկախությունը եւ բուն գոյությունը:

Հայկական դիվանագիտությունը, կարծելով, թե իր զսպվածությունը կգնահատվի որպես ճկունության դրվատելի դրսեւորում, մոտեցել է այն վտանգավոր սահմանագծին, որից այն կողմ կարող է լինել ազգային աղետ: Օգտվելով հայկական դիվանագիտության ինքնահանգստացումից, որն ըստ երեույթին կարծում է, թե ժամանակը գործում է արդարացի լուծման օգտին, Ադրբեջանն սկսել է ուժեղացնել քաղաքական ճնշումը Հայաստանի վրա: Այն տպավորությունն է ստեղծվում, որ ներկայումս Ղարաբաղի ժողովրդի թիկունքում փոխզիջման տեսքով պատրաստում են գրեթե անսքող հակահայկական գործարք: Դրա մունետիկը մասնավորապես բացահայտ թուրքամետ եւ ադրբեջանամետ Միջազգային ճգնաժամային խումբ լոբբիստական կազմակերպությունն է:

Ձգտելով հայշտության գործընթացի շրջանակներում Հայաստանին պարտադրել գրեթե անսքող անձնատրություն, Ադրբեջանն արտաքին ուժերի աջակցությամբ վերստին բանակցությունները վերադարձնում է իրեն ձեռնտու կարգավորման փուլային ընթացակարգին: Պնդելով, թե խոսքն իբր իրավամբ իրեն պատկանող տարածքի կարգավիճակի մասին է, Ադրբեջանն սկսել է նախապայման առաջադրել Ղարաբաղի հայերի դեմ իր իսկ սկսած ագրեսիվ պատերազմի հետեւանքների վերացումը, խոստանալով տարածաշրջանում նախապատերազմյան ստատուս քվոյի վերականգնումից հետո միայն լուծել Ղարաբաղի կարգավիճակի «ներպետական» հարցը իր սահմանադրության հիման վրա եւ դրան համապատասխան:

Դատելով ըստ ամենայնի, Ադրբեջանին հաջողվում է վերստին պարտադրել «փուլային» մոտեցումը: Այսպես, ըստ նախարար Վ. Օսկանյանի պարզաբանման, կարգավորման տարբերակների նկարագրման համար այլեւս չպետք է կիրառվեն այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «փաթեթային» կամ «փուլային» մոտեցումները:

Իհարկե, այս կամ այն կողմի դժգոհության պատճառը վերացնելու համար տվյալ տերմինները կարելի է չկիրառել: Սակայն բանն այն է, որ իրական պրակտիկայում, փուլայինից եւ փաթեթայինից բացի, ուրիշ մոտեցումներ չկան եւ չեն կարող լինել: Կարելի է տերմինները չկիրառել, բայց դրանից էությունը չի փոխվի. մոտեցումն իրականում կլինի կամ փուլային, կամ էլ փաթեթային:

Դիվանագիտությունից եւ բանակցություններից քիչ թե շատ հասկացող ամեն ոք գիտե, որ քննարկման եւ որոշումների ընդունման կարգի հարցը սերտորեն կապված է խնդրի էությանը եւ որ մեթոդի ճիշտ ընտրությունից կախված է բանակցությունների հաջողությունը: Դա հաստատվում է նաեւ նրանով, թե կողմերը կարգավորման ինչպիսի պայմաններ են քննարկում եւ ինչ հաջորդականությամբ:

Ինչպես հայտարարում են ադրբեջանական աղբյուրները, առաջին փուլում պետք է կատարվեն Ադրբեջանի առաջ քաշած բոլոր նախապայմանները: Ադրբեջանի արտգործնախարարի պարզաբանման համաձայն, «8-10 բաղադրիչների» շուրջը համաձայնության հասնելուց հետո միայն հնարավոր կդառնա «կարգավիճակի հարցի անկեղծ, ժողովրդավարական եւ օրինական լուծումը միջազգային իրավունքի շրջանակներում եւ Ադրբեջանի գործող սահմանադրության հիման վրա»:

Հայաստանի արտգործնախարարի ասածից նաեւ հետեւում է, որ Ադրբեջանի կողմից «Ղարաբաղի ինքնորոշման» (հենց Ղարաբաղի եւ ոչ թե Ղարաբաղի հայերի) ճանաչումը ստեղծում է մյուս բոլոր հարցերի լուծման հնարավորություն, այսինքն այն հարցերի, որոնց լուծումը Ադրբեջանը համարում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի քննարկման նախապայման:

Այն, որ կողմերն ընդունել են տվյալ հաջորդականությունը, հաստատվում է նաեւ ԱՄՆ-ի դիրքորոշումն արտահայտող այլ աղբյուրներով: Իսկ ի՞նչ հարցերի առթիվ են կողմերը համաձայնել ոչ միայն որոշում ընդունել, այլեւ իրագործել առաջին փուլում: Դա «Հայաստանի օկուպացրած» Ադրբեջանի յոթ շրջանների (այսինքնՙ անպաշտպան Ղարաբաղի վրա հարձակման վայր ծառայած տարածքի) ազատումն է եւ ականազերծումը: Դա տարհանված ադրբեջանական բնակչության վերադարձն է տվյալ տարածքներ: Դա «հինգերորդ շարասյան»ՙ ԼՂՀ ադրբեջանական համայնքի վերականգնումն է: Դա ԼՂՀ-ի եւ հարակից տարածքների ապառազմականացումն է: Այս բոլոր հարցերի լուծումից հետո կողմերը ձեռնամուխ կլինեն զինված հակամարտության պատճառ դարձածՙ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը (հենց որոշմա՛նը, եւ ոչ թե որոշման իրացմանը):

Այն պնդումը, թե առաջին փուլում Ադրբեջանի նախապայմանների կատարումն իբր ուղղված է կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ստեղծմանը, բացահայտ խաբեություն է: Ըստ այդմ էլ նման հաջորդականությանը եւ այդ հարցերի լուծմանը համաձայնելը ոչ այլ ինչ է, քան անձնատրության տանող ինքնախաբեություն:

Նմանօրինակ զինված հակամարտությունների կարգավորման միջազգային ամբողջ փորձը հակառակն է վկայում: Մի դեպքում ռազմական գործողությունները դադարեցնող զինադադարի պայմանները սահմանում էին խաղաղ կարգավորման վերջնական ուրվագծերը, այլ դեպքերում գործում էին «խաղաղություն տարածքների դիմաց» սկզբունքով: Առանց իր պետական կարգավիճակն ազատորեն ընտրելու Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության իրավունքի իրացումն ապահովող հստակ ու միանշանակ միջոցների ու պայմանների ընդունման կամ գոնե միջազգային երաշխավորման, «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում» երկիմաստ ձեւակերպմանը Ադրբեջանի դատարկ համաձայնությունն ինքնին ոչինչ չի նշանակում:

Ադրբեջանի նախապայմանների կատարմամբ բոլոր նախադրյալներն ստեղծվում են «ինքնորոշումը» բռնակցմամբ նենգափոխելու համար: Եթե ճիշտ ենք հասկանում ադրբեջանական կողմի հաղորդումները, դա նախ եւ առաջ վերաբերում է հայկական զորքերի միակողմանի դուրսբերման շուրջը «համաձայնեցված դրույթներին»: Խոսքն այն շրջանների մասին է, որտեղից Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ սկսեց Ղարաբաղի հայերի դեմ: Ենթադրվում է «կողմերի զինաթափում» եւ տարածաշրջանի ապառազմականացում, ինչը Ղարաբաղի հայերին ինքնապաշտպանության հնարավորությունից կզրկի այն պայմաններում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը չի թաքցնում, որ հակամարտության միակ հնարավոր լուծումը համարում է Ղարաբաղի տարածքի «վերադարձը», բոլոր միջոցներով, ընդհուպ ռազմական ուժի կիրառմամբ Ղարաբաղի նկատմամբ իր պետական իշխանության վերահաստատումը: Ադրբեջանը շեշտը դնում է ռազմական լուծման վրա:«Ես բացարձակապես վստահ եմ, որ եթե ուզում ենք մեր հողերը վերադարձնել արդարացի հաշտության հիման վրա, ապա պարտավոր ենք մեծ ուշադրություն դարձնել բանակի կառուցմանը», հայտարարել է նախագահ Ի. Ալիեւը: Նա ճշգրտել է, որ ապագայում Ադրբեջանի ռազմական բյուջեն համեմատելի կդառնա Հայաստանի ընդհանուր բյուջեի հետ, եւ «հողերը կվերադարձվեն»:

Պետական մակարդակով երկրի նախագահի ղեկավարությամբ ժառանգորդաբար բնակչության համակողմանի գաղափարախոսական մշակում է իրականացվում նոր ռեւանշիստական պատերազմի համար: Ադրբեջանցիներին ներշնչվում է այն միտքը, թե հայերը «հավերժական թշնամիներ են», որոնց նրանք իրենց երկրում հանդուրժել են միայն որպես «հյուրերի»:

Մեկ ուրիշ նախապայման է համարվում ադրբեջանցիների վերադարձը նախկին ԼՂԻՄ-ի, ներկայիս ԼՂՀ-ի տարածք: Նման որոշումը նույնպես կհակասեր լճացման տիպի միջէթնիկական հարաբերությունների հիման վրա ծագած միջպետական հակամարտությունների կարգավորման պրակտիկային, երբ կարգավորումն ապահովվում էր թշնամի ժողովուրդների տարանջատմամբ: Նախկին Հարավսլավիայի հանրապետությունների սահմանազատման ընթացքում ծագած զինված հակամարտությունների խաղաղ կարգավորման ժամանակ միջազգային ընկերակցությունը ելնում էր ցեղասպանության նոր քայլերի շարունակմանը հանգեցնող էթնիկական իրավիճակների վերստեղծման աննպատակահարմարությունից: Բոսնիայում ու Հերցեգովինայում, Խորվաթիայում, Սլովենիայում, Կոսովոյում միջազգային ընկերակցությունն ըստ էության պահպանեց պատերազմի ընթացքում միջէթնիկական տեղաշարժերի առաջացրած դրությունը: Մինչդեռ Ղարաբաղի դեպքում խաղաղարարները հանդես են գալիս հայկական տարածքների էթնիկական զտումների ադրբեջանական քաղաքականության հովանավորների դերում: Երբ խոսքն ադրբեջանական բանակի զավթած ԼՂՀ-ից եւ Լեռնային Ղարաբաղին սահմանակից տարածքներից հեռացած հայ փախստականների մասին է, նրանք չեն նախատեսում ոչ տարածքների ազատում, ոչ էլ դրանցում բնակչության նախապատերազմյան էթնիկական կազմի վերականգնում:

Ընդսմին խաղաղարարները ճիշտ հակառակ ուղղությամբ են գործում ադրբեջանցի տեղահանված անձանց պարագայում: Նրանք չեն էլ թաքցնում «վերադարձող» ադրբեջանցիների թիվը նրանց նախապատերազմյան թվակազմի համեմատությամբ ավելացնելու մտադրությունը: Դա մասնավորապես հաստատվում է պարոն Բախմանովի խոսքերով, որին ներկայացնում են որպես «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի»: Ակնհայտ է, որ կփորձեն Հայաստանին պարտադրել պայմաններ, որոնք թույլ կտան «վերադարձողների» թվակազմը 2-3 անգամ մեծացնել նախապատերազմյանի համեմատությամբ: Միեւնույն ժամանակ, դատելով վերոհիշյալ Միջազգային ճգնաժամային խմբի հայտարարություններից, կձեռնարկվեն ջանքեր, որպեսզի էապես կրճատվի Լեռնային Ղարաբաղի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող հայերի թիվը: Այլ կերպ ասած, Ղարաբաղի բնակչության բացարձակ մեծամասնությունը կազմող հայերին մտադիր են վերածել փոքրամասնության, որը չի կարողանա ազդել կամքի արտահայտման արդյունքի վրա:

Այս ձեռնարկման նպատակն է Լեռնային Ղարաբաղում բնիկ հայ բնակչության կողքին ստեղծել ինքնորոշման իրավունքի նոր սուբյեկտՙ իրավահավասար համայնք, որը կունենա հայ մեծամասնության ամեն մի որոշման վրա վետո դնելու իրավունք: Միանգամայն ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղում ինքնորոշման իրավունքի երկու իրավահավասար սուբյեկտների ստեղծումը կոչված է արցախահայերին զրկելու ավելի վաղ հենց Ադրբեջանի ճանաչած նրանց ինքնորոշման իրավունքից: Սա է «հետաձգված հանրաքվեին» Ադրբեջանի «համաձայնության» եւ ըստ այդմ Հայաստանին պարտադրվող փուլային «կարգավորման» իմաստն ու պայմանը:

Նշենք, որ ենթադրյալ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող հայերի թվակազմը կրճատելու եւ, ընդհակառակը, Ղարաբաղ բերվելիք ադրբեջանցիների թվակազմն ավելացնելու ձգտումը ուղղակիորեն հակասում է այն պրակտիկային, որին հետեւում էր ինչպես Թուրքիան Կարսի մարզիեւ Արեւմտահայաստանի հայ գաղթականների, այնպես էլ ինքըՙ Ադրբեջանը Նախիջեւանի հայ գաղթականների հարցում: Ինչպես թուրքերը, այնպես էլ ադրբեջանցիները Եղեռնից փրկված հայերին կտրականապես արգելեցին վերադառնալ հայրենիք: Թուրքերը դա հիմնավորում էին նրանով, որ հայերը Առաջին աշխարհամարտում «չեն կռվել» թուրքերի կողմում, իսկ Ադրբեջանի խորհրդային կառավարությունը, խորհրդա-քեմալական պայմանագրի հիման վրա իրեն միացնելով Հայաստանին պատկանող Նախիջեւանը եւ կից տարածքները, պաշտոնապես մերժեց այսպես կոչված «հովանավորյալ տարածք» վերադառնալու հայ բնակչության իրավունքը: Այդ տարածքն Ադրբեջանում փոխակերպվել էր ադրբեջանցիների «ինքնավարության», չնայած ԽՍՀՄ կառավարության պահանջին, որը ձգտում էր ստեղծել արտաքսված նախիջեւանահայերի իրավունքների «պաշտպանության» գոնե երեւութականություն:

Հարց է ծագում. ինչո՞վ բացատրել այդ բացահայտ խտրականությունը, եթե ոչ ադրբեջանցիների եւ խաղաղարարների «երկակի չափանիշով»: Բալկանյան մի շարք երկրներում եւ մասնավորապես Կոսովոյում նրանք պատրաստակամություն են հայտնում կարգավորման հիմք ընդունելու պատերազմի հետեւանքով գոյացած էթնիկական իրավիճակը, իսկ Ղարաբաղում փորձում են ոչ միայն վերականգնել, այլեւ փոփոխել նախապատերազմյան ժողովրդագրական իրավիճակը հօգուտ ադրբեջանցիների:

Կոսովոյի «առանձնահատուկ հանգամանքների» վկայակոչումները ոչ միայն չեն բացառում, այլեւ ամրապնդում են հենց այդ հանգամանքների կարեւորման անհրաժեշտությունը թուրք-ադրբեջանցիների եւ հայերի հարաբերություններում: Կոսովոյի միջէթնիկական թշնամանքի լարվածությունը անհամեմատելի է Թուրքիայում եւ Ադրբեջանում հայերի հանդեպ մշտապես դրսեւորված անասնական ատելության հետ: Եթե Նախիջեւանում չեն հանդուրժում նույնիսկ գերեզմաններիՙ այնտեղ բնիկ հայ բնակչության բազմադարյա հետքերի գոյությունը, ապա ինչպե՞ս կարելի է վստահ լինել, թե օր ու գիշեր հակահայկական սանձարձակ քարոզչությանը ենթակա ադրբեջանցիները, Լեռնային Ղարաբաղում հայտնվելովՙ չեն փորձի հայ «հյուրերի» հետ հաշիվները մաքրել բազմիցս ստուգված մեթոդներով: Ի տարբերություն հայ գաղթականների հանդեպ Ադրբեջանի եւ Թուրքիայի վերաբերմունքի, ԼՂՀ-ն Ադրբեջանի կողմից պաշտոնական ճանաչումից հետո կկարողանար, որպես մարդասիրության դրսեւորում, իր տարածքում ապրած ադրբեջանցիներին ընդունել իր սահմանադրության եւ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա:

«Ինքնորոշման» սպասող Լեռնային Ղարաբաղի դրությունը որոշակի շրջանակներում ոչ պաշտոնապես բնորոշում են որպես «փաստական անկախություն»: Դիվանագիտության այդ նախանշված խաղաքարտը, որով վաղուց փորձում են խաբել հայ քաղաքական գործիչներին, մենք արդեն համեմատել ենք մանկական հեքիաթներից մեկի հայտնի հերոսի հետ: Հայերի փորձը հաստատում է, որ թուրքական եւ ադրբեջանական պետությունները դիվանագիտական անորոշությունները եւ կիսատ-պռատ լուծումները (ինչպիսիք են «կառավարման բարեփոխումները» կամ ամեն տեսակ ինքնավարությունները) ճարպկորեն օգտագործել են իրենց հակաօրինական իշխանությունն ամրապնդելու համար, որն ուղեկցվել է զավթված տարածքների հայ բնակչության էթնիկական զտումներով: Մեծ տերությունների բոլոր երաշխիքները չկարողացան կանխել այդ տարտամ դիվանագիտական կիսամիջոցների ուժային «լուծումը»: Ակնհայտ է, որ այդ նույն մեծ տերությունները չեն կարողանա եւ չեն էլ ուզենա կանխել անկախության իրավունքով չապահովված լուծարումը:

Եթե իրավունքը հարգելու կոչերով հարյուրավոր բանաձեւեր ընդունած ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողացավ կանխել իրավաբանորեն կիպրական հանդիսացող տարածքի փաստական բռնակցումը, ապա մի՞թե կարելի է հույս դնել, թե նա կուզենա եւ կկարողանա կանխել Ադրբեջանի կողմից միայն «փաստորեն» անկախ Լեռնային Ղարաբաղի բռնակցումը: Եթե (ինչպես ցույց է տալիս իրական փորձը) Ադրբեջանը կարողացավ անտեսել Նախիջեւանի եւ Ղարաբաղի միջազգային-իրավական կարգավիճակը, դրանք փաստորեն դարձնել իր մարզերը եւ նույնիսկ հասնել Ռուսաստանի եւ այլ պետությունների կողմից տվյալ իրավիճակի ճանաչմանը, ապա կարելի՞ է արդյոք երաշխավորել, որ նա ռազմական առավելություն ստանալովՙ պաշտոնապես «փաստական», այսինքն ոչ իրավական բնութագրվող Ղարաբաղի վիճակը չի վերածի ադրբեջանական ընկալմամբ «իրավականի»:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում այդ տարածքը հստակորեն եւ հետեւողականորեն արձանագրելով որպես իր պետական տարածքի մաս, Ադրբեջանը Հայաստանից իր բոլոր պահանջների կատարմանը հասնելուց հետո տվյալ փաստը կներկայացնի ոչ թե որպես Ղարաբաղի հայերի ազատ ինքնորոշմանն իր տված համաձայնությամբ պայմանավորված զիջում, այլ որպես հայկական «ագրեսիայի» հետեւանքները վերացնելու միջազգային ընկերակցության օրինական պահանջների կատարում: Ըստ այդմ Հայաստանին կասեն, որ նա միջազգային իրավական որեւէ հիմք չունի պահանջելու կարգավիճակի հարցի որեւէ այլ լուծում, բացի Ադրբեջանի պետական տարածքի անկապտելի մասի վիճակում Ղարաբաղի «պահպանումից»:

Ադրբեջանում չեն թաքցնում, թե ինչ իմաստ ունի եւ ում շահերին է համապատասխանում պարզամիտների համար նախատեսված այդ ներկայացումը, թե Ադրբեջանն իբր «հակազդում է հետաձգված կարգավիճակին»: Ղարաբաղի «հետաձգված» ինքնորոշման պայմանները չեն նախատեսում հայերի կամքի արտահայտման միջոցով նրա կարգավիճակի հարցի լուծում, հետեւաբար անհրաժեշտություն չկա նման «ինքնորոշումը» զատելու կարգավորման մյուս պայմաններից: Պատրաստվում են Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծել այնպես, ինչպես լուծեցին Վանի, Մուշի, Բիթլիսի, Կիլիկիայի, Կարսի, Նախիջեւանի եւ մյուս հարցերը: Այդ բոլոր տարածքները թուրքերի եւ ադրբեջանցիների «ինքնորոշման» պատրվակով հայերից խլվեցին այն բանից հետո, երբ բնիկ հայ բնակչությունը կոտորված էր: Թուրքական եւ ադրբեջանական իշխանություններն իրենց բոլոր զավթումներն ամրապնդում էին «ազատ ինքնորոշման» ծաղրական վկայակոչումներով, հույս ունենալով, որ Հայաստանում կգտնվեն քաղաքական գործիչներ, որոնք պատրաստ են համալրելու կորսված տարածքների ցանկը եւ մեղսակից լինելու սեփական ժողովրդի իրավունքների հերթական ոտնահարմանը:

Թուրք-ադրբեջանական ծավալապաշտության հովանավորները իրենց նպատակների ու դիտավորությունների մասին խոսում են ցինիկ անկեղծությամբ եւ այն վստահությամբ, թե իրենց հիմա էլ կհաջողվի պարտադրել սեփական որոշումը: Այն բանից հետո, երբ Ղարաբաղում կբնակեցնեն նախապատերազմյան շրջանի թվակազմից 2-3 անգամ շատ «տեղահանված» ադրբեջանցիների, իսկ հայերին կզրկեն ձայնի իրավունքից, այսինքն հուսալի ադրբեջանական մեծամասնության ստեղծումից հետո Ադրբեջանը կհամաձայնի այնտեղ կարգավիճակի հանրաքվեի անցկացմանը ադրբեջանական օրենքների եւ ադրբեջանական անձնագրերի հիման վրա: Հակառակ դեպքում չի լինի որեւէ ինքնորոշում, եւ հարցը «վերջնականապես» կլուծի թուրք-ադրբեջանական բանակը: Իսկ քաղաքակիրթ Արեւմուտքը «կվշտակցի», ինչպես քանիցս արել է հայերի ցեղասպանության յուրաքանչյուր դրսեւորման դեպքում:

Ահա թե որն է «հետաձգված ինքնորոշման» եւ «փաստական անկախության» իմաստը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» շրջանակներում: Դրանց հեղինակների «բարի մտադրություններին» կարող են հավատալ միայն նրանք, ովքեր գիտակցորեն ուզում են խաբված լինել: Դա նրանց իրավունքն է: Բայց նրանք չպետք է իրենց պաշտոնական դիրքից օգտվելով խաբեն նման ողբերգական ճակատագիր ունեցող ժողովրդին: Հայերի ճակատագիրը չպետք է վերստին մանրադրամ դառնա նավթային մագնատների եւ ծավալապաշտության քաղաքականության մանր պնակալեզների ձեռքին:

Լկտի կեղծիք է այն պնդումը, թե «Ղարաբաղի ինքնորոշման» հետաձգումը իբր պատճառաբանված է կարգավորման «ծանր» պայմանների ընդունումը Ադրբեջանի համար դյուրացնելու ձգտմամբ: Ադրբեջանի համար փոխզիջողական լուծման ընդունումը կարելի է դյուրացնել միայն նրան Ղարաբաղի հայերի իրավունքների մասին ճշմարտությունն ասելով, կույր ազգայնամոլության անհամար զոհերի մասին հիշեցնելով: Պատերազմի ընթացքում գրավված շրջանների վերադարձմանը զուգընթաց արցախահայերի ինքնորոշման հիման վրա կարգավորումը հոգեբանորեն հնարավոր է միայն հիմա եւ ոչ թե 15 տարի հետո, երբ ամբողջ ծավալով կծաղկի կառավարության հրահրած ագրեսիվ ռեւանշիզմը:

Ադրբեջանի ղեկավարության ծավալապաշտական քաղաքական հավակնությունների եւ մասնավորապես Ղարաբաղի հակամարտությունն ուժով լուծելու նրա դիտավորության միանշանակ վկայությունն է նախագահական իշխանության մակարդակով վարվող պատմության նպատակասլաց խեղաթյուրման բիրտ, լկտի եւ հակագիտական արշավը: Այդ նպատակով կամայականորեն սրբագրվում է ոչ միայն Ղարաբաղի եւ Հայաստանի, այլեւ Ռուսաստանի եւ Պարսկաստանի պատմությունը:

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցումը նավթադաշտում շախմատի վարպետների ձեռնարկած խաղի բաղկացուցիչ մասն է, խաղ, որի հերթական քայլերը պետք է դառնան Իրանի մասնատումը, Սիրիայի անկախության վերացումը, գերտերության «ռազմավարական դաշնակիցներ» Թուրքիայի, Իսրայելի եւ ավելի փոքր շնագայլերի զավթողական ծրագրերի իրականացումը: Այս լայն միջազգային համատեքստում իրավունքի եւ արդարության հիման վրա Ղարաբաղի հարցի լուծումը համապատասխանում է տարածաշրջանի եւ նույնիսկ ամբողջ աշխարհի խաղաղության եւ անվտանգության շահերին:

***

Առանց Լեռնային Ղարաբաղի պետական կարգավիճակը ճանաչելու Ադրբեջանի համապատասխան պարտավորության (որը լիովին կբացառեր հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականության կրկնության հնարավորությունը) ադրբեջանական ուժերի ռազմական ներխուժմանը նախորդած իրավիճակի վերականգնումը կնշանակեր, որ միջազգային ընկերակցությունը հավանություն է տալիս այդ իրավիճակին: Արցախահայերի ադրբեջանական պետության իշխանության տակ վերադառնալը հավասարազոր կլիներ նրանց մահավճռի կայացմանը եւ Հայոց ցեղասպանության ոճրի շարունակմանն աշխարհի մեղսակցությանը:

Փուլային մոտեցման ընդունման դեպքում, երբ կարգավիճակի հարցը կթողնվեր վերջին տեղում, Ադրբեջանը չի համաձայնի որեւէ այլ լուծման, բացի իր փաստական իշխանության վերահաստատումիցՙ դրա բոլոր կանխատեսելի հետեւանքներով: Փուլային մոտեցումը բացառում է փոխզիջման հնարավորությունը, որին հնարավոր կլիներ հասնել փաթեթային մոտեցման դեպքում:

Իրավունքի եւ արդարության վրա հիմնված փոխընդունելի կարգավորման հասնելու համար միանգամայն անհրաժեշտ է վերադառնալ համապարփակ լուծման ընդունման փաթեթային մոտեցմանըՙ հարկ եղած դեպքում դրա փուլային կատարմամբ:

Ռուսերենից թարգմանությունըՙ ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆԻ

1.ПереписьнаселенияАзербайджана1931года.ВыпускII.Баку,Азернешр, 1932.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4