«Փյունիկ»-«Միկա»` 0-1 (0-1)
9 մայիսի, Երեւան, «Հանրապետական» մարզադաշտ:
Մրցավար` Կարեն Նալբանդյան:
«Փյունիկ»-Գեւորգ Կասպարով, Ալեքսանդր Թադեւոսյան (Գեւորգ Ղազարյան, 59), Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Ռաֆայել Սաֆարյան (Տիգրան Ղարաբաղցյան, 31), Աղվան Մկրտչյան, Արթուր Ոսկանյան (Վալերի Ալեքսանյան, 70), Ռաֆայել Նազարյան, Բորիս Մելքոնյան, Լեւոն Փաչաջյան, Արսեն Ավետիսյան:
«Միկա»-Ֆելիքս Հակոբյան, Արմեն Պետիկյան, Հովհաննես Թահմազյան, Հրաչյա Միքայելյան, Արտաշես Անտոնյան, Արսեն Մելոյան, Տիգրան Դավթյան (Մարատ Մկրտչյան, 75), Ալեքս, Արտաշես Ադամյան (Արտյոմ Ադամյան, 55), Պավել Յուշկով (Կլեբեր, 71), Արմեն Շահգելդյան:
Գոլը` Շահգելդյան (23):
Զգուշացվեցին Պետիկյանը, Ոսկանյանը, Անտոնյանը, Թադեւոսյանը, Ալեքսը, Մկրտչյանը, Կլեբերը:
Աշտարակի «Միկայի» ֆուտբոլիստները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ իրոք գավաթային թիմի համբավ են վայելում: Ակումբի հիմնադրման օրվանից 7 տարվա ընթացքում «Միկան» 5-րդ անգամ հանդես եկավ գավաթի եզրափակիչում եւ 5-րդ անգամ էլ հաղթանակած թողեց խաղադաշտը: Աշտարակցիները յուրօրինակ ռեկորդակիրներ դարձան` կրելով երկրի հնգակի գավաթակրի տիտղոսը:
Հոգեբանական առումով վճռորոշ հանդիպումից առաջ որոշակի առավելությունը «Փյունիկի» ֆուտբոլիստների կողմն էր, որոնք մինչ այդ առաջնության խաղում խոշոր` 3-0 հաշվով հաղթել էին «Միկային»: Սակայն գավաթային հանդիպումներն, առավել եւս եզրափակիչ խաղն, առանձնանում են իրենց յուրահատկությամբ ու անկանխատեսելիությամբ: Մյուս կողմից «Միկան» շատ հաջող էր հանդես եկել նախորդ եզրափակիչներում` բոլոր դեպքերում էլ հասնելով հաղթանակի: Թիմերը տակտիկական տարբեր խաղաոճ էին ընտրել: Եթե «Փյունիկը» գրոհում էր մեծ ուժերով` դիմելով եզրային սուր ճեղքումների, ապա «Միկան» ապավինել էր հակագրոհներին: Եվ ինչպես ցույց տվեց հանդիպումը, այդ տակտիկան արդարացրեց իրեն: Դրանցից մեկի ժամանակ էլ Արմեն Շահգելդյանը ներխուժելով տուգանային հրապարակ, խոցեց դարպասը: Այդ միակ գոլն էլ հաղթանակ պարգեւեց «Միկային»: Իսկ ահա «Փյունիկին» այդպես էլ չհաջողվեց ճեղքել մրցակցի զանգվածային պաշտպանությունը: Եղան վտանգավոր պահեր, բայց հստակ էին գործում «Միկայի» պաշտպաններն ու դարպասապահը: Տարվելով գրոհներով, փյունիկցիներն աչքաթող արին «Միկայի» մի քանի սուր հակագրոհները, որոնցից երկուսը կարող էին նոր հաջողություն պարգեւել թիմին, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Շահգելդյանն ու Մկրտչյանը: Իրենց հերթին փյունիկցիներ Փաչաջյանը, Ավետիսյանը չօգտագործեցին գոլային պահերը: «Միկան» հմտորեն պաշտպանվելով, կարողացավ խաղը հաղթական վախճանի հասցնել:
Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում, որին Սամվել Պետրոսյանի փոխարեն ներկայացել էր «Փյունիկի» երկրորդ մարզիչ Վարդան Մինասյանը, հետեւյալ գնահատականը տրվեց:
Արմեն Ադամյան («Միկա»)-Ավիավթարից հետո չափազանց դժվար էր թիմը նախապատրաստել եզրափակիչ հանդիպմանը: Գիտեինք, որ «Արմավիան» մեր հովանավորն է, եւ մենք ձգտում էինք այդ դժվարին օրերին ինչ-որ կերպ օգնել Միխայիլ Բաղդասարովին, գավաթի նվաճմամբ ուրախացնել նրան: Ուրախ եմ, որ դա հաջողվեց մեզ: Տղաները պատասխանատվության զգացումով էին խաղադաշտ դուրս եկել: Շատ ծանր խաղ ստացվեց: «Փյունիկը» մեր հանրապետության ուժեղագույն թիմերից է եւ սպասում էինք, որ դժվար է լինելու: Խաղը հակագրոհների վրա կառուցեցինք եւ սպասում էինք հարմար առիթի, որը ներկայացավ, եւ Շահգելդյանը գոլ խփեց: Երկրորդ խաղակեսում եւս կարողացանք դիմագրավել մրցակցի գրոհներին, միաժամանակ կարող էինք հակագրոհների ժամանակ ավելացնել հաշիվը, բայց չհաջողվեց: Սակայն 1-0 հաշիվն էլ մեզ բավարար էր գավաթը նվաճելու համար: Ես ուրախ եւ հպարտ եմ տղաների համար:
Վարդան Մինասյան («Փյունիկ»)-Շնորհավորում եմ «Միկային»: Գավաթային իսկական թեժ մրցավեճ ստացվեց: Հոգեբանական առումով ինչ-որ չափով երեւի տղաները ինքնավստահ էին առաջնությունում տարած հաղթանակից հետո, թեեւ մենք զգուշացրել էինք, որ սա գավաթային հանդիպում է եւ հնարավորությունները հավասար են գնահատվում: Պարզապես այսօր «Միկան» ավելի լավ էր պատրաստվել հանդիպմանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ