Երեկ տեղի ունեցավ այն, ինչ պիտի տեղի ունենարՙ ՕԵԿ-ի հրաժարումը կոալիցիայից եւ ԱԺ նախագահի հրաժարումն իր պաշտոնից: Ամեն ինչ տանում էր դրան. կոալիցիայի մյուս թեւերը հոգնել էին իրենց տակ կոալիցիոն գործընկերոջ դրած ասեղների վրա նստելիս վեր-վեր թռչելուց, իսկ «Օրինաց երկիրն» էլ տվայտում էր կոալիցիայի հուշագրով նախատեսված պարտավորությունները կատարելու եւ գործով իշխանությանը քննադատելու հարմար առիթներն օգտագործելու գայթակղության միջեւ:
ՕԵԿ-ը կազմալուծելու ձեռագիրը նույնն էր, ինչը ժամանակին կատարվել է ՀՌԱԿ-ի, ՀԺԿ-ի, ԱԺՄ-ի, մյուս կուսակցությունների հետ: Սակայն ե՛ւ Արթուր Բաղդասարյանը, ե՛ւ նրաՙ արդեն նախկին գործընկեր կուսակցություն ՀՅԴ-ի ներկայացուցիչները մնացին բարձր վարվելակերպի սահմաններումՙ փորձելով իրար քաղաքակիրթ հրաժեշտ տալու գործելակերպ որդեգրել:
Նախ< կեսօրին նախագահ Քոչարյանի մոտ տեղի էր ունեցել կոալիցիայի խորհրդի վերջին նիստը, որին մասնակցել էին ՕԵԿ-ից Արթուր Բաղդասարյանն ու Մհեր Շահգելդյանը, ՀՀԿ-ից վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն ու Լեւոն Մկրտչյանը: Ա. Բաղդասարյանը լքել էր նիստըՙ լրագրողների հետ նշանակված հանդիպմանը շտապելով, իսկ նիստը շարունակվել էր մոտ մեկ ժամ առանց նրա: Լրագրողներին հաջողվել է միայն նիստից դուրս եկած Ա. Ռուստամյանի հետ զրուցել եւ իմանալ Ա. Բաղդասարյանի ներկայացրած հրաժարականի եւ ՕԵԿ-իՙ կոալիցիայի կազմից դուրս գալու մասին: Կոալիցիայի մյուս անդամները նիստի ընթացքում շնորհակալություն են հայտնել ՕԵԿ-ի ներկայացուցիչներինՙ համատեղ աշխատանքի համար, իսկ իրենք որոշել են երկուսով շարունակել իրականություն դարձնել կոալիցիոն հուշագիրը:
Ըստ Ռուստամյանի, համագործակցելու են նաեւ խորհրդարանական այն ուժերի հետ, որոնք մշտապես նպաստել են կոալիցիոն նախաձեռնություններին: ՕԵԿ-ի դուրս գալը կոալիցիայից Ռուստամյանը բնական է համարումՙ որպես արդյունք տարաձայնություններով պայմանավորված լարվածության: Իսկ Ա. Բաղդասարյանի հրաժարականը չի պարտադրվել, այլ նրա կամավոր որոշումն է եղել:
Սակայն բառացիորեն այդ զրույցից րոպեներ առաջ տեղի ունեցող Արթուր Բաղդասարյանի ասուլիսի տոնայնությունը (անկախ ասված խոսքերի բովանդակությունից) հուշում էր բոլորովին այլ բան: Ընդամենը մեկ ժամում, Ա. Բաղդասարյանի ասուլիսի ընթացքում, ՕԵԿ-ը դարձավ ընդդիմադիր: Այս բոլորից միակ եզրակացությունն այն էր, որ կոալիցիան այլեւս իսկապես գոյություն չունի: Այդ մասին դեռ մեկ օր առաջ խոսում էին բոլորը: Սակայն ՀՅԴ-ն, երեւում է, այլ կարծիքի է:
Ըստ ԱԺ կանոնակարգի, Աժ նախագահի հրաժարականի դիմումի մասին պաշտոնապես պետք է հայտարարի ԱԺ նիստ վարողը, մայիսի 22-ի առավոտյան, որից 5 օր հետո հրաժարականը համարվում է ընդունված, եթե, իհարկե, նորից է ներկայացվում: Հակառակ դեպքում հրաժարականն իրավական ուժ չունի:
Վիկտոր Դալլաքյանը հետագա զարգացումների երկու սցենար է գծումՙ երկրի նախագահը կարող է արձակել ԱԺ-ն եւ արտահերթ ընտրություններ նշանակել կամ էլ վերադասավորումներ կազմակերպել ԱԺ-ում եւ կառավարությունում: Նա հնարավոր է համարում երկրորդ տարբերակը: Մինչդեռ կոալիցիայի չորրորդ կողմըՙ երկրի նախագահն, ըստ նորմալ երկրի գործելակերպի, պարտավոր էր երեկ ելույթ ունենալ հեռուստատեսությամբ եւ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնել: Վ. Դալլաքյանը հավանական համարեց առանց հրապարակային դիրքորոշման խորհրդարանում վերադասավորումների սկսումը, մեծամասնությանը հարկավոր 66 ձայնը երեւի կապահովվի «Ժողպատգամավորի», ՄԱԿ-ի, ՕԵԿ-ից հեռացած գործարարներից ստեղծած նոր խմբի միջոցով: Ըստ Դալլաքյանի, հնարավոր է, որ ԱԺ նախագահ դառնա Տիգրան Թորոսյանը, փոխնախագահՙ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը:
Երեկ ՕԵԿ-ի հանրապետական գործընկերներն Ա. Բաղդասարյանի ասուլիսից հետո անհետացել էին տեսադաշտից: Հասանելի էր ՀՅԴ-ից Հրայր Կարապետյանը, որը կրկին մեղմեց շեշտադրումներըՙ բարձր գնահատեց երեք տարվա համատեղ աշխատանքը կոալիցիոն հուշագրի շրջանակներում, ապա եւ ի հեճուկս կոալիցիայի վերջնական փլուզման մասին տեսակետներիՙ վերահաստատեց Ա. Ռուստամյանի ասածըՙ երկու կուսակցություններով կոալիցիայի հուշագրի շրջանակում աշխատել շարունակելու մասին: Բա՜: Քանի որ հուշագրում ընդգրկված սկզբունքներն սպառված չեն, ըստ նրա դեռեւս անելիք կա:
Բա ի՞նչ էր ասում մի օր առաջ Գալուստ Սահակյանը, թե կոալիցիան կատարել է իր առջեւ դրված խնդիրները:
Ո՞վ կգրավի Ա. Բաղդասարյանի տեղը. Հ. Կարապետյանը վաղ համարեց այդ մասին խոսելը, բայց տրամաբանական գտավ, որ կոալիցիայից հրաժարված ՕԵԿ-ի պաշտոնյաները պետք է թողնեն իրենց պաշտոնները: Մնացած մեկ ամսում ԱԺ այս նստաշրջանը կհասցնի ԱԺ նախագահ ընտրել եւ մյուս բացվող պաշտոնները համալրել, քանի որ օրենսդիր մարմնի աշխատանքի վակուում չպետք է առաջանա: Իսկ ԱԺ լուծարման խնդիր նա չի տեսնում:
Ըստ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի, բուն պատճառը, որի համար ազատվեցին Ա. Բաղդասարյանից, այն էր, որ վերջինս ուժեղանում էր եւ կարող էր այլեւս չլսել կոալիցիայի բուն ղեկավարներին, նման պայմաններում անհրաժեշտ էր նրան լծակներից զրկել: Իսկ որ Տիգրան Թորոսյանը կարող է դառնալ ԱԺ նախագահՙ դա Ա. Սադոյանին հավանական չի թվում. երկու հանրապետականՙ վարչապետ եւ ԱԺ նախագահ, չի հանդուրժի նախագահ Քոչարյանը, որը չի ուզենա այդքան լծակներով օժտել կոալիցիայի ոչ մի կողմին: Հավանաբար կորոնվի որեւէ չեզոք կողմ:
Որտե՞ղ կլինի ՕԵԿ-ը: Ընդդիմադիրՙ դա ասաց հենց Ա. Բաղդասարյանը, բայց արդյոք ընդդիմությունը պատրա՞ստ է ընդունել նոր գործընկերոջ: Դատելով առաջին արձագանքներիցՙ ոչ: «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն էր մի փոքր մեղմ արձագանքել. «Կաշխատեն, կտեսնենք»: ԱՄ ղեկավար Արտաշես Գեղամյանն առանձնապես չէր ոգեւորվելՙ թող ՕԵԿ-ն ընդունի իր մասնակցությունն իշխանության ալան-թալանի մեջ, գուցեեւ դրանից հետո մի բան դուրս գա: Վազգեն Մանուկյանը նույնպես կոշտ էր արձագանքել, իսկ Վիկտոր Դալլաքյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ժողովուրդը կորոշի կուսակցության (բոլոր կուսակցությունների) տեղը:
Իսկ ՕԵԿ-ը պատրաստվում է մեն-մենակ գնալ իր ճանապարհով:
Այսօր-վաղն արդեն «քաղաքակիրթ առեւտուրն» այլ հոգսեր կառաջադրի. կհրաժարվե՞ն կուսակցությունից ՕԵԿ-ական երկու մարզպետները, թե՞ կգերադասեն պաշտոնն, ինչպես որ ՕԵԿ-ական երկու նախարարներն արեցին (մշակույթի նախարարը կուսակցական չէ), ո՞վ կդառնա ԱԺ երկու հանձնաժողովների նոր նախագահ (իրենց կենսագրությունն առանց տառասխալի գրող երկու մարդ, ըստ Վ. Դալլաքյանի, կգտնվի), ովքե՞ր կգան լրացնելու կոալիցիայի երրորդ կողմի ազատած տարածքը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ