«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2006-05-07 | #85, 2006-05-11 | #86, 2006-05-12


ՊԱՌԼԱՄԵՆՏ ՈՒՆԵՆԱԼԸ ԴԵՌԵՎՍ ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ՆՇԱՆ ՉԷ

Ինստիտուցիոնալ փոխակերպումները հետխորհրդային երկրներում

Եվրասիական քաղաքագիտական ցանցի եւ ԵՊՀ համագործակցությամբ երեկ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դահլիճում բացվեց մի գիտաժողով, որի քննարկումների օրակարգում են հետխորհրդային երկրների քաղաքական համակարգերում եղած փոփոխությունների հետազոտությունն ու համեմատությունը:

Գիտաժողովը ողջունող ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը մի փոքր մանրամասնեց գիտաժողովի թեմաների շրջանակը` նախագահական կառույցի եւ օրենսդրական մարմնի զարգացում, կուսակցական քաղաքականություն, սահմանադրական դիզայն, ընտրություններ, համեմատական ժողովրդավարություն:

Ներկայացված էին ոչ միայն նախկին խորհրդային հանրապետությունները, այլեւ աշխարհի տարբեր երկրներում քաղաքագիտության մեջ հայտնի անուններ: Քննարկելով եւ վերլուծելով այն անցումային գործընթացը, որը տեղի է ունեցել վերջին տասնամյակներում հետխորհրդային տարածաշրջանում, գիտաժողովի մասնակիցները շեշտադրում արեցին ինստիտուցիոնալ գործոնի եւ քաղաքական զարգացումների ու ժողովրդավարացման վրա նրա թողած ազդեցությանը: Գործադիրի եւ օրենսդիրի փոխհամագործակցություն` ինստիտուցիոնալ դիզայն հենց այդ էլ նշանակում է, պարզաբանեց ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնից Ալեքսանդր Մարկարովը:

Հասկանանք` ի՞նչ է կատարվել մեզ մոտ եւ ողջ հետխորհրդային տարածքում, հետո կարող ենք նաեւ բնորոշումներ տալ եւ անելիք որոշել, համոզված էին գիտաժողովի հայ մասնակիցները:

«Ես մտածում եմ, թե երբ կգա ժամանակը, երբ մենք կդադարենք խոսել հետխորհրդային, անցումային երկրներից եւ կամաց-կամաց այդ վիճակից դուրս կգանք, որովհետեւ այդ վիճակում լինելը ցույց է տալիս, որ դեռեւս չենք հասել այն համակարգին, որին ձգտում ենք: Դրանից, անկեղծ լինենք, տուժում է մարդու իրավունքների երաշխավորության եւ պաշտպանության համակարգը, իսկ մեր սահմանադրությունն այն համարում է բարձրագույն արժեք պետության համար», իր խոսքում նկատեց մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նա կարեւորեց քաղաքական եւ ընդհանրապես մշակույթի նշանակությունը, որովհետեւ կարելի է սահմանադրական փոփոխություններ, ինստիտուտների վերակառուցում անել, բայց որքանո՞վ դրանք կաշխատեն` կախված է նրանից, թե որքանով են վերակառուցվել մարդկանց ներքին արժեքային համակարգը, փիլիսոփայությունը եւ մենթալիտետը: Հենց մշակույթի տեսակետից մենք շատ անելիք ունենք: Կարելի է ունենալ պառլամենտ եւ չունենալ պառլամենտարիզմ, կարելի է ունենալ սահմանադրություն եւ չունենալ սահմանադրականություն, դրանք տարբեր բաներ են, եւ սահմանադրականությունն է այն ռեժիմը, որի հիման վրա քաղաքացիական հասարակությունն ու պետությունը համագործակցում են, մարդու իրավունքների գերակայություն է ապահովվում: Ա. Հարությունյանը գիտաժողովը հնարավորություն համարեց` հստակ հասկանալու, թե որտեղ է գտնվում Հայաստանը, ինչ ունենք անելու, որպեսզի հնարավորինս արագ այդ հետխորհրդային իրավիճակից դուրս գանք եւ ավելի մոտենանք այն համակարգին, ինչին մենք ձգտում ենք:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով` վերջին տարիներին Հայաստանի ժողովրդավարական գործընթացները զգալի հետընթաց են ապրել. ստեղծվել են անկախ պետության ժողովրդավարության համար անհրաժեշտ կառույցներ եւ ինստիտուտներ, սակայն դրանց մեջ լրիվ այլ բովանդակություն է դրվում, այսինքնՙ դրանք միայն նմանակային նշանակություն են ունենում եւ չեն կատարում իրենց գործառույթները: Գուցե երեք օր տեւող գիտաժողովը կարողանա ինստիտուցիոնալ արտաքին ձեւը հարկավոր բովանդակությամբ լցնելու ուղիները մատնանշել:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4