Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլի Հայաստանի ազգային, երիտասարդական եւ պատանեկան հավաքականներին լուրջ փորձություններ են սպասվում: Մեր ֆուտբոլիստները մեկնարկելու են Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում:
Առաջինը մրցասպարեզ է մտնելու երիտասարդական հավաքականը, որը մայիսի 17-ին Սան Մարինոյում ընտրական մրցախաղ է անցկացնելու այդ երկրի հավաքականի հետ: Պատասխան հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 9-ին, Երեւանում: Իսկ պատանեկան հավաքականները նախապատրաստվում են աշնանը կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերին: Հիշեցնենք, որ մինչեւ 17 տարեկանների ընտրական մրցաշարն անցկացվելու է Երեւանում: Նախապատրաստվելով այդ մրցաշարին, ՀՀ մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների հավաքականները վերջերս Իրանում միջազգային հանդիպումներ անցկացրին: Երեկ ֆուտբոլի ֆեդերացիայում կայացած ասուլիսում, որին ներկա էին երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը, մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը եւ մինչեւ 17 տարեկանների գլխավոր մարզիչ Արսեն Չիլինգարյանը, ինչպես նաեւ ՀՖՖ գործկոմի անդամներ Լեւոն Հասրաթյանն ու Ռուբեն Սինոյանը, տրվեցին անցկացրած խաղերի գնահատականները, ինչպես նաեւ անդրադարձան հուզող հարցերին ու հիմնախնդիրներին:
Լեւոն Հասրաթյանն ու Արմեն Գյուլբուդաղյանցը տեղեկացրին, որ Իրանում տեղի հավաքականի հետ 2 խաղերում էլ մեր պատանիները պարտվել են (1-4, 0-1): Սակայն տեղում պարզվել է, որ մրցակցի կազմում մեծ թվով բավական տարեց ու փորձառու ֆուտբոլիստներ են խաղացել: Ընդ որում, երկրորդ խաղում հայ պատանիները զգալի առավելություն են ունեցել, սակայն խաղավերջում մրցավարը վիճելի 11 մ հարված է նշանակել մեր դարպասին: Ըստ Գյուլբուդաղյանցի, 1988 թ. ծնված ֆուտբոլիստների հարցում ընտրության հնարավորությունները սահմանափակ են: Աշխատանքներ են տարվում արտերկրում հանդես եկող հայազգի պատանի ֆուտբոլիստների հայտնաբերման համար: Գլխավոր մարզիչը նշեց, որ հանդիպումները շատ օգտակար էին ֆուտբոլիստների համար: Նրանք խաղային զգալի փորձ ձեռք բերեցին: Մինչեւ Կիպրոսում կայանալիք ընտրական մրցաշարի մեկնարկը, նախատեսվում են ընկերական հանդիպումներ Վրաստանի, Ռուսաստանի իրենց հասակակիցների հետ: Մարզչին անհանգստացնում է հատկապես դարպասապահի հարցը:
Մինչեւ 17 տարեկանների հավաքականն Իրանում մասնակցել էր միջազգային մրցաշարերի: Պատվիրակության ղեկավար Ռուբեն Սինոյանը նշեց, որ Իրաքի հետ առաջին խաղում տղաները հոգեբանորեն ընկճված էին` կապված ավիավթարի հետ: Իրաքցիներին մեր թիմը պարտվեց 0-5 հաշվով: Երկրորդ խաղում, որում մրցակիցը Չինաստանի բավական ուժեղ հավաքականն էր, մեր ֆուտբոլիստները սթափվեցին եւ խաղն ավարտեցին ոչ-ոքի (2-2): Իսկ ահա Իրանի հետ խմբային մրցաշարի վերջին խաղում հայ պատանիները հաղթեցին 1-0 հաշվով: Մեր հավաքականը խմբում գրավեց 3-րդ տեղը եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Արսեն Չիլինգարյանն էլ գտնում է, որ մրցաշարն օգտակար էր հայ պատանիների համար, որոնք առաջին անգամ էին միջազգային հանդիպումներ անցկացնում: Նա նշեց, որ դեռեւս շատ անելիքներ կան մարտունակ կոլեկտիվ կազմավորելու գործում: Դրան պետք է նպաստի «Պատանի» թիմի անվան տակ մինչեւ 17 տարեկանների հավաքականների մասնակցությունը Հայաստանի առաջին խմբի առաջնությանը: Մարզչին առավել շատ մտահոգում է դարպասապահի եւ պաշտպանական օղակի հարցը:
ՀՀ երիտասարդական հավաքականը մայիսի 15-ին մեկնելու է Սան Մարինո: Սամվել Պետրոսյանը տեղեկացրեց, որ կազմի ընտրության հարցում որոշակի դժվարություններ են ծագել: Մասնավորապես, վնասվածքի պատճառով հավաքականին չի կարող օգնել «Այաքսում» խաղացող Էդգար Մանուչարյանը: Ժորա Հովհաննիսյանն էլ զբաղված է «Օլիմպիակոսում»: Լեգեոնականներից Սան Մարինո կմեկնի միայն Արթուր Ստեփանյանը («Սատուռն»): Սամվել Պետրոսյանը հույս ունի, որ հաջողությամբ կհաղթահարեն Սան Մարինոյի ֆուտբոլիստների դիմադրությունը եւ հետագայում Բոսնիայի (մրցակցի դաշտում) եւ Նորվեգիայի (սեփական դաշտում) հավաքականների հետ մրցախաղերում հնարավորություն կունենան ասպարեզ դուրս բերել Ռոբերտ Զաբելյանին («Կուբան»), Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Անտոնի Ղարիբյանին եւ Մոսկվայի «Տորպեդոյի» պաշտպան Դենիս Թումասյանին: Սամվել Պետրոսյանը գտնում է, որ ընտրական մրցաշարի ներկայիս մրցակարգը, երբ խաղերի քանակը նվազել է, ավելի ձեռնտու է մեր հավաքականին:
Հայաստանի երիտասարդական հավաքականը Սան Մարինո կմեկնի հետեւյալ կազմով.
Դարպասապահներ
Արթուր Հարությունյան «Փյունիկ»
Էդգար Գասպարյան «Փյունիկ»
Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան «Փյունիկ»
Վալերի Ալեքսանյան «Փյունիկ»
Հայկ Չիլինգարյան «Փյունիկ»
Արտաշես Բաղդասարյան «Կիլիկիա»
Արթուր Ստեփանյան «Սատուրն» Ռուսաստան
Կիսապաշտպաններ
Արմեն Տիգրանյան «Փյունիկ»
Մխիթար Գրիգորյան «Փյունիկ»
Սամվել Մելքոնյան «Բանանց»
Ռաֆայել Սաֆարյան «Փյունիկ»
Գեւորգ Ղազարյան «Փյունիկ»
Սուրեն Սարգսյան «Բանանց»
Բորիս Մելքոնյան «Փյունիկ»
Հարձակվողներ
Ալեքսանդր Պետրոսյան «Փյունիկ»
Տիգրան Ղարաբաղցյան «Փյունիկ»
Արսեն Բալաբեկյան «Բանանց»
Արտակ Օսեյան «Բանանց»
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ