«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2006-05-17 | #90, 2006-05-18 | #91, 2006-05-19


ՀԱՅ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՌԱՀՎԻՐԱՆ

Երվանդ Ազատյանի քաղաքական հայագիտությունը

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Դիտումներ եւ դատումներ» խորագրով հրապարակախոսությունների ու հարցազրույցների ժողովածուն ամերիկահայ մտավորական Երվանդ Ազատյանը հրատարակեց վերջերս (ԹՄՄ հրատ. մատենաշար 10, Երեւան, 2006, 408 էջ)ՙ Հակոբ Վարդիվառյանի մեկենասությամբ, Վաչե Սեմերճյանի առաջաբանի հեղինակությամբ եւ խմբագրությամբ:

Երվանդ Ազատյան ազգային-հասարակական հստակատես եւ սթափ կեցվածքով գործչի ամենակարեւոր հատկանիշը Հայաստան-սփյուռք հարաբերություններում կամրջողի իր դերն է: Ազատյանը Հայաստանում լինում է առնվազն տարեկան 2-3 անգամ եւ ոչ միայն հետեւում է հայրենիքի քաղաքական-հասարակական կյանքի մշտական անցուդարձին, այլեւ գործուն մասնակիցն է հայաստանյան նոր իրականության կերտումի, նրա հոգսերի, դժվարությունների սատարողն ու աջակիցն է, ոչ միայն վավերագրողը, այլեւ ուղի ցուցանողը: Ազատյանն ուշադիր է մասնավորապես մշակույթի, մտավորական մարդկանց նկատմամբ, արվեստի նուրբ գիտակ է, վերլուծող եւ համադրող: Դրա ականատեսը բազմիցս ենք եղել «Ազգ» օրաթերթի էջերում իր հրապարակումներից եւ գրքերին հետեւելով: Ահա եւ այս վերջին գիրքն առիթ եղավ Թեքեյան կենտրոնում ազգային մտահոգությամբ ապրող մտավորականության երեկվա հավաքին, որոնք, կարծում եմ, իրենց վերաբերմունքով ջերմության անկեղծ ապրումի բազում պահեր պարգեւեցին 5 տասնամյակից ավելի նվիրումով հայությանը ծառայած հեղինակին:

Երեկոն բացեց ԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանը, որին հաջորդեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպս. Կճոյանիՙ Գարեգին Բ կաթողիկոսի օրհնանքի խոսքի հաղորդումը:

Երեկոյի հանդիսավարը եւ առաջին բանախոսը «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն էր: Նա հանգամանորեն ներկայացրեց Ազատյանի կենսագրությունն ու հրապարագրական գործունեությունըՙ սկսած Բեյրութի «Զարթոնք» թերթից, Կահիրեի «Արեւ» թերթը խմբագրելուց, միջկուսակցական միջադեպերիցՙ յուրատեսակ «մկրտությունից», որ եղավ Դաշնակցության կողմից նրան ծեծի ենթարկելով, մինչեւ... Բոստոնի «Պայքար» թերթում խմբագրապետի պաշտոնի ստանձնումը, Ալեք Մանուկյանի կողմից նկատվելն եւ վերջինիս գրասենյակի տնօրենի պատասխանատվության հանձնառումը: Բանախոսն Ազատյանին բնութագրեց բազմակողմանիորեն, իբրեւ հայ կյանքի ամենաիրազեկ մարդկանցից մեկը, բազմածավալ հետաքրքրությունների տեր մտավորական, «Ազգի» հիմնադիր-անդամՙ հոգածու թերթի հատկապես ամենադժվարին տարիներին:

Հ. Ավետիքյանը կարեւորեց Ազատյանի հրապարակումների երկլեզվյա իրողությունը, խնդրո առարկա գրքի արժանիքներից համարեց ազգային հարցերի օր-օրի դիտարկումները, հատկապես դրանց վերլուծումները կովկասյան եւ միջազգային քաղաքական իրավիճակների համատեքստում: Նա անդրադարձավ հեղինակի գրելաոճին (սուր, հատու, հեգնական երբեմն), լրագրության մեջ բերած կարեւոր նորություններին, բառ-կառույցի ազդեցիկությանը, իսկ ամենաէականըՙ համապարփակ ընդգրկումով, անցյալի ու ներկայի նպատակային հարցադրումներով հրապարակախոսական այս գիրքը մտորելու է մղում ընթերցողինՙ վերլուծելու այն բոլոր հանգամանքները, որոնցով շրջապատված ենք ներկայում:

Գիտությունների ազգային ակադեմիայի նորընտիր նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն առանձնացրեց այն պատվախնդիր վերաբերմունքը, որ կրում է Ազատյանն ազգային խնդիրների հանդեպՙ նկատի առնելով մասնավորապես եկեղեցական պառակտման հարցը: Երախտագիտությամբ հիշեց նրա ջանքերով ԱՄՆ-ում ստեղծված «Համալսարանի բարեկամների միության» կատարած աշխատանքը, որով համալսարանական կյանքին դժվարին տարիներին մեծ նպաստ բերվեց: Նմանապես ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը գիրքը համարեց վերջին տարիների հայ հրապարակախոսական մտքի նվաճում, որում առկա է հայրենիքի տիրոջ կեցվածքով հեղինակի անսակարկ հայրենասիրությունը եւ գործուն մասնակցումը երկրի ընթացքին, առանց ժխտողական կեցվածքի: Իբրեւ գրական վաստակի գնահատում, ՀԳՄ վարչության անունից Լ. Անանյանը նրան հանձնեց «Ոսկի մեդալ»:

Երվանդ Ազատյանի ազգային գործչի հատկանիշները բնութագրեց եւ իր գործունեությունը լավագույնս մեկնաբանեց պատմաբան, գրականագետ, սփյուռքագետ Կառլեն Դալլաքյանը: Դա բացատրելով Ազատյանի երեք ուսուցիչներիՙ սփյուռքի հայ իրականության ամենակարեւոր շարժիչ ուժերիՙ Գերսամ Ահարոնյան, Անդրանիկ Անդրեասյան եւ Վահե Վահյան մտավորական-քաղաքական գործիչների ներգործուն ազդեցությամբ: Ազատյանն ուշադիր հետեւել է ազգային կյանքի կազմակերպչական նրանց գործունեությանը, քաղաքական մտքի ուղղությանը եւ ահա ինքն էլ շարունակողն ու իրագործողն է դրանցՙ հրաշալիորեն կամրջելով Հայաստանը եւ սփյուռքը:

Կ. Դալլաքյանը հրապարակախոսին համարեց ռահվիրաՙ բնութագրելով նրա գրություններն իբրեւ հայագիտություն քաղաքականության մեջ կամ քաղաքական հայագիտությունՙ եզակի իր համապարփակությամբ, ինչպես ներառած ոլորտների, այնպես էլ ժամանակային ընդգրկմամբ: Նա մասնավորապես անդրադարձավ հայ եկեղեցու ներկա վիճակին, Մայր աթոռի նկատմամբ ոտնձգություններինՙ հեղինակի «Եկեղեցու քաղաքականութիւն եւ քաղաքական եկեղեցականութիւն» հոդվածաշարի առիթով, ներկայացնելով անթիլիասական վտանգավոր նկրտումները, որի ազդեցությունից Պոլսի հայոց պատրիարքությունը եւս վարակվեց:

Երվանդ Ազատյանի հետ մտավորական կապերի այս վերարժեւորումը խորհրդանշում է սփյուռք-Հայաստան նոր զարգացող հարաբերությունները, որի մասին շատ զգացմունքային արտահայտվեց Ռոբերտ Ամիրխանյանը (նաեւ երգերով)ՙ իբրեւ նույն մտահոգությունների, հոգեմտային ընդհանուր զգացողությունների:

Հեղինակի երախտիքի խոսքն իրեն հատուկ շիտակ անկեղծությամբ էրՙ հանդեպ բոլոր ելույթ ունեցողների եւ ներկաների: «Չեմ գիտեր հավատամ, թե ոչ. ամենաանկաշառ մարդն ալ տկարություն ունի գեղեցիկ խոսքեր լսելու...»:

Վաղեմի բարեկամությունըՙ բարեկամություն, բայց ասված խոսքերը ճշմարիտ էին, եւ դույզն-ինչ չչափազանցված:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4