«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2006-05-04 | #82, 2006-05-05 | #83, 2006-05-06


«100-Ի ԱԿՈՒՄԲԻ» ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՉՔԻ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՄԲ

Խորեն Հովհաննիսյանի անվան ռմբարկուների խորհրդանշական «100-ի ակումբն» անցյալ տարի նշեց հիմնադրման 10-ամյակը: Հոբելյանական տարին նշանավորվեց ռմբարկուների ընտանիքի հերթական համալրմամբ: Մեկամյա ընդմիջումից հետո հարազատ կոլեկտիվ վերադարձած «Բանանցի» հարձակվող Արամ Հակոբյանին հաջողվեց հաղթահարել երանելի բարձունքը եւ դառնալ ակումբի 14-րդ անդամը:

Ցավոք, ընթացիկ մրցաշրջանում ռմբարկուների ակումբը նոր համալրում չի սպասում: Փոխարենը զգալի աշխուժություն է տիրում ակումբի անդամների շարքերում: Նրանցից հինգը մասնակցում են Հայաստանի այս տարվա առաջնությանը եւ հիանալի հնարավորություն ունեն բարելավելու ցուցանիշներն ու ավելի բարձր դիրք զբաղեցնել ակումբում:

Ինչ խոսք, գլխավոր իրադարձությունը ռմբարկուների ցանկը գլխավորող Արսեն Ավետիսյանի անսպասելի վերադարձն էր հարազատ կոլեկտիվ: Ակումբի հաշվարկով իր վերջին գոլն Արսենը խփել էր 2000 թ. հուլիսի 5-ին «Լեռնագործի» դարպասը` հանդես գալով «Զվարթնոցում»: Եվ ահա, հնգամյա ընդմիջումից հետո վերադառնալով հարազատ կոլեկտիվ, Արսեն Ավետիսյանն արդեն մեկնարկում աչքի ընկավ արդյունավետությամբ` խփելով 4 գոլ: «100-ի ակումբի» պատմության մեջ այս մրցաշրջանը կարող է նշանավորվել Ավետիսյանի 200-րդ գոլով, ինչն իրոք «գրոսմայստերական» ցուցանիշ է ֆուտբոլիստի համար:

Մրցաշրջանի մեկնարկում արդյունավետ խաղով աչքի են ընկնում նաեւ ակումբի գործող անդամներից մի քանիսը: Իր ցուցանիշը 6 գնդակով բարելավել է «Բանանցի» հարձակվող Արամ Հակոբյանը` աչքի ընկնելով ազգային հավաքականում եւ «Շիրակի» ու «Փյունիկի» հետ հանդիպումներում: 115 գնդակով Արամն արդեն 8-րդ տեղում է եւ արդյունավետ ելույթները շարունակելու դեպքում կարող է շրջանցել Վահե Յաղմուրյանին եւ նույնիսկ Արման Քարամյանին:

Արթուր Քոչարյանն էլ որոշ ընդմիջումից հետո վերադառնալով Հայաստան, արդեն հասցրել է իր գոլերի հաշիվը բացել նոր ակումբում` «Գանձասարում»: Նա 2 գոլ է խփել գավաթային հանդիպումներում` դառնալով նաեւ բարձրագույն խմբում «Գանձասարի» խփած առաջին գոլի հեղինակը: Հայաստանի առաջնություններում ներկայումս Քոչարյանի հաշվին 89 գոլ է գրանցված: Անշուշտ, Արթուրը կձգտի գոլերի թիվը հասցնել 100-ի: Նման հոբելյան նշելու հնարավորություն ունի նաեւ Արմեն Շահգելդյանը, որին անհրաժեշտ է առաջնությունում եւս 12 գոլ խփել: Արմենը վնասվածքի պատճառով մրցաշրջանի մեկնարկում այնքան էլ հաճախ չէր հայտնվում խաղադաշտում, սակայն այժմ աստիճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերում: «Գանձասարի» հետ խաղում Շահգելդյանը բացեց իր գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում:

Ակումբի գործող անդամներից առայժմ միայն Տիգրան Եսայանին չի հաջողվել աչքի ընկնել դիպուկ հարվածով: Նա հնարավորություն ունի մտնելու լավագույն եռյակ: Դրա համար անհրաժեշտ է խփել ընդամենը 2 գոլ: Ինչ վերաբերում է ակումբի անդամության թեկնածուներին, ապա բացի Արամ Ոսկանյանից, հաշվի առնելով տարիքն ու արդյունավետությունը, ամենաիրական հավակնորդներն են Նշան Էրզրումյանն ու Արտյոմ Ադամյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4