«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2006-05-05 | #83, 2006-05-06 | #84, 2006-05-07


ՎՇՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՓՈՓԱՆՔ` ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՂՈԹՔՈՎ

Երեկ երեկոյան ժամերգությունից հետո, որպես համազգային վշտի նշան, երկար ղողանջեցին Հայաստանյայց առաքելական եկեղեցիների զանգերը: Հազարավոր մարդիկ` ահել ու ջահել, նույնիսկ մայրության բերկրանքի սպասող կանայք ու վատառողջներ, հավաքվեցին Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ու նրա շուրջը` մասնակից լինելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի հանդիսապետությամբ տեղի ունեցող հոգեհանգստյան պատարագին: Ներկա էին նաեւ հանրապետության նախագահը, վարչապետը, նախարարներ, հոգեւոր ու դիվանագիտական կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Մարդիկ հուզված էին, նրանց աչքերում վիշտն էր ու մխիթարության փնտրտուքը: Տպավորություն կար, որ բոլորն էլ հարազատի են կորցել, բոլորն էլ հենց իրենց մաշկի վրա են զգում կատարված ողբերգության ահավորությունը: Այդ է պատճառը, որ ձայնագրիչից հեռու գնացող մարդիկ ոչ թե չձայնագրվելու վախ ունեին, այլ հուզմունքից լալու եւ անզոր հուսահատությունից չհասկացվելու երկմտանք: Այնուամենայնիվ, եկեղեցի այցելողներից շատերը խոսեցին, հատկապես երեխաները:

«Ես Նարեկն եմ, 10 տարեկան եմ, եկել եմ իմ ցավակցությունը հայտնելու եւ աղոթելու զոհվածների համար», ասում է տխուր աչքերով տղան: Նրա մայրիկը` Հակոբյան Լուսյան արցունքն աչքերին պատմում է, որ իր մորաքրոջ հարսն է զոհվածների մեջ` մեկուկես տարեկան երեխայի հետ: «Աղոթում եմ նրանց հոգիների հանգստության համար եւ հավատում, որ նրանց հոգիները փրկվելու են», ասում է նա: Մի մայրիկ լալիս է ու ասում, որ ծանոթներ չկան զոհերի մեջ, բայց ցավը դրանից չի մեղմանում: «Սա ողջ հայ ժողովրդի ցավն է, որ անբացատրելի է, ինչպես ապրիլի 24-ը», ասում է սփյուռքահայ Արմեն Ջերահյանը, նշելով, որ զոհերի կորուստը նույն ցավով սգում են թե՛ այստեղ, թե՛ սփյուռքում, թե՛ ԼՂՀ-ում: «Իմ այստեղ գալը խղճիս պարտքն է իմ ազգի առջեւ, ասում է Լաուրա Լախոյանը, քանզի բոլոր հայերն են ինձ հարազատ, ու նրանց ե՛ւ նվաճումը, ե՛ւ վիշտը իմն է: Հատկապես սիրտս մխում է այն փաստից, որ զոհերի մեծ մասը գնում էր արտագնա աշխատանքի, որ արժանապատվորեն պահի իր ընտանիքը: Մեր կորուսյալ հայորդիների ճակատագրերը հուզելուց զատ հիշեցնում են մեր տնտեսական վիճակի մասին», ասում է նա: Մանիկյան Հռիփսիմեն 12 տարեկան է եւ պատմում է, որ լուրը ցնցեց իրեն. «Ես էլ ինքնաթիռ չեմ նստի», ասում է ապագա պարուհին: Նրա մեծ քույր Ռուզաննան ասում է, որ զոհվածներից յուրաքանչյուրի փոխարեն կարող էր լինել մեզնից յուրաքանչյուրը, դրա համար ամեն մեկս պետք է զգոն ապրենք ու ճշտորեն կատարենք մեր մասնագիտական պարտականությունները այսպիսի աղետներից խուսափելու համար:

Հոգեհանգստյան կարգին ներկաները հոտնկայս ու լուռ, ուշադրությամբ հետեւում էին Վեհափառ հայրապետի մխիթարական խոսքին, որի սպասված բառերն էին. «Սիրելիներ, մահը կյանքի վախճանը չէ՛: Մեծ է կորստի ցավը, բայց թող անհատնում եւ անխախտ լինի մեր հույսը Աստուծո ողորմության նկատմամբ: Զորացե՛ք հավատով: Նրանց կյանքը պիտի շարունակվի եւ նրանց հիշատակն անմար պիտի լինի ձեր արդար գործերով: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի, ամեն»:

«Տեր ողորմյա»-ի եւ հայրապետական մաղթերգի հոգեպարար հնչյունների ներքո մարդիկ դուրս էին գալիս եկեղեցուց: Ու թվում էր, թե նրանք հավատում են, որ կորստյան անակնկալ ցավը չի ընկճի, չի կործանի նրանց աղոթքով նորոգված ոգեղենությունը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4