Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը մոտենում է վերջնագծին: Մրցաշարի վերջին ակորդը կհնչի մայիսի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ ժամը 20-ին երկրի չեմպիոն «Փյունիկն» ու ներկայիս գավաթակիր «Միկան» կսկսեն եզրափակիչ մրցավեճը պատվավոր մրցանակի համար: Փաստորեն, ընթացիկ խաղարկությունում էլ մասնակից մյուս թիմերին չհաջողվեց խառնվել գավաթի համար «Փյունիկի» եւ «Միկայի» միջեւ ծավալված մրցավեճին: Չէ՞ որ 2000 թ. սկսած պատվավոր մրցանակը նվաճել են միայն «Միկան» ու «Փյունիկը»: Ընդ որում, 2001 թ.-ից յուրօրինակ օրինաչափություն է հաստատվել. կենտ տարիներին գավաթակիր է դարձել «Միկան», զույգ տարիներին` «Փյունիկը»: Կհաջողվի՞ «Փյունիկին» շարունակել օրինաչափությունը եւ չորրորդ անգամ նվաճելով գավաթն` այդ ցուցանիշով հավասարվել «Արարատին» ու «Միկային», թե՞ «Միկան» կխախտի այն եւ կդառնա հնգակի գավաթակիր: Դա հայտնի կդառնա եզրափակիչ մրցախաղից հետո, իսկ մինչ այդ ներկայացնում ենք վճռորոշ հանդիպման մասնակիցներին:
«Փյունիկ»
ՀՀ գավաթի խաղարկություններին մասնակցում է 1992 թ. (բացառությամբ 1999-2000 թթ.): Անցկացրել է 77 խաղ, +51=12-14, 185-55:
ՀՀ եռակի գավաթակիր (1996, 2002, 2004 թթ.), 1992 եւ 1997 թթ. եզրափակիչի մասնակից:
Գավաթի մրցաշարերում թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը Վարդան Մինասյանն է` 56:
Թիմի գավաթային լավագույն ռմբարկուն Արսեն Ավետիսյանն է` 23 գոլ:
Մեկ խաղարկության արդյունքով թիմի ռեկորդակիրն Արման Քարամյանն է` 9 գոլ (2002 թ.):
«Փյունիկը» 6-րդ անգամ է հանդես գալու գավաթի եզրափակիչում: Գավաթը նվաճելու թիմի առաջին փորձը ձախողվել է: 1992 թ. գավաթի անդրանիկ խաղարկությունում թիմը 0-2 հաշվով զիջեց «Բանանցին»: 4 տարի անց Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ «Փյունիկը» եզրափակիչում հաղթելով «Կոտայքին» (3-2)` առաջին անգամ նվաճեց գավաթը, սակայն հաջորդ տարի պատվավոր մրցանակը զիջեց «Արարատին»` վճռորոշ խաղում պարտվելով 0-1 հաշվով:
«Փյունիկին» գավաթային երկրորդ բարձունքին հասցրեց Օսկար Լոպեսը, որի գլխավորությամբ, 2002 թ. եզրափակիչում թիմն առավելության հասավ «Զվարթնոցի» նկատմամբ (2-0): Երկու տարի անց արդեն Միխայ Ստոյկիցային հաջողվեց «Փյունիկին» գավաթակիր դարձնել: Այս անգամ «Բանանցի» հետ վճռորոշ խաղում գավաթի բախտը վճռվեց 11 մ հարվածաշարում (հիմնական ժամանակում դարպասները մնացել էին անառիկ): Ավելի դիպուկ գտնվեցին փյունիկցիները (6-5):
Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Փյունիկն» այնքան էլ վստահ հանդես չեկավ: «Արարատի» հետ քառորդ եզրափակիչ մրցավեճի ելքը վճռվեց միայն 11 մ հարվածաշարով (երկու խաղերում էլ գրանցվել էր միեւնույն 1-1 հաշիվը), իսկ կիսաեզրափակիչում «Բանանցի» նկատմամբ «Փյունիկն» առավելության հասավ ի հաշիվ մրցակցի դաշտում խփած գոլի (1-0,1-2): Համեմատության համար նշենք, որ 2002 թ. «Փյունիկը» հաղթել էր բոլոր 7 խաղերում էլ` մրցակիցների դարպասները խփելով 26 գնդակ, իսկ 2004 թ. նույնքան հանդիպումներում դարպասը պահել էր անառիկ` խփելով 16 գոլ:
Գավաթի եզրափակիչ հանդիպումը «Փյունիկի» ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկի` Արսեն Ավետիսյանի համար կլինի հոբելյանական` 50-րդ խաղը: Առայժմ նա մասնակցել է եզրափակիչ 3 հանդիպման (1992, 1996, 1997 թթ.) եւ մեկ անգամ վայելել է գավաթի նվաճման բերկրանքը: Նույնպիսի ցուցանիշ ունի նաեւ Սարգիս Հովսեփյանը, որի համար եզրափակիչը կլինի 45-րդ խաղը: Փյունիկցիների ներկա կազմից ամենատիտղոսակիրը Ռաֆայել Նազարյանն է: Նա եռակի գավաթակիր է դարձել «Արարատում» (1997 թ.), «Ցեմենտում» (1999 թ.) եւ «Փյունիկում» (2004 թ.) հանդես գալիս: «Փյունիկում» (2002, 2004 թթ.) կրկնակի գավաթակիրներ են դարձել Աղվան Մկրտչյանն ու Վալերի Ալեքսանյանը, ընդ որում Աղվանը 2001 թ. «Արարատի» կազմում մասնակցել է «Միկայի» հետ եզրափակիչ հանդիպմանը: Այդ խաղում «Արարատում» հանդես է եկել նաեւ Ալեքսանդր Թադեւոսյանը, որը 2004 թթ. «Փյունիկի» իր խաղընկերների հետ նվաճել է գավաթը: Մեկական անգամ գավաթակիր են դարձել նաեւ Արթուր (1998 թ.) եւ Արա (1999 թ.) Ոսկանյանները (երկուսն էլ` «Ցեմենտում»), Լեւոն Փաչաջյանն ու Ռոբերտ Արզումանյանը (2004 թ., երկուսն էլ` «Փյունիկում»): Հետաքրքրական է, որ Փաչաջյանն ու Գեւորգ Կասպարովը 2002 թ. «Զվարթնոցի» կազմում մասնակցել են «Փյունիկի» հետ եզրափակիչ հանդիպմանը: Այնպես որ, հերթական եզրափակիչը նրանց համար կլինի 3-րդը:
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանն իր սաների հետ 3-րդ անգամ է եզրափակիչ մտնում: 1995 եւ 1996 թթ. նրա գլխավորությամբ Աբովյանի «Կոտայքը» հանդես է եկել եզրափակիչում եւ երկու դեպքում էլ անհաջողության է մատնվել` զիջելով համապատասխանաբար «Արարատին» (2-4) եւ «Փյունիկին» (2-3):
«Միկա»
ՀՀ գավաթի խաղարկություններին մասնակցում է 2000 թ.: Անցկացրել է 44 խաղ, +30=7-7, 104-28:
ՀՀ քառակի գավաթակիր (2000, 2001, 2003, 2005 թթ.):
Գավաթի մրցաշարերում թիմի կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրն Արմեն Պետիկյանն է` 34:
Թիմի գավաթային լավագույն ռմբարկուն Արամ Ոսկանյանն է` 9 գոլ:
Մեկ խաղարկության արդյունքով թիմի ռեկորդակիրն Արամ Ոսկանյանն է` 9 գոլ (2003 թ.):
«Միկան» իրավամբ գավաթային թիմի համբավ է ձեռք բերել եւ ամենահաջողակն է պատվավոր մրցանակի համար մղվող պայքարում: Չորս անգամ հանդես գալով եզրափակիչում, բոլոր դեպքերում էլ թիմը հաջողության է հասել: 2000 եւ 2001 թթ. «Միկան» Էդուարդ Մարգարովի գլխավորությամբ նվաճեց գավաթը` եզրափակիչ խաղերում հաղթելով «Զվարթնոցին» (2-1) եւ «Արարատին» (1-1, 4-3` 11 մ): Երկու տարի անց թիմը գավաթային բարձունքին հասցրեց Սուրեն Բարսեղյանը: «Բանանցի» հետ եզրափակիչ խաղի ելքը վճռեց Արմեն Պետիկյանի խփած միակ գոլը: Եվ ահա անցյալ տարի իր նորամուտը թիմի գլխավոր մարզչի պաշտոնում գավաթի նվաճմամբ նշանավորեց Արմեն Ադամյանը, որի գլխավորությամբ «Միկան» վճռորոշ խաղը շահեց «Կիլիկիայից» (2-0):
Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Միկան» պայքարից դուրս է մղել «Գանձասարին» (0-1, 3-0) եւ «Կիլիկիային» (3-0, 1-0): «Միկայի» ներկայիս կազմից Արմեն Պետիկյանը քառակի գավաթակիր է: Հաջողության դեպքում նա կարող է կրկնել Տիգրան Գսպեյանի ռեկորդային ցուցանիշը: Եռակի գավաթակիր է Արմեն Շահգելդյանը («Արարատի» կազմում): Եթե նա անցյալ տարի շուտ վերադառնար Լիբանանից եւ մասնակցեր գավաթի մրցաշարին, ապա այսօր քառակի գավաթակիր կլիներ: Եզրափակիչ հանդիպումը Շահգելդյանի համար կլինի 6-րդը (բացի 1993-95 թթ. «Արարատում» խաղալուց, նա 1997 թ. «Փյունիկում», 1998 թ. «Երեւանում» մասնակցել է եզրափակիչ խաղերի) եւ այս ցուցանիշով կհավասարվի ռեկորդակիրներ Արամայիս Տոնոյանին ու Համլետ Մխիթարյանին: Շահգելդյանը «Միկայում» գավաթի մրցաշարերում իր օգտին 7 գոլ է գրանցել, իսկ ընդհանուր առմամբ խփել է 16 գնդակ:
Գավաթի մրցաշարերում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր Հովհաննես Թահմազյանի (72 խաղ) համար հերթական եզրափակիչը կլինի 5-րդը: Առաջին երեքը «Շիրակի» կազմում (1993, 1994, 1999 թթ.) նրա համար անհաջող է ավարտվել, իսկ ահա անցյալ տարի «Միկայում» Թահմազյանը վերջապես վայելեց գավաթի նվաճման բերկրանքը: Կրկնակի գավաթակիրներ են Արսեն Մելոյանը, Ֆելիքս Հակոբյանը, Վարդան Հովհաննիսյանը, Մարատ Մկրտչյանը, Արտյոմ եւ Արտաշես Ադամյանները: Մեկական անգամ գավաթակիր են դարձել Հրաչյա Միքայելյանը, Տիգրան Դավթյանն ու Արտաշես Անտոնյանը:
«Փյունիկ»-«Միկա»
Թեեւ երկու թիմերն էլ շատ հաջող են հանդես եկել գավաթի մրցաշարերում, սակայն առաջին անգամ են միմյանց հետ հանդիպելու եզրափակիչում: Գավաթի 15 խաղարկություններում սա 12-րդ զույգն է, որ վիճարկելու է պատվավոր մրցանակը (երկուական անգամ եզրափակիչներում հանդիպել են «Արարատն» ու «Շիրակը» (1993, 1994 թթ.) եւ «Փյունիկն» ու «Բանանցը» (1992, 2004 թ.): Գավաթի մրցաշարերում «Փյունիկի» եւ «Միկայի» ճանապարհները 3 անգամ են հատվել եւ բոլորն էլ կիսաեզրափակիչում: Այդ հանդիպումներում հաղթած թիմն ի վերջո նվաճել է գավաթը: 2001 թ. երկու հանդիպումներում էլ միեւնույն 2-1 հաշվով հաղթել է «Միկան»: Հաջորդ տարի «Փյունիկը» ռեւանշի հասավ` վստահ հաղթանակներ տոնելով (4-1, 3-1): Հատկապես համառ բնույթ կրեցին 2004 թ. կիսաեզրափակիչ մրցախաղերը: Երկու խաղերում դարպասները մնացին անառիկ եւ եզրափակիչի ուղեգրի բախտը վճռվեց 11 մ հարվածաշարով: Բախտը ժպտաց «Փյունիկին» (4-2):
Այսպիսով, թիմերի միջեւ կայացած գավաթային 6 մրցախաղերից երկուսն ավարտվել են ոչ-ոքի, երկուական անգամ հաջողությունն ուղեկցել է «Փյունիկին» ու «Միկային»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ