«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2006-05-13 | #88, 2006-05-16 | #89, 2006-05-17


ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ ԵՐԿՐԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՉԻ ՆԵՐԱՌՎՈՒՄ

Այս կարծիքին է ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը

ՀՀ կառավարությանը «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության ներկայացրած փաստաթղթերից մեկով «Արմենիա» միջազգային օդանավակայանի թռիչքային վազքուղու 1800 մետր տարածք նորոգելու համար ծախսվել է 10,5 մլն ԱՄՆ դոլար: Այս թիվը երեկ Ազգային ժողովում հրավիրած ասուլիսին ներկայացնելով` «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Թաթուլ Մանասերյանը համեմատություն անցկացրեց Դուշամբեում 3000 հազար մետր համանման վազքուղին նորոգած ամերիկյան ընկերությունների ծախսի հետ` այնտեղ համարյա կրկնակի թռիչքուղի նորոգելու համար 2 մլն դոլար է հարկավոր եղել: Այս եւ այլ փաստեր բերելով` պատգամավորը ավիացիայի ոլորտը Հայաստանում համարում է ամենակոռումպացվածներից մեկը եւ «Արդարության» անունից առաջարկում է ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի բոլորիս անվտանգությանը վերաբերող քաղաքացիական ավիացիայում տիրող վիճակը, կպարզի` որքանո՞վ է կատարվում Հայաստանի կառավարության եւ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջեւ կնքված պայմանագրով հանձնառված ներդրումային ծրագիրը, կառավարությունը արդյոք բավարար վերահսկողությո՞ւն է իրականացնում քաղաքացիական ավիացիայի ոլորտում:

Նա լրագրողներին բաժանեց ոլորտում կատարած իր ուսումնասիրությունների ամփոփ պատկերը, որտեղ չարաշահումների այլ փաստեր եւս կան: Մասնավորապես նշվում է, որ խորհրդանշական գումարներով` 2-3 ջիպի գնով վաճառվել են ՏՈՒ 154 եւ ԻԼ 86 ինքնաթիռներ, որոնք դեռ կարող էին 5-10 տարի աշխատել: 2003-ին թալանվել եւ քանդվել է այժմ արդեն «Արմենիա» միջազգային օդանավակայանին հարող տարածքում գտնվող հյուրանոցը, որի համար վերջերս տրամադրվել էր 400 հազ. ամերիկյան դոլարին համարժեք դրամ:

Ներդրումային ծրագրի կատարման արժանահավատությունը եւս Թ. Մանասերյանը կասկածի տակ է դնում` բերելով օդանավակայանի եւ «Արմավիա» ընկերության աշխատանքին, ինչպես նաեւ ողջ քաղաքացիական ավիացիայի ոլորտին առնչվող մի շարք փաստեր: Օրինակ` օդանավակայանում առանց սպասարկման մակարդակի բարելավման բարձրացվել են ավտոկայանման, ինքնաթիռների կայանման, թռիչք-վայրէջքի վարձերը, բարձրացել է վառելիքի գինը, չկա «Կորպորասիոն Ամերիկային» պատասխանատվության կանչելու որեւէ մեխանիզմ, նրա հետ պայմանագիրը կազմվել եւ ԱԺ կողմից հաստատվել է բազմաթիվ խախտումներով: «Արմավիան» բեռների դիմաց արհեստականորեն իջեցված քաշ է նշում` գումարներ գրպանելով, շահութահարկ չի մուծում բյուջե, խախտվում է թռիչքների իրականացման պարիտետային սկզբունքը` դրանց 67 տոկոսն իրականացնում են օտարերկրացիները, հայկական կողմ համարվող «Արմավիայի» 67 տոկոսը պատկանում է «Սիբիրավիային» եւ այլն:

Ըստ Մանասերյանի` ամենահամեստ հաշվարկներով 1,5-2 բյուջե (պետական բյուջեն նկատի ունի) սեղանին դնելու կարողություն ունեցող քաղավիացիայի ոլորտը պարզապես բացակայում է պետբյուջեից, մինչդեռ ակնհայտ է նրա հարկային ներուժը. «Վերջին տարիներին պետբյուջեն քաղավիացիայի վերաբերյալ զրո տառ ու թիվ ունի, մենաշնորհը չբավարարեց ոլորտին, ձեւական գրանցված ընկերություններ կան, որոնք օդ են վաճառում` դեղերի տեսքով տարբեր ավիաընկերություններից գումարներ ստանալով, որոնք ոչ թե պետական բյուջե են մտնում, այլ առանձին անձանց գրպաններ»:

Պատգամավորը քաղավիացիայի ոլորտում ստեղծված վիճակի պատճառներից մեկը համարում է նաեւ օրենսդրական չկարգավորվածությունը. «Արդարության» ներկայացրած օդային օրենսգրքի նախագիծը կառավարությունը մերժել է երկու տարի առաջ, թեեւ այդ օրինագիծը նախաձեռնող խումբը շարունակում է այն լրամշակել` հույսով, որ ԱԺ-ում ներկայացնելու հնարավորություն կստանա: Ի դեպ, նրա ստեղծումն առյուծի բաժնով պարտական է «Ազգային ավիացիոն միությանը», որի նախագահը Դմիտրի Ադբաշյանն է: Մերժման հիմքերից մեկը ռուսական օդային օրենսգրքին մոտ լինելու պատճառաբանությունն է, ինչը Թ. Մանասերյանին տարօրինակ է թվում, քանի որ Հայաստանի օրենքներից շատերը պարզապես արտագրություն են ռուսականից, իսկ տվյալ դեպքում նմանությունն այն պատճառով է, որ ռազմավարական դաշնակցի հետ, իհարկե, պետք է համաձայնեցվեն օդային տարածքներն օգտագործելու օրենսդրական հիմքերը: Պատգամավորին առավել հավանական է թվում մերժման ավելի մի առարկայական պատճառ` քաղավիացիայի գլխավոր վարչությունը դրամաշնորհ է ձեռք բերել եւ ուզում է հենց օրենսդրության ստեղծման համար օգտագործել:

Իհարկե, եթե հանձնաժողով ստեղծվի (դրա համար նախ պատգամավորները պետք է քվեարկեն), այդ ժամանակ կարելի կլինի հարցի վերաբերյալ բոլոր տեսակետները լսել:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4