«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2006-05-11 | #86, 2006-05-12 | #87, 2006-05-13


ՉԵՄՊԻՈՆԸ ԴԺՎԱՐԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ

Սովորաբար որեւէ մրցանակի համար վճռորոշ խաղում պարտված թիմի համար հոգեբանորեն շատ դժվար է կենտրոնանալ, հավաքել բոլոր ուժերն ու հաջորդ հանդիպումը շահել: Դա մեկ անգամ եւս հաստատվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի «Փյունիկ»-«Ուլիս» մրցախաղում: Հանդիպում էին առաջնության առաջատարը, որը նախորդ երեք խաղերում միեւնույն 3-0 խոշոր հաշվով հաղթանակներ էր տոնել, եւ չորս անընդմեջ պարտություն կրած «Ուլիսը»: Սակայն դիտելով խաղը, թիմերի խաղամակարդակների զգալի տարբերություն այդպես էլ չզգացվեց: Ինչպես խաղից հետո մեզ հետ զրույցում նշեց «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը, գավաթի եզրափակիչ ծանր մրցախաղից հետո տղաները հոգեբանորեն որոշ չափով ընկճվել էին եւ ինչպես հարկն է, չէին կարողացել լավ նախապատրաստվել հանդիպմանը: Բացի այդ էլ, ըստ մարզչի, ինչ-որ տեղ փյունիկցիները երեւի թե թերագնահատել էին մրցակցին, հաշվի առնելով, որ խաղում են հետնապահի հետ, վստահ լինելով, որ վաղ թե ուշ արդյունքի կհասնեն:

«Փյունիկի» մարզչի խոսքերը հաստատվեցին: Զգացվում էր, որ փյունիկցիները չէին շտապում արդյունքի հասնելու, վստահ, որ ի վերջո հաղթելու են: Ճիշտ է, «Փյունիկն» իրոք հաղթանակ տոնեց, սակայն ի տարբերություն նախորդ երեք խաղերի, հաղթանակը շատ դժվարությամբ տրվեց: Եվ ինչպես ճիշտ նկատեց Սամվել Պետրոսյանը, այդ խաղում «Փյունիկը» կարող էր նույնիսկ պարտվել կամ ոչ-ոքի խաղալ:

Թեեւ ողջ հանդիպումը «Փյունիկն» անցկացրեց գրոհների նշանաբանով, տիրում էր խաղային եւ տարածքային առավելությանը, սակայն առաջին խաղակեսում դաշտի տերերին այդպես էլ չհաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին: Փյունիկցիները գրոհների եզրափակիչ փուլում զարմանալիորեն վրիպում էին: Հատկապես անհաջող խաղաց Արսեն Ավետիսյանըՙ մի քանի անգամ վրիպելով նպաստավոր դիրքերից: Ընդմիջումից հետո խաղն ընթացավ ավելի աշխույժ մրցապայքարում: Եվ շուտով Ռաֆայել Նազարյանը դիպուկ հարվածով բացեց հաշիվը: Փյունիկցիները դեռ չէին հասցրել վայելել խփած գոլի բերկրանքը, երբ խաղը սկսելով դաշտի կենտրոնից, «Ուլիսը» արագ գրոհ կազմակերպեց: Գոռ Աթաբեկյանը սրընթաց ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ դարպասապահ Կասպարովը նրան վայր գցեց: Սարգիս Նազարյանը 11 մ հարվածով հավասարեցրեց հաշիվը: Երկու րոպե անց «Ուլիսը» կարող էր 2-րդ գնդակը խփել, երբ աջ թեւից հետեւեց Նավոյանի հուժկու հարվածը: Կասպարովը մի կերպ հեռացրեց գնդակը եւ քիչ էր մնացել Աթաբեկյանը գրավեր դարպասը:

Այնուամենայնիվ, մարզական բախտն այդ օրը «Փյունիկի» կողմն էր: 70-րդ րոպեին աջ թեւից կազմակերպած գրոհից հետո Ղարաբաղցյանը մոտ տարածությունից գրավեց «Ուլիսի» դարպասը: Այդ գոլն էլ հաղթանակ բերեց փյունիկցիներին: Ճիշտ է, խաղավերջում «Ուլիսը» գոլ խփեց, սակայն մրցավարն արձանագրեց «խաղից դուրս» վիճակ: Այդ դրվագի առնչությամբ երկու մարզիչներն էլ նշեցին, որ միայն տեսագրությունը դիտելուց հետո հնարավոր կլինի գնահատել իրավիճակը: «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանն ընդհանուր առմամբ գոհ էր իր սաներից, հաշվի առնելով, որ մրցակիցը երկրի չեմպիոն «Փյունիկն» էր: Նա ափսոսանք հայտնեց, որ նման խաղով թիմը չկարողացավ միավոր վաստակել, ինչը հոգեբանական առումով այսօր շատ կարեւոր է ուլիսցիների համար:

Երկրի նորընծա գավաթակիր «Միկան» Ոսկեհատում հյուրընկալել էր «Կիլիկիային»: Արդեն 3-րդ րոպեին Արմեն Շահգելդյանը բացեց հաշիվը, իսկ 2-րդ խաղակեսում Պավել Յուշկովն ամրապնդեց թիմի հաղթանակը (2-0): «Բանանցն» ու «Գանձասարն» այդպես էլ չկարողացան աչքի ընկնել դիպուկ հարվածով:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ440011-112
2. Միկա42115-37
3. Արարատ42114-37
4. Գանձասար52123-77
5. Կիլիկիա41214-55
6. Շիրակ41213-85
7. Բանանց41126-44
8. Ուլիս50053-100

Ռմբարկուները

Լեւոն Փաչաջյան«Փյունիկ»3
Բորիս Մելքոնյան«Փյունիկ»3
Արթուր Քոչարյան«Գանձասար»3

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4