«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2006-05-13 | #88, 2006-05-16 | #89, 2006-05-17


ԽԱՂԻ ԵՎ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՆՁՐ ՆԵՐԿԱՊՆԱԿՈՒՄ

Անատոլի Գրիգորյանի ցուցահանդեսը

Անատոլի Գրիգորյանի գեղանկարի աշխարհին բնորոշ գունագեղությունը, ինչպես սովորաբար ընդունված է համարել, արտաքին իրականության ընկալման ստեղծագործական ինքնարտահայտության ձեւ է, նկարչի լավատեսությունը կյանքի հանդեպ իր ուշադրության մեջ է, քանի որ ստեղծում է տոնի ու խրախճանքի տրամադրություններ: Գունային տարբեր տոնայնությունը, իշխող կարմիրն ու դեղինը նրբերանգային խտացումներով սակայն, ստեղծում են թանձր մի շերտ, որից էլՙ խորհրդավորություն ու պատրանքային վիճակներ հաղորդում որոշ նկարների: Արեւելյան մթնոլորտ հիշեցնող, հեքիաթային տարրերով հարստացած «Տոն», «Կեսօր» աշխատանքներում տոնականության հետ նաեւ ներքին հանդիսավորությունն է առկա:

Կեղծ հուզականությունից, զգացմունքային առատությունից կամ պաթետիզմից զերծ նրա գույնը շատ ավելի հանդարտ ու սպասողական երանգներ ունի, մաքուր ձայնը կամ պատկերը հաճախ մթագնվում է գույնի որոշակի «խաթարումներով», որը մտորելու է տրամադրում: Այդպիսին են «Ամառ», «Ընտանիք», «Թափառող երաժիշտներ» կտավները:

Թատրոնը, այսինքնՙ խաղը, Անատոլի Գրիգորյանի արվեստում կարեւոր դեր ունի, թերեւս նկարիչն իր վերաբերմունքը դեպի կյանքը արտահայտում է թատերական, բեմական դետալներով: Այս ձեւերն ավելի որոշակիացնում են արվեստագետի մոտեցումները, ընկալումները: Այլապես թատերականացված մոտիվներով աշխատանքներն առհասարակ կարելի է ինքնանպատակ համարել:

Սովորաբար նման թեմաներին մշտապես ուղեկցող դիմակները, ծաղրածուները կամ ժանգլյորներն իրենց կերպարներում դրսեւորում են կյանքի թաքուն ծալքեր, ներքին հուզաշխարհի կամ մտավիճակների չբացահայտված երանգներ: Թատրոնի խաղը վերածվում է կյանքի խաղի ու հակառակը, եւ դարձյալ սովորաբար նման աշխատանքներին բնորոշ է թաքուն տխրությունը, որ խորհրդանշում է արարողությունների, իրերի սնամեջությունը: Դա խնջույք է, թե թղթախաղ, միեւնույն էՙ գլխապտույտի է վերածվում կամ շրջադարձի, պարտության կամ զղջումի... Այս գործերին հատուկ է երեւակայական, մտացածին վիճակները, գունային խտացումները, ներքին կեցվածքը:

Նկարչի ինքնարտահայտությունը թե՛ գունային մաքրության, թե՛ տրամադրությունների պարզության առումով միանգամայն տարբեր է բնանկարի ժանրում: Պայծառ լույսն ու ներքին թախիծը ստեղծում են այն հիմնական ֆոնը, որի միջոցով նուրբ, քնարական զգացումներ են հաղորդվում: «Բնանկար», «Մայիս» կտավներում դարձյալ հանդարտություն կա, որտեղ, սակայն, բնության ռիթմն ու ներդաշնակությունն ակնհայտորեն համակում են դիտողին: Ա. Գրիգորյանի ստեղծագործությունը սերվում է հայ դասական գեղանկարչության ակունքներից, որը նա հարստացնում է իր անհատական ընկալմամբ, պատկերի, գույնի ու ձեւի սեփական լեզվամտածողությամբ:

Անատոլի Գրիգորյանի վերջին աշխատանքների երեկվա ցուցադրությունը կազմակերպել էր Թեքեյան մշակութային միությունը: Ցուցահանդեսի բացմանը Թեքեյան կենտրոնի սրահը լեցուն էր, աղմուկըՙ շատ, շոգի ու գույնի խտացումըՙ ազդեցիկ:

Նկարչի ստեղծագործական տասնամյակների ընթացքի դադարները կարճատեւ են եղել, վերջին տարիներին անհատական ցուցահանդեսներ է ունեցել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտերկրումՙ Ռուսաստան, Ֆրանսիա, Ավստրիա, ԱՄՆ: Ստեղծագործությանը զուգընթաց նա նաեւ դասավանդում է գեղարվեստի ակադեմիայում:

Նկարչի արվեստի մասին վերաբերմունք արտահայտեցին Հայաստանի Թեքեյան մշակութային միության տնօրեն Սերգեյ Գալստյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպս. Կճոյանը, արվեստաբանության պրոֆ. Հրավարդ Հակոբյանը: Անատոլի Գրիգորյանի արվեստն ավելի հանգամանորեն ներկայացրեց ամերիկահայ գրականագետ ու հրապարակախոս Երվանդ Ազատյանը:

Եր. Ազատյանի վերլուծական հայացքը դիտարկեց ազատության այսօրվա ստեղծագործական հնարավորությունը, որն իրականացավ «սոցռեալիզմի բռնաշապիկից» ազատագրվելու շնորհիվՙ արվեստագետին ձեւի, ոճի, մաներայի լայն որոնումների մղելով: Գյումրեցի նկարչի արվեստին, չնայած ծննդավայրի վերջին մեծ աղետի, բնորոշ է լավատեսությունը, բարությունն ու ազնվությունը: Ձեւախեղումային որոշակի ներկայությունն իր արվեստում, Ազատյանը մեկնաբանեց իբրեւ ակադեմիզմի շրջանցումՙ հասնելու մարդկային հոգուն ավելի հարազատ ու մտերիմ գեղարվեստական արտահայտության:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4