«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2006-05-11 | #86, 2006-05-12 | #87, 2006-05-13


ԿՈՎԿԱՍՅԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հյուսիսային Կովկասը շարունակում է մնալ Ռուսաստանի ամենաանհանգիստ ու անկայուն տարածաշրջանը: Նույնիսկ Չեչնիայի իրադրության քիչ թե շատ կարգավորումը պարադոքսալ կերպով առաջ է բերում առաջին հերթին... անմիջական հարեւանների անհանգստությունը: Անշուշտ Հայաստանն էլ չի կարող անտարբեր լինել երկրամասում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, թեկուզեւ նկատի ունենալով հաղորդակցության ուղիները:

Հեռուստատեսությամբ Հյուսիսային Կովկասից տրվող հաղորդումները իրենց ողջ խռովվածությամբ հանդերձ շատ հեռու են իրականությունից եւ դրա համեմատ կարող են նույնիսկ իդիլիկ թվալ: Խորհրդային Միության քայքայումից Ռուսաստանի ոչ մի տարածաշրջան թերեւս այնքան չտուժեց, ինչքան կովկասյանը: Գրեթե լիակատար քայքայված էկոնոմիկա, համատարած գործազրկություն, հրեշավոր կոռուպցիա, քրեական անարխիա, բարոյական անկում, ավանդական ապրելակերպի, նիստուկացի խաթարում: Ընդսմին, այդ ֆոնի վրա դժվար է Մոսկվայի գործողություններում փնտրել որեւէ հստակ կամային պետական քաղաքականություն, որեւէ կոնկրետ ծրագիր, ինչ-որ քիչ թե շատ հեռանկարային իրական մտահղացում: Առկա է կենտրոնի կողմից կովկասցիների խառնվածքի, հոգեբանության, սովորույթների, կոնֆլիկտների բնույթի թերըմբռնում կամ դրանց անտեսումՙ գիտակցաբար թե ոչ կանխակալ: Կրեմլին շատ բան չեն սովորեցնում նաեւ Կովկասը նվաճող ու հնազանդեցնող ցարական զինվորականների ու պաշտոնյաների բազում հիշատակումները, որ Ասիայում բոլոր համոզումների ու բանակցությունների հիմքը ուժն է: Իսկ եթե Ռուսաստանի ղեկավարության մեջ հերոսներ չկան, ինչպես վերջերս գրել էր տեղական թերթերից մեկը, ապա անիմաստ է սպասել իրադրության կայունացում: Թեեւ Ռուսաստանում ոչ ոք չի էլ մոռանում, որ Խորհրդային Միության քայքայումն էլ սկսվեց Անդրկովկասում բռնկած ազգամիջյան արյունահեղ բախումներից:

Պարզ է, որ Կրեմլի թուլությունից օգտվում են նրա աշխարհաքաղաքական մրցակիցները, որոնք, ճիշտ է, առայժմ ոչ այնքան բացահայտ, արդեն ակնարկում են տարածքում ՆԱՏՕ-ի «խաղաղարար» առաքելության մասին: Եթե ռուսները ամերիկացիներին թույլ տվեցին մտնել Միջին Ասիա, դա դեռ կարելի էր հասկանալ. Ռուսաստանն ի վիճակի չէ միայնակ դիմակայելու Չինաստանին, որի քաղաքական ու տնտեսական ազդեցությունը տվյալ աշխարհաշրջանի վրա օրեցօր մեծանում է: Իսկ այստեղ խոսքը վերաբերում է Ռուսաստանի անմիջական տարածքին: Սա կնշանակի երկիրը մասնատելու եւ առանձին «իշխանությունների», այդ թվում նաեւ «մելիքությունների» վերածելու արեւմտյան պլանների իրագործում (մի ուրվական է շրջում Եվրոպայում...Կոսովոյի ուրվականը):

Թերեւս ԽՍՀՄ-ը իր գոյությամբ ոչ մեկին այնքան անհրաժեշտ չէր, ինչքան հյուսիսկովկասյան ժողովուրդներին: Տարրական բան, եթե նացիոնալիզմը չի կարող մեծ վնաս հասցնել, ասենք, հայերիս` միատարր Հայաստանին, ապա այդ վարակիչ գործոնը քայքայիչ, նույնիսկ ավերիչ ուժ է դառնում աշխարհաքաղաքական փոքր տարածքում ծվարած հարյուրավոր ազգային միավորների համար: Նկատի ունենալով այդ խայտաբղետությունը, կոմունիստների ժամանակ Դաղստանի ղեկավար էին նշանակում ռուսի, եւ ամեն ինչ հարթ էր ընթանում: Հիմա այդ պարագան էլ է վտանգավոր դարձել, եւ հարկադրաբար բարձրագույն պաշտոններում իրար փոխարինում են առավել խոշոր, այսպես ասած տիտղոսային ազգերի ներկայացուցիչները: Եվ այդ գործընթացն ուղեկցվում է մեծ լարվածությամբ` հղի պայթյուններով, ուղղակի ու փոխաբերական իմաստով:

Առաջ են քաշվում Հյուսիսային Կովկասը «միավորող ու խաղաղեցնող» զանազան գաղափարներ` Լեռնային ժողովուրդների կոնֆեդերացիա, Կովկասյան տուն, անկախ պետություններ եւ այլն, սակայն ոչինչ չի ստացվում, տապալվում է ու ամեն ինչ նորից է սկսվում: Ինքնավարությունների ղեկավարները ստեղծում են իրենց կլանները (հիմնականում` ցեղային) եւ տնօրինում տնտեսության բոլոր եկամտաբեր ճյուղերը: Էկոնոմիկան, եթե կա, հիմնականում ստվերային է, պաշտոններն առուծախի առարկա են, «ծաղկում է» քրեական կյանքը: Թերեւս իրավացի է Գենադի Զյուգանովը, երբ հեգնանքով հայտարարում է` փորձեք դեմոկրատիա հաստատել Հյուսիսային Կովկասում:

Ռուսական մամուլը կովկասյան հանգույցները վերլուծելիս հատուկ ուշադրություն է նվիրում Հյուսիսային Օսիայի եւ առհասարակ օսերի խնդրին: Ինչպես Հայաստանն ու Վրաստանն են դարձել քրիստոնեական օազիսներ մուսուլմանաբնակ տարածաշրջանում, այնպես էլ Օսիան է օղակվել օտարահավատ ազգային կազմավորումներով, ընդ որում նրանց հետ փոխհարաբերությունները բնավ էլ «եղբայրական» չես համարի: Եվ հայտնի չէ, թե ինչ բախտի կարժանանա այդ համակրելի ժողովուրդը, որը միշտ թիկունք է կանգնել ու կանգնում է (հատկապես չեչենական պատերազմում) «ուղղափառ» Մոսկվային, եթե հանկարծ Ռուսաստանը պարտություն կրի Կովկասում:

Բնականաբար, հյուսիսկովկասյան քաղաքական թեմատիկան Ռուսաստանի համար չի կարող անմիջականորեն չառնչվել Անդրկովկասի իրողություններին: Արդ, հարց է առաջանում, ասվածով հանդերձ, ազգային անհարիրություննե՞րն են կովկասյան աշխարհի անկայունության պատճառները: Անիմաստ է ժխտել այդ երեւույթի ծայրահեղ հիվանդագին բնույթը եւ դրա հարատեւության հեռանկարը. էթնիկական հակամարտություններն ու պատերազմները դաժան են իրենց բիրտ հետեւողականությամբ` առավելագույնս ընկճել հակառակորդ ազգին, իսկ եթե հնարավոր է` վերացնել նրան:

Սակայն համաշխարհային իրադարձությունների ընթացքի հենքի վրա տարածաշրջանի իրադրությանը տրվող մասնագետների քաղաքական-տնտեսական գնահատականները պայմանավորում են հետեւյալ հիմնադրույթը: Եթե կովկասյան պատերազմների, խռովությունների, երկպառակությունների բնույթը համեմատենք «սառը պատերազմի» ժամանակների լոկալ զինված բախումների, քաղաքացիական պատերազմների, ինտերվենցիաների, այդ թվումՙ երեք մերձավորարեւելյան պատերազմների հետ, ապա էթնիկական ու գաղափարական աներկբա հակասությունների քողի ներքո կուրվագծվի ընդհանուր հայտարարը` գոտեմարտը հանուն նավթի:

Նավթային աշխարհաքաղաքականությունը չի ճանաչում ինքնիշխանություններ ու պետական սահմաններ, իսկ գլոբալացումը խնդիր է դնում պատրանք դարձնել նույնիսկ, թվում է, հավերժական դարձած այնպիսի հասկացություն, ինչպիսին ազգն է` ժողովուրդը: Այսօր տասնյակ պետություններ Կովկասը հայտարարել են իրենց աշխարհաքաղաքական շահերի գոտի, եւ արդեն 15 տարի այն համակված է ցնցումներով ու արյունահեղություններով: Աշխատանքի համաշխարհային բաժանման մեջ անդրկովկասյան երեք պետություններին նոր դարում տեղ չի նախատեսված: Անդրազգային ընկերություններին բնավ չեն հետաքրքրում այդ տեղական շուկաները, նրանց գրավում են միայն նավթագազային ավազանները, խոշորագույն նավահանգիստներ տանող նավթագազամուղները, դրանց անվտանգության ապահովումը: Եվ Կովկասում խռովահույզ իրադրությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ հստակ կդառնա այն ուժի գերիշխանությունը, որը կվերահսկի կասպիական նավթագազային ավազանը եւ էներգետիկ մայրուղիների ողջ համակարգը: Կհաջողվի՞ Ռուսաստանին պահպանել իր ազդեցությունը, թե՞ ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն Վրաստանով անմիջականորեն կթափանցեն իրենց «կենսական» շահերի շրջանը:

Իսկ մինչ այդ, եւ այս միտքն ընդգծվում է առանձնակի արհամարհանքով, կշարունակվի հազարավոր ադրբեջանցիների, հայերի ու վրացիների անվերջ արշավը դեպի ոչ վաղ անցյալի «ատելի» կայսրություն` Ռուսաստան:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4