Քննարկելու Քոչարյան-Ալիեւի նոր հանդիպման հնարավորությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բարձրաստիճան դիվանագետների պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Բաքու եւ Երեւանՙ քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին, ադրբեջանական «Day.az»-ի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Բուրդիկինը:
Ռուս դիվանագետի խոսքերով, ներկա պահին ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավորինս շուտ կարգավորման ուղղությամբ: Ինչ վերաբերում է նմանօրինակ ներկայացուցչական պատվիրակության այցելությանը, ապա, ըստ Բուրդիկինի, «երբեմն նոր մարդկանց ներգրավմամբ հնարավոր է, որ ի հայտ գան կողմերի մոտեցումներում նոր դիրքորոշումներ»: Պյոտր Բուրդիկինի կարծիքով, հակամարտության կարգավորման գործում առաջընթացը հնարավոր է, ուղղակի խնդիրն այն է, որ բավականին բարդ իրավիճակի առումով հնարավոր չէ վստահությամբ խոսել հետագայի մասին:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության տվյալներով, նախատեսվող ներկայացուցչական պատվիրակության կազմում տարածաշրջան կայցելեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դանիել Ֆրիդը, Ֆրանսիայի ԱԳՆ քաղաքական հարցերով տնօրեն Ստանիսլաս դը Լագուլեն: Բացի ընդհանուր քննարկման հարցերից, հիշատակված անձինք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ կքննարկեն նաեւ երկու նախագահների նոր հանդիպման հնարավորությունները:
Ա. Հ.