Մերժել` քննարկելով էությունը
Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության հրավիրած պարբերական քննարկումներից հաջողված կարելի է համարել ամերիկացի լրագրող Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» գրքի ու համանուն ֆիլմի քննարկումը, որին մասնակցում էին հոգեւորականներ, ուսանողական կազմակերպությունների ղեկավար-անդամներ, լրագրողներ:
Տաճատ քհն. Դավիդյանը գտնում է, որ գիրքը ծիծաղելի է, իսկ ֆիլմը չունի արվեստագիտական որեւէ արժեք, սակայն ամերիկացի հավատացյալները վերջինս բոյկոտելու հետաքրքրական եղանակ են մտածել: Նրանք ֆիլմի ցուցադրությունից հետո քարոզաթերթիկների միջոցով մարդկանց են հրամցնում սխալներն ու անհիմն մեկնությունները: Այսպիսով, հակաքրիստոնեական ֆիլմը օգտագործվում է որպես քարոզչության առիթ: Նա նշեց նաեւ Դեն Բրաունի աստվածաբան չլինելու, նույնիսկ գրագողության մեջ կասկածվելու հանգամանքը:
Հոգեբան Նանա Խաչատրյանը գտնում է, որ «Դա Վինչիի ծածկագրի» հոգեբանական ազդեցությունը տարբեր կարող է լինել: Չնայած ըստ հոգեւորականների, կասկածը մերժելի երեւույթ է, սակայն հոգեբանության մեջ կասկածը կարող է կառուցողական, ինքնամաքրման նշանակություն ունենալ:
Հակոբ քհն. Խաչատրյանը «Ազգ»-ի հարցին ի պատասխան նշում է, որ «Դա Վինչիի ծածկագիրը» միանշանակ կարելի է աստվածհայհոյություն համարել: «Մեր մշակութային արժեքներին դեմ նմանօրինակ վերաբերմունքի ստեղծումը, այսինքնՙ այլակարծությունը, արմատապես դատապարտելի է Հայ առաքելական եկեղեցու եւ նրա ազնիվ հետեւորդի համար»:
«Ես առանձնապես պաթետիկ հավատացյալ չեմ: Իմ կարծիքով, սա սովորական մի դետեկտիվ է, որը ոչ ստանդարտ մոտեցում է ցուցաբերում ասենք, Հիսուսի կերպարին: Պարզապես գիրքը չարժեր նման գովազդի», ասում է գիրքն ընթերցած մի օրիորդ:
Հիշեցնենք, որ մինչ քննարկումը հրապարակվել էր նաեւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի բացասական դիրքորոշումը գրքի եւ ֆիլմի նկատմամբ, իսկ տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քհն. Մելիքյանը հայտարարել է, որ վերոնշյալներն անարգանք են, որով վիրավորվում են հավատացյալների կրոնական զգացումներն ու մարդկային արժանապատվությունը:
Մեր հերթին նշենք, որ ինֆորմացիոն մարտահրավերները վաղուց են վիրավորում նույն հավատացյալների քրիստոնեական եւ ընդհանրապես մարդու բարոյական արժանապատվությունը: Այդ մասին պարբերաբար փողհարում են իսկական մտավորականները, մամուլը, հոգեբանները: Մխիթարական է, որ այս մասին սկսում է բարձրաձայնել նաեւ Հայ առաքելական եկեղեցին...
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ