Եկող երկուշաբթի սկսվող քառօրյայում Ազգային ժողովի նախագահի հրաժարականը հայտարարելու պահից հաշված հնգօրյա ժամկետում հրաժարականը պետք է երկրորդվի, այդ ժամկետը լրանում է շաբաթ օրը: Ի՞նչ կհաջորդի այդ պահին: Խորհրդարանականները կարող են գնալ երկու ճանապարհով. հենց շաբաթ օրը արտահերթ նիստ անեն, Արթուր Բաղդասարյանը նույն օրը վերահաստատի իր հրաժարականը, եւ նույն օը սկսվի առաջադրման եւ հետագա ընթացակարգ: Բայց սա էթիկայի տեսակետից այնքան էլ ընդունելի չէ. մյուս տարբերակն այն է, որ շաբաթ օրը մամուլի համար հրաժարականը վերահաստատելուց հետո առաջադրման գործընթացը թողնվի 21 օր հետո գումարվող հաջորդ քառօրյային: ԱԺ նախագահ ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն` այս դեպքում հարկավոր է 66 ձայն: ԱԺ փոխնախագահներից մեկի տեղն ազատվելու դեպքում նույնպես գաղտնի քվեարկությամբ ընտրակարգն է գործում, բայց շատ ավելի հեշտ տարբերակով` նիստին ներկա պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցի պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Ըստ որոշ փորձագետների` շրջանառվող անունների եւ ընտրությունների տարբերակների ներկա վերլուծությունը անգամ չի բացառում տեւական ժամանակ ԱԺ նախագահ չընտրելու հնարավորությունը, ինչը կանոնակարգի խախտում չէ: ԱԺ կուլուարների խոսակցությունների մակարդակով` ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում չնայած ամենահարմարն է թվում, սակայն ՀՅԴ-ն նույնպես դեմ չէ ստանալու այդ պաշտոնը` ԿԳ նախարարի, Գեղարքունիքի մարզպետի պաշտոնների հետ մեկտեղ: Այդ պատճառով էլ դաշնակցականները եւ անգամ հանրապետականների մի մասը, որոնք ավանդաբար Տ. Թորոսյանի երկրպագուները չեն, կարող են դեմ քվեարկել նրա թեկնածությանը: Բացի այդՙ հանրապետականներին դուր չի գալիս, որ ողջ երկրով մեկ տարածվող եւ ավանդաբար ընտրությունների ժամանակ օգտագործվող ուսուցիչների ռեսուրսը ընտրություններից առաջ կհայտնվի ՀՅԴ-ի ձեռքում, որը նույնիսկ ավելի աշխատող է, քան ԱԺ նախագահի ձեռքում եղած ռեսուրսը, եւ նրանք անգամ երկմտանք ունեն` ընդունե՞լ խորհրդարանի նախագահի պաշտոնը, որը հնարավորություն կտա բոլորին (ե՛ւ ընդդիմությունից, ե՛ւ իշխանությունից) կառավարությունն ու ԱԺ-ն ղեկավարող հանրապետականներին քավության նոխազ դարձնելու: Բացի այդ էլ, ըստ շատ վերլուծաբանների` 2007-ի ընտրություններում հազիվ թե վարչական ռեսուրսն ամբողջ թափով աշխատի, քանի որ միջազգային կառույցների հայացքն այս անգամ առավել ակնդետ է լինելու, ավելի լավ է նախընտրական տարում շատ չքննադատվելն ու քավության նոխազ չդառնալը: Մյուս կողմից էլ` կոալիցիայի ազատված տարածքը լցնելու հիմնական (ոչ միակ) հավակնություն ունեցող «Ժողպատգամավորը» նույնպես աչք ունի, անգամ ոչ թե փոխխոսնակի, այլ խոսնակի պաշտոնին: Սակայն փորձառու պատգամավորների կարծիքով` Կ. Կարապետյանն ավելի կուլուարային գործիչ է, եւ հավակնություններն առավել վերաբերում են նրա ղեկավարած ուժին, քան թե բուն իր անձին. եթե հանրապետականները, ՀՅԴ-ն եւ «Ժողպատգամավորը» պայմանավորվեն` փոխընդունելի խոսնակի ընտրության համար կարող են ձայներ ապահովել, բայց բոլորը պետք է ստանան գոնե իրենց պատկերացումներին մոտ պաշտոններ, եւ միայն այս դեպքում, օրինակ, «Ժողպատգամավորը» խոսնակի կամ փոխխոսնակի իր հավակնությունները կարող է զիջել կոնկրետ` երկու նախարարի պորտֆելի դիմաց: Կարեն Կարապետյանի մասով, համենայն դեպս, ասվում էր, որ նա փոխխոսնակի պաշտոն չի ուզենա, խոսնակի պաշտոն էլ չի կարող վարել, մնում է իր փոխարեն հետագայում փոխխոսնակի պաշտոնում առաջ մղել Վահրամ Բաղդասարյանին: Բոլոր դեպքերում այդ ուժերից յուրաքանչյուրն իր քվեարկությամբ կարող է տորպեդահարել միայն ԱԺ խոսնակի ընտրությունը, որի համար հենց 66 ձայն է պետք, իսկ նրանցից թվով ամենամեծը` Հանրապետականը, միայնակ կարող է 40-ից մի փոքր ավելի ձայն հավաքել: Մի բան պարզ է, որ հանրապետական վարչապետն ու հանրապետական Աժ նախագահը միայն առաջին հայացքից են շահեկան վիճակ ապահովելու ՀՀԿ-ի համար, ՀՅԴ-ից ԱԺ խոսնակ ընտրելու դեպքում նախընտրական տարում անբարենպաստ դիրքում կհայտնվեն ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն միասին, կշահեն բոլորը` «Ժողպատգամավորը» (որը ստեղծում է իր կուսակցական հենարանը), ՄԱԿ-ը, ընդդիմությունը, անգամ «Օրինաց երկրի» մնացած բեկորները, քանի որ իշխանությունից զրկվածի լուսապսակ կունենան, իսկ իշխանություն ընդլայնածները կունենան միայն վարչական ռեսուրս, մինուս իշխանությանն ուղղված քննադատության եւ սոցիալական նետերից առաջացած հեղինակության պակասը:
Իսկ ԱԺ միջանցքներում շրջանառվող Արտաշես Գեղամյանի անունը` որպես ԱԺ խոսնակի թեկնածուի, ոչ ոք արժանահավատ չհամարեց, չնայած` ինչ իմանաս...
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐԱՆ
Հ.Գ.- ԱԺ նախագահի հրաժարականը, սակայն, չկանգնեցրեց ՕԵԿ խմբակցության փլուզումը. երեկ խմբակցությունից հեռացավ Մեխակ Մխիթարյանը, մինչդեռ Շիրակի փոխմարզպետ Ռուբեն Սանոյանը հրաժարվեց պաշտոնից: