«... Մրցանակը ես վաղուց հանձնած էի իրեն»
Տիգրան Մանսուրյանի ստեղծագործ անհատականությունը ժամանակի մեջ դրոշմվել է արդեն վաղուց: Հայ մշակույթի ազնվական տոհմի շառավիղը Կոմիտասյան երգի զուլալ ակունքներից է գալիս:
Իր տաղանդը, երաժշտության գեղագիտությունն ու մտածողությունը, հայոց լեզվի, հայ բանաստեղծության հանդեպ ակնածանքը, մտավորական կեցվածքը նրան օժտել են մեծերին բնորոշ հայացքի լայն ընդգրկում ու շնորհ` ներկայից անցյալը դիտողի եւ ապագան նշմարողի հատկանիշներով:
Մանսուրյանը մեր ժամանակի ամենանշանավոր կոմպոզիտորներից է: Անցած տարվա ամերիկյան «Գրեմմի» մրցանակաբաշխությամբ նա դասվեց աշխարհի դասական ստեղծագործողների լավագույն հնգյակում: Մանսուրյանի երաժշտությունը ընդգրկվել է մյունխենյան նշանավոր ECM ձայնագրման ստուդիայի ընտրանում: Իր գործերը հնչում են ամերիկյան եւ եվրոպական հայտնի բեմերում` հռչակավոր երաժշտախմբերի կատարմամբ` միջազգային երաժշտագետների ու մամուլի գնահատող ուշադրության կենտրոնում:
Խառնվածքով ճշմարիտ արվեստագետ է` տրված ստեղծագործական ներքին հրայրքին` ներշնչումների, խոհուն ապրումների, միաժամանակ սթափ վերլուծող է` գոյի, գոյաբանական հավերժական հարցերի շուրջ մտահայող, ներհայող անձ:
Թերեւս պատահական չէր հայ բանաստեղծության իշխանի` «Վահան Թեքեյանի» անվան մրցանակը նրան շնորհելը: Գրականությունը հսկայական դեր ու ազդեցություն ունի Մանսուրյանի ստեղծագործական կյանքում, հայոց լեզվի ու հայ բանաստեղծության նուրբ զգացողություն ունի, որի հրաշալի իմացողն է նա:
«Անկեղծորեն հպարտ եմ, որ ԹՄՄ-ն այս մրցանակը կհանձնե Տիգրան Մանսուրյանին, ես սրտանց վաղուց հանձնած էի իրեն,- երեկ ազգային պատկերասրահում մրցանակի հանձնման առիթով ասաց ամերիկահայ հասարակական գործիչ, գրականագետ Երվանդ Ազատյանը, «իր մակարդակով, իր տաղանդի հզորությամբ արվեստագետ մը, երբ կստանա այս մրցանակը, կկարծեմ, որ ավելի պատիվ կբերե կազմակերպությանը»: Կոմպոզիտորի երաժշտության ամերիկյան երկու համերգների «անջնջելի» տպավորությամբ` Եր. Ազատյանը ներկայացրեց Տիգրան Մանսուրյան արվեստագետ-մտավորականին` լայն մտահորիզոնով ու մշակութային բարձր իմացությամբ: «Մանսուրյանի երաժշտության ակունքը Կոմիտասն է: Կոմիտասի ժառանգությունը մեր երաժշտության ավետարանն է: Մանսուրյանն այդ ավետարանը կքարոզե: Իրեն ստեղծագործական նորանոր ուժ կմաղթեմ, որպեսզի այդ ավետարանի խոսքը ավելի բարձր հնչե աշխարհի բեմերուն վրա»:
«Զգացված եմ մրցանակի առթիվ. ինձ համար հայկականությունն ու հայոց լեզուն հոգուս առաջնային սրբություններից է, որի ջահակիրներից մեկը Վահան Թեքեյանն է, ես հպարտորեն պիտի այս գեղեցիկ մրցանակը տանեմ: Շնորհակալ եմ Թեքեյան մշակութային միությանը` իմ երաժշտության նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար», իր խոսքում ասաց Տ. Մանսուրյանը:
Համերգը խորքում ձոն էր, նվիրում հայ մշակույթին, հայ երաժշտությանը: Բեմում Հայաստանի կամերային երգչախումբն էր` Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Համերգային 1-ին մասի ավարտին Կոմիտասյան երգարվեստի վերարթնացած հիացմունքն էր` ունկնդրի վերաբերմունքի մեջ. «Ինչ հրաշալի՜ է, աչքերիս առաջ միջնադարյան հայ ճարտարապետությունն էր», ասում էր Ջիմ Թորոսյանը:
Երկրորդ բաժնում երգչախումբը կատարեց Չարենցի ստեղծագործություններով («Գիշերը», «Անքնություն», «Ես վախենում եմ», «Էմալե պրոֆիլը Ձեր», «Ծիածանը», «Մանոն Լեսկո», «Քամին», «Ճապոնական թանկաներ», «Աշնան երգ», «Եվ կիջնի լռություն») գրված Մանսուրյանի «Արուեստ քերթութեան» կոնցերտը:
Կոմպոզիտորը Չարենցյան շունչն էր վերարթնացրել. Մանսուրյանը Չարենցի պաշտամունք ունի: 1954-ից նրա մշտական ու հավատարիմ ընթերցողն է, բանաստեղծի հոգեկիցն ու խոհակիցը: "ARS Poetica" կոնցերտը սկսել է գրել 1996-ից, անցած տարի հնչել է Բազելի երաժշտական ավանդական փառատոնին: Մանսուրյանի երաժշտությունը լիովին արտահայտում է Չարենցի հուզախռով բանաստեղծական աշխարհի ներքին դրամատիզմը, հոգու ալեբախումներն ու ցավը: «Ռակուրս ստեղծեցի, որպեսզի դառնա երգչախմբային հնչողությամբ բանաստեղծություն: «Քամին» բանաստեղծության խորքում շառաչը կա, քամու հսկա տարերային շարժումը: Իմ խնդիրն է բանաստեղծության ներքին հնչողական, զգացական կյանքը պայթեցնել, որովհետեւ իրենք` հնչողությունները (բառերի, երեւույթների), գրքի մեջ լուռ են, դու պիտի պայթեցնես»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ