«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2006-05-04 | #82, 2006-05-05 | #83, 2006-05-06


«ՎԵՐՋԱՊԵՍ ՄԵՆՔ ՏՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ», ԱՍՈՒՄ ԵՆ ԳԱՎԱՌՑԻ 24 ԸՆՏԱՆԻՔՆԵՐ

«Ազգն» արդեն տեղեկացրել է (ապրիլի 21), որ այս տարի «Հաբիթաթ» միջազգային կազմակերպությունը Հայ առաքելական եկեղեցու հետ նախատեսում է Հայաստանում կառուցել 37 տուն բնակարանային խնդիր ունեցող մարդկանց համար: Բնակարանների կառուցման համար տրամադրվող անտոկոս վարկը շահառուները պարտավորվում են մարել 20 տարում: Օրեր առաջ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում կնքված պայմանագիրը սկսեց կյանքի կոչվել Գավառում, որտեղ 24 անօթեւան բնակիչներ 14 տարի շարունակ սպասել են իրենց կիսակառույց շենքի շինարարական աշխատանքներին: Գայանե Չատիկյանը, հոգեբան է ու մանկավարժ, ցույց է տալիս կիսակառույց շենքի պատուհանախոռոչներից մեկը եւ ասում, որ այդտեղ իրենց տունն է լինելու: Նա մեզ հրավիրում է սեպտեմբերի 30-ին իրենց տան բացմանը եւ իր վստահությունը պատճառաբանում այն հանգամանքով, որ իրեն խոստացել են բնակարանը տվյալ ժամկետում հանձնել կաթողիկոսարանի ու «Հաբիթաթի» պատասխանատուները: 33-ամյա Հարությունյան Մարգարիտը նույնպես շենքի ապագա բնակիչներից է: Նա հինգ երեխաների մայր է եւ ապրում է վարձով: Ասում է, որ իր համար մեծ նշանակություն ունի փաստը, որ եկեղեցին այս աշխատանքներում ներգրավված է: «Ուրեմն օրհնված տուն է լինելու», ասում է Մարգարիտը:

Կամավոր շինարարական աշխատանքների սկիզբը գավառցիք սկսեցին միայն Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մարկոս վրդ. Հովհաննիսյանի օրհնությունից հետո: Հայր սուրբը կարեւորեց հանգամանքը, որ այս բնակարանները կառուցելու են կամավորները: «Ծրագրի ամբողջական երեւույթը քրիստոնյային վայել սիրո արտահայտությունն է, որովհետեւ մարդիկ առանց վարձի, անշահախնդրորեն պետք է աշխատեն իրենց մերձավորների համար», ասաց նա հավելով, որ հոգեւորականներն էլ պետք է իրենց գործնական մասնակցությունը բերեն շինաշխատանքներին:

Գավառ քաղաքն ունի 26 000 բնակիչ, 9 դպրոց, 7 մանկապարտեզ, 1 հիվանդանոց, ծննդատուն: Մարդիկ այստեղ աղքատ են ու անաշխատանք, ինչպես հոգոց հանեց մի մայրիկ` առաջվա Քյավառը չէ, անոթի Քյավառ է: Սակայն նրա տխրությունը մի պահ է տեւում, պատմում է, որ մոտ վեց ամիս առաջ քաղաքն ունեցավ նոր քաղաքապետ, որը երիտասարդ է, բայց եռանդուն, գործունյա: Գուրգեն Մարտիրոսյանը 30 տարեկան է, իրոք քաղաքապետ լինելու համար «ռիսկային» տարիք է թվում: Սակայն նա ականջալուր է իր քաղաքացիների դիմումներին: Մասնավորապես, Գ. Մարտիրոսյանը «ականջի հետեւ» չի գցել «Հաբիթաթ» կազմակերպության ծրագրի մասին իրեն հասած լուրերը եւ սիրով համագործակցում է այս կազմակերպության հետ` «Հաբիթաթին» վստահելով Գավառ քաղաքի կիսակառույցներից մեկը: Նորընտիր քաղաքապետը դեռ կոնկրետ չգիտի, թե քանի անավարտ շինարարություն կա Գավառում, սակայն վստահ է, որ եթե ամեն բան լավ ընթանա, «Հաբիթաթին» կվստահվեն նաեւ քաղաքի երեք-չորս մյուս կիսակառույց շենքերն ու կիսակառույց առանձնատները:

Իսկ առայժմ գավառցի մի խումբ կանայք հաց ու շոկոլադ դրեցին իրենց կիսակառույց բնակարանների հիմքում, որպես լիառատության եւ ուրախության խորհրդանիշ:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ, Գավառ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4