«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2006-05-16 | #89, 2006-05-17 | #90, 2006-05-18


ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՌԵԿՏՈՐԸ

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Հովսեփ Օրբելուց, Վիկտոր Համբարձումյանից եւ Ֆադեյ Սարգսյանից հետո Հայաստանի գիտությունների ակադեմիայի չորրորդ նախագահ ընտրվեց Երեւանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը: Ակադեմիայի ընդհանուր ժողովում, 79 ակադեմիկոսների ու թղթակից անդամների մասնակցությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ նա ստացավ 46 կողմ, 27 դեմ եւ 6 անվավեր քվեաթերթիկ:

Մինչեւ քվեարկությունը առաջադրվել էին 3 թեկնածուներՙ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Լենսեր Աղալովյանը, ակադեմիայի գիտական քարտուղար Էդուարդ Ղազարյանը եւ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը: Քվեարկության արդյունքում ԳԱԱ նախագահ է ընտրվել Ռադիկ Մարտիրոսյանը: Առաջինին առաջադրել է ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը, երկրորդինՙ ակադեմիկոս, շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Վանիկ Զաքարյանը, իսկ երրորդինՙ կրթության եւ գիտության փոխնախարար, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Սահրադյանը: Էդուարդ Ղազարյանը ստացավ 36 կողմ, 37 դեմ, 6 ձեռնպահ, Լենսեր Աղալովյանը` 35, 35, 9: Երեք թեկնածուներից միայն Էդուարդ Ղազարյանն է ընդդիմախոսներ ունեցել, որոնցից մեկը եղել է ակադեմիկոս Հանրի Ներսիսյանը: «Ազգի» նախորդ համարում նա հայտնել էր, որ ինքը դեմ է ակադեմիայի նախկին փոխնախագահներից որեւէ մեկի թեկնածությանը, քանի որ, իր համոզմամբ, ակադեմիայի վերջին տարիների վիճակի ու հեղինակության անկման համար նրանք մեղքի իրենց բաժինն ունեն: Ու քանի որ թերահավատորեն էր նայում ընտրությունների թափանցիկությանը, հետեւաբար առաջարկել է քվեարկությանը մասնակից դարձնել ակադեմիայի համակարգի գիտական ամբողջ հանրությանը: Նրա առաջարկին կողմ են քվեարկել ընդամենը 2 հոգի:

Նշյալներից ամենից շատ շրջանառվում էր Ռադիկ Մարտիրոսյանի անունը: Ինչպես ինքն ասաց, վերջին տարիներին լրատվամիջոցներն ամենից շատ իրեն էին «նշանակում» այդ պաշտոնում, եւ ահա նրանց կանխագուշակումներն իրականություն դարձան: Փակ դռների հետեւում ընտրվելուց հետո նախագահ Մարտիրոսյանը զրուցեց լրագրողների հետ, որոնց ներկայությունը նիստում արգելված էր: Գիտության ոլորտի ամենատաք հարցիՙ գիտական բարեփոխումների վերաբերյալ նա ասաց.

«Մեր գիտությունն այսօր լուրջ դժվարություններ ունի, հետեւաբար արագ փոփոխություններ անելն անիմաստ է: Նախ պետք է խոր ուսումնասիրություն անել, լսել բոլոր ինստիտուտների գիտական կոլեկտիվների ու հասարակության կարծիքները ու դրանից հետո միայն ընտրել գիտության զարգացման ճիշտ ուղիները: Մենք պետք է վերականգնենք մեր գիտության ու ակադեմիայի բարձր անունն ու հեղինակությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում: Առաջնակարգ հետազոտություններ այսօր էլ են արվում, սակայն եղած գիտատեխնիկական բազան թույլ չի տալիս դրանց ծավալը մեծացնել: Շատ ավելի ծանր է գիտական համակարգի աշխատողների նյութական վիճակը, ավելի ծանր, քան պատկերացնում ենք: Այս խնդիրներն աստիճանական լուծում են պահանջում, որի համար ես ձեռք եմ մեկնում բոլորին, նախեւառաջ ակադեմիայի անդամներին, ինստիտուտների տնօրեններին, ներկայացուցիչներին: Ովքեր շահագրգռված են ակադեմիայի զարգացմամբ, իմ դաշնակիցներն են: Իսկ ովքեր զբաղված են բարդ մթնոլորտ ստեղծելով, երեւի թե ես չեմ կարող նրանց դաշնակիցը լինել: Նրանք պիտի հասկանան, որ այս խնդիրները սոսկ ազգային չեն եւ վարկաբեկում են մեր երկրի հեղինակությունը»:

Բարեփոխումները նա տեսնում է ոչ թե թղթի վրա, այլ գործնական կիրառման մեջ: Դեռ ծանոթ չէ մշակված բոլոր հայեցակարգերին, ընդունելի է համարում այն բոլոր առաջարկները, որոնք տանում են դեպի գիտության զարգացում, առկա խնդիրների համակողմանի լուծում: Իսկ հովանավորություն ստանալու հույսը չի դնում միայն պետբյուջեի վրա, ավելի իրատեսական համարելով դրամաշնորհային ու բարեգործական այլընտրանքային միջոցները, քանզի դրանք արդեն իսկ կիրառվում են մեր գիտական կյանքում:

Ակադեմիայի նոր նախագահը անպայման կունենա փոխնախագահներ, քանի որ այդ հաստիքները դարձյալ վերականգնվել են: Թե ովքեր կընտրվեն այդ պաշտոններում, դեռեւս հայտնի չէ, պարզ է միայն , որ ընտրովի պաշտոններում տարիքային սահամանափակումներ չկան: Իր խոսքը տպավորիչ դարձնելու համար Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ Իտալիայի վերջերս ընտրված նախագահը 81 տարեկան է:

Ոչ թափանցիկ գործելու համար ակադեմիայի նախագահության անդամների դեմ ներկայացված վերջին ամիսների մեղադրանքներն այլեւս չեն կրկնվի, քանի որ, ըստ նոր նախագահի, «նախագահության ամբողջ գործունեությունը պիտի լինի թափանցիկ, ակադեմիայի ամեն մի աշխատող պիտի իմանա, թե ի՞նչ հարցեր են քննարկվո՞ւմ նախագահության նիստերում, ինչ որոշումներ ընդունվում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4