Ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական օրն էլ ավելի մեծ հաջողություն բերեց Հայաստանի մարզական պատվիրակությանը: Մինչեւ 77 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ Գեւորգ Դավթյանը, որը երկամարտի 360 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Հայ ծանրորդը վստահ ելույթ ունեցավ: Պոկում վարժությունում նա արդյունավետ օգտագործեց բոլոր մոտեցումները` հաջորդաբար բարձրացնելով 160, 163 եւ 165 կգ ծանրաձողերը: Այս վարժությունում նրա արդյունքը լավագույնն էր եւ հայ ծանրորդն արժանացավ փոքր ոսկե մեդալի: Նրա մոտակա մրցակիցը` բուլղարացի Գեորգի Մարկովը Գեւորգին զիջեց 6 կգ-ով:
Հրում վարժությունը բոլորից հաջող կատարեց ռուսաստանցի Վլադիսլավ Լուկանինը` երրորդ մոտեցմամբ բարձրացնելով 200 կգ-անոց ծանրաձողը: Դավթյանն արդեն երկրորդ մոտեցմամբ բարձրացնելով 195 կգ, երկամարտի 360 կգ արդյունքով ապահովեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Երրորդ մոտեցմամբ նա փորձեց բարձրացնել 200 կգ, սակայն անհաջողության մատնվեց: Արդյունքում, հրում վարժությունում Գեւորգն արժանացավ փոքր արծաթե մեդալի: Այս վարժությունում մեդալների համար մղվող պայքարին կարող էր խառնվել Հայաստանի երկրորդ պատվիրակը` Արա Խաչատրյանը, եթե 3-րդ մոտեցման ժամանակ հրեր 197 կգ-անոց ծանրաձողը: Այդ դեպքում նա կարժանանար արծաթե մեդալի, իսկ Դավթյանը կստանար փոքր բրոնզե մեդալ: Սակայն Արային չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Նա երկամարտի 344 կգ (153+191) արդյունքով գրավեց 5-րդ տեղը:
Այսպիսով, երկամարտի 360 կգ արդյունքով Գեւորգ Դավթյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Անկախությունից հետո հայ ծանրորդներից Եվրոպայի կրկնակի չեմպիոն էր դարձել Աշոտ Դանիելյանը, մեկ անգամ էլ ուժեղագույնն էր ճանաչվել Խաչատուր Քյափանակցյանը:
Արծաթե մեդալը 352 կգ (152+200) արդյունքով նվաճեց Վլադիսլավ Լուկանինը, որը երկամյա որակազրկումից հետո առաջին անգամ էր մասնակցում նման կարգի մրցումների: Բրոնզե մրցանակակիր դարձավ բուլղարացի Գեորգի Մարկովը` 351 կգ (159+192):
Կանայք ավարտեցին իրենց մրցավեճը: Մեդալների վերջին հավաքածուն վիճարկեցին 75 կգ-ից բարձր քաշ ունեցող մարզուհիները: 290 կգ (126+164) արդյունքով Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց ուկրաինուհի Օլգա Կորոբկոն: Նա 19 կգ-ով գերազանցեց ռուսաստանցի Նատալյա Գագարինային: Բրոնզե պարգեւը ստացավ Բուլղարիայի ներկայացուցիչ Յորդանկա Ապոստոլովան` 245 կգ (113+132):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ