Հարցնում է Վահագն Տատրյանը
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Համաշխարհային հայկական կոնգրեսի ցեղասպանության հարցերով փորձագիտական խմբի այս օրերին (մայիսի 17-19) անցկացվող նիստին մասնակցող 21 ներկայացուցիչների թվում է նաեւ Կանադայի Զորյան ինստիտուտի տնօրեն, միջազգային իրավունքի մասնագետ, ցեղասպանագետ Վահագն Տատրյանը: Նախորդ նիստերից այս մեկը նա էականորեն տարբեր է համարում, որովհետեւ արծարծվող հարցերը հիմնականում իրավաբանական են: «Եթե Հայոց ցեղասպանության հարցը պիտի արծարծենք, ուրեմն միջազգային օրենքի մասնագետներ, իրավաբաններ պետք է լծվեն գործին: Դժբախտաբար, նիստի մասնակիցների մեջ իրավաբանները քիչ թիվ են կազմումՙ ընդամենը 3-4 հոգի ենք, դժվար է միասնական կարծիք ունենալ եւ որոշումներ կայացնել: Պիտի ջանանք փոքր խմբով ծրագիր մշակել, որի նպատակը պետք է լինի դիմել թե՛ միջազգային ատյաններին, թե՛ Թուրքիայի կառավարությանը, որովհետեւ թուրքերն Առաջին համաշխարհային պատերազմից հետո ատյան կազմեցին ու դատաստան եղավ: Հիմա պիտի պարզաբանենք, թե ի՞նչ եղան այդ դատաստանի արդյունքները, ու՞ր են վճիռները: Դարձյալ պիտի ասեմ, որ այս հանդիպումը իրավաբանական բովանդակություն ունի, քանի որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է դրվի իրավաբանական մակարդակի վրա»:
Իսկ չի՞ խանգարում ոչ մասնագետների մասնակցությունը նիստերին:
«Իհարկե, խանգարում է, որոշ անհավասարակշռություն է ստեղծում, քանի որ միջազգային օրենքների իմացություն չունեցող պատմաբանները մի տեսակ շվարած վիճակում են հայտնվել: Պատճառն այն է, որ հայերի մեջ քիչ են միջազգային իրավունքի մասնագետները: Ես պատրաստել եմ 2 զեկույց, մեկը կոչվում է «Հայոց ցեղասպանությունը ըստ թուրքական քրեական օրենքի», իսկ մյուսըՙ «Հայոց ցեղասպանությունը ըստ միջազգային քրեական օրենքի»:
Միջազգային իրավունքի հայ մասնագետների պակասը լրացնելու նկատառումով առաջարկվել է հանձնաժողովում ընդգրկել օտար մասնագետների: «Ես ճանաչում եմ մի հույն իրավաբան օրիորդի, որը ցանկանում է պաշտպանել «Հայոց ցեղասպանությունը ըստ միջազգային օրենքի» գիտական թեման, սակայն դժվար է գտնել նրա աշխատանքը ղեկավարելու պատրաստություն ունեցող միջազգային իրավունքի մասնագետի:
Տատրյանը խնդրի բարդությունը բացատրում է նաեւ հայերիս փոքրաթիվ լինելու հանգամանքով: Մեր ազգային հարցերն օտարներին քիչ են հետաքրքրում, որովհետեւ դրանք շահեկան չեն, մեր երկիրը մեծ կշիռ չունի աշխարհում: «Երբ Իսրայելը որեւէ հարց է բարձրացնում, միանգամից լայն արձագանք է ստանում: Իսկ հայկական հարցը լքված է, միջազգային հետաքրքրությունն այդքան մեծ չէ»:
Նա լավատեսորեն չի ընդունում Հայոց ցեղասպանության հարցը միջազգային դատարան մտցնելու առաջարկը, եւ էական արդյունք չի ակնկալում, համոզված լինելով, որովհետեւ նրան պարզորոշ տեսանելի է հարցի քաղաքական մոտեցումը, որով կընդունվի հայերին ու թուրքերին գոհացնող որոշում: «Ներկա պայմաններում նկատի ունենալով Թուրքիայի հեղինակությունը, ուժն ու նշանակությունը, որեւէ միջնորդ չի համարձակվի հայերին ճանաչել անմեղ, իսկ թուրքերինՙ մեղավոր: Դրա փոխարեն առաջարկեցի արծարծել 1918-1920 թթ. հայերի կոտորածների դատավճիռները, որոնցում հստակ է կոտորածների կազմակերպված լինելու փաստը», ասաց Վահագն Տատրյանը:
Իսրայելից ժամանած միջազգային իրավունքի մասնագետ պրոֆեսոր Իսրայել Չառնին նույնպես այս նիստը տարբեր է համարում, սակայն բոլորովին այլ տեսանկյունից:
«Նկատեցի, որ հայերի մեջ ուժգնացել է ինքնապաշտպանության բնազդը: Երկար տարիներ հայերն ապրել են անապահով լինելու ներքին վախով, հայկական հարցը մերժված համարելով, սակայն այսօր ակնհայտ է հարցը միջազգային դատարան հասցնելու նրանց համարձակությունը: Դա շատ կարեւոր է, որովհետեւ այդ ճանապարհով հայերը կարող են լուծել նաեւ դրամական փոխհատուցման հարցեր»:
Թել-Ավիվի «Բաց համալսարանի» ղեկավարները համաձայնել են նոր ամբիոն ստեղծելու ցեղասպանագետ Յաիր Օրոնի եւ Իսրայել Չառնիի առաջարկին, մնում է լուծվեն միայն ֆինանսական խնդիրները: Վերջինս նշեց, որ Հայոց ցեղասպանությունն ու հրեական Հոլոքոսթը նույն ամբիոնում ուսումնասիրելը աննախադեպ երեւույթ կլինի Հայոց ցեղասպանությունը չընդունող Իսրայելում: «Հնարավոր չէ վստահաբար ասել, որ այդ ամբիոնը բացելուց հետո Իսրայելի կառավարությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Բայց այն փաստը, որ «Բաց համալսարանի» ուսանողների թիվըՙ 35 հազար, գերազանցում է մյուս համալսարաններին, շատ կարեւոր է: Մենք շարունակելու ենք պատերազմը եւ Հայոց ցեղասպանության հարցը Իսրայելի հասարակությանը ճանաչելի ենք դարձնելու կրթության եւ մշակույթի միջոցով», «Ազգի» հետ զրույցում ասաց Իսրայել Չառնին:
Ի դեպ, Հայոց ցեղասպանության մասին մի քանի աշխատությունների հեղինակ Յաիր Օրոնը դասավանդում է «Բաց համալսարանում»: Ներկա պահին նա աշխատում է բուհական դասագրքի վրա: Համալսարանը մասնաճյուղեր ունի Իսրայելի տարբեր քաղաքներում: