«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2006-05-17 | #90, 2006-05-18 | #91, 2006-05-19


«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՉԻ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ, ՄԻՆՉԴԵՌ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԻՆՔՆԱԱՌԱՋԱԴՐՎԵԼ

Խորհրդարանական խմբակցություններից «Արդարությունը» երեկվա նիստում հստակեցրեց իր դիրքորոշումը Ազգաիյն ժողովի նախագահի թեկնածու առաջադրել-չառաջադրելու, քննարկումներին եւ քվեարկությանը մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ: Խմբակցության մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը հայտնեց, որ «Արդարությունը» չի մասնակցելու ինչպես առաջադրմանը, այնպես էլ քվեարկությանը. «Ներիշխանական խաղերին «Արդարությունը» չի մասնակցի»: Հարցին, թե արդյոք անակնկալ շրջադարձեր հնարավոր չե՞ն, նա նկատեց. «Անակնկալ կարող է լինել, բայց ոչ «Արդարություն» դաշինքի կողմից»:

Նիստից դուրս եկած Ալբերտ Բազեյանի կարծիքով` ԱԺ նախագահի պաշտոնը արարողակարգային է, որեւէ լծակ չունի ազդելու պետության մեջ տեղի ունեցող գործընթացների վրա` ինչպես վերջին իրադարձությունների պարագայում հայտնի դարձավ: Բացի այդ էլ` մեծամասնությունը ում թեկնածությունը առաջադրի, նա էլ անցնելու է, այնպես որ իմաստ չունի այդ միջոցառմանը մասնակցել:

Երեկ առավոտյան Վիկտոր Դալլաքյանն ասել էր, որ եթե առաջադրում լինի ընդդիմության կողմից կամ ինքնաառաջադրում` «Արդարությունը» կմասնակցի քննարկումներին եւ քվեարկությանը: Սա նրա մասնավոր տեսակետն է եղել, իսկ նիստից հետո Վ. Դալլաքյանը համաձայն էր խմբակցության միասնական տեսակետին: Այդ ընթացքում հայտնի դարձավ, որ, ինչպես միշտ, օրիգինալ է Արշակ Սադոյանը եւ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում, թեեւ ինքնաառաջադրումը, ըստ նրա, գեղեցիկ բան չէ: Այդ առիթով Վ. Դալլաքյանին լրագրողները հարցրին. «Մենա՞կ եք թողնում Սադոյանին»: «Պարոն Սադոյանն այնքան հեղինակություն ունի, որ երբեք մենակ չի կարող մնալ», կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց «Արդարության» քարտուղարը: Իսկ Ա. Սադոյանը ինքնաառաջադրվելու մղումը հիմնավորում էր այն բանով, թե ԱԺ-ն դակիչ մեքենա չէ, այլընտրանքային մոտեցում պետք է լինի եւ ճիշտ է մի քանի թեկնածուների առաջադրումը. «Եթե դակիչ մեքենան այնքան է կատարելագործված կամ նկարված պառլամենտը այն աստիճանի է հասել, որ իմաստ էլ չունի, թեկուզ ցուցադրական առաջադրվել...», միտքը կիսատ թողեց Ա. Սադոյանը` մշուշոտ ակնարկ անելով գործընթացի ինչ-ինչ այլ շեղումների վերաբերյալ կասկածների մասին: Ի՞նչ շեղումներ, կառչեցին լրագրողները եւ ստացան պատասխան, թե փաստեր չկան, միայն մտահայեցողական ենթադրություններ են, մայիսի 22-ին վերջնական կերեւա, ամենավերջնական` 22-ից 5 օր հետո. «Երկրում, գիտեք, ինչ աստիճանի ազդեցության մեխանիզմներ են մշակված, մինչեւ 22-ը, կարծում եմ, այնպիսի լծակներ կհայտնվեն, որոնց դեմ կանգնել հնարավոր չի լինելու»:

Ահա այսպիսի` մինչեւ վերջ չպարզված ակնարկներ էր անում Արշակ Սադոյանը, որը պատրաստվում է առաջադրվել որպես ԱԺ նախագահի թեկնածու: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին ԱԺ նախագահի հրաժարականը հրապարակելուց հետո 5 օրը, ըստ կանոնակարգի, աշխատանքային օրերը միայն հաշված, կլրանա մայիսի 29-ին: Այդպես բացատրեց կանոնակարգ-օրենքի հեղինակ Վ. Դալլաքյանը: Բնականաբար, ԱԺ արտահերթ նիստ չի հրավիրվի, այլ միայն մամուլին տեղյակ կպահվի հրաժարականի կրկնման մասին, իսկ առաջադրումը եւ քննարկումը կիրականանան արդեն 21 օր հետո նախատեսվող քառօրյայում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ. Գ.-«Արդարություն» խմբակցության նիստից բացակայում էին Արամ Զ. Սարգսյանը, Արամ Գ. Սարգսյանը, վերջինս մասնակցում էր «Կովկասն առանց հակամարտությունների» միջազգային համաժողովին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4