«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2006-05-18 | #91, 2006-05-19 | #92, 2006-05-20


«ԵՎՐՈՏԵՍԻԼ-2006»-ԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼՈՒՄ Է

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ

Նախորդ գիշեր հայկական շատ ընտանիքներ էին հեռուստացույցների առջեւ նստած մինչ վերջին վայրկյանը սպասում «Հայաստան» բառին: Դաժան պատահականությամբ մեր երկրի անունը «Եվրոտեսիլ-2006»-ի հաղորդավարներն ամենից վերջինը հնչեցրեցին: Չար լեզուների խոսակցությունները կանխելու համար հիշեցնենք, որ տասնյակում ընդգրկված երկրների ծրարները խառն ընտրությամբ էին բացվում: «Այն, որ Հայաստանի անունը վերջինը հնչեց, մեր հավաքած ձայների հետ որեւէ կապ չունի, «Ազգի» հետ զրույցում տեղեկացրեց Հանրային հեռուստաընկերության քվեարկության ծրագրի ղեկավար Ռուբեն Մուրադյանը: Այս պահին Հանրային հեռուստաընկերությունը չունի ինֆորմացիա, թե քանի հոգի է քվեարկել Անդրեի օգտին, եւ դժվար թե ունենանք: Իսկ եզրափակիչ փուլում հավաքած ձայների քանակը կտեսնեք էկրանին»: Տես էջ 8

Հեռուստադիտողները, որ մինչ ուշ գիշեր հետեւել էին մրցույթին, բնականաբար ոգեւորված էին արդյունքներով, սակայն թերություններ եւս նկատել էին: «Ընդհանուր կոմպոզիցիայի մեջ բոլոր բաղադրիչները չափից շատ էին: Հարկավոր չէ ձայնային տվյալներ ցույց տվողին թեթեւատլետի տեղ դնել: Անդրեն կարող էր ավելի լավ կատարել, սակայն տասնյակում հայտնված մյուս երգիչներին նայելով համոզվում եմ, որ նա արժանի էր, եւ մայիսի 20-ին էլ նրա կողմից եմ լինելու», ասաց հեռուստադիտող Վարուժան Հարությունյանը: Երիտասարդ Լուսինեն պատմեց, որ արտերկրում ապրող իր ընկերները հարեւան-բարեկամների հեռախոսներով ողջ տասը րոպեներին զանգահարել եւ քվեարկել են Անդրեի օգտին: Մեկ այլ հեռուստադիտողՙ Անան Պետրոսյանը, գտնում է, որ բեմադրությունը կրճատել էր երգչի կատարողական հնարավորությունները, «նրա ձայնը չէր հնչում այն հզորությամբ, որով հնչել է միշտ»: «Սիրտս ցավեց նրա լարվածությունից: Տեսահոլովակի շունչն ու շուքը չկարողացավ բեմում ներկայացնել», ասաց Գոհարիկը:

Երգարվեստի մարդիկ գտնում են, որ մեր առջեւ դրած խնդիրը կարողացանք հաղթահարել: «Հասկանում եմ բոլոր դժվարությունները, որ կապված են տեխնիկական կողմի հետ: Հունաստանի հետ կապի մեջ եմ, գիտեմ, որ տեխնիկական բավականին անսարքություններ են եղելՙ կապված ձայնի, լսողության հետ, որոնք խանգարել են ոչ միայն Անդրեին: Բայց դա չխանգարեց նրան երգել այն սահմաններում, որոնք թույլ տվեցին անցնել եզրափակիչ փուլ: Համոզված եմ, որ եզրափակիչում Անդրեն ավելի լավ կերգի», ասաց Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը: Չնայած ծանոթ էր Անդրեի մրցակիցների կատարումներին եւ գտնում էր, որ մեր երկիրը հայտնվելու է առաջին տասնյակում, անհանգստացել էր, որ չէր լսել «Հայաստան» բառը, «մանավանդՙ Թուրքիայի հաջողության պայմաններում: Եթե չանցնեինք, շատ մեծ հարված կլիներ», ասում է երաժիշտը: Երվանդ Երզնկյանը եւս հակված է այն կարծիքին, որ բեմադրությունն այնքան էլ Անդրեի համար չէր: «Անդրեն այն երգիչն է, որ իր արտիստությամբ կարողանում է «վերցնել» հանդիսատեսին, նա շատ լավ շարժվում է բեմի վրա, իսկ այստեղ մի քիչ կաշկանդել, փոքրացրել էին շրջանակները, ինչի պատճառով մենք մի քիչ տուժեցինք, ասաց Ե. Երզնկյանը: Մեկ օր առաջ նա Աթենքում ազատ ելույթ ունեցավ, եւ ավելի լավ էր: Հետագայում պետք է հաշվի առնել սա եւ Անդրեին ազատություն տալ»:

Կինոռեժիսոր Ալբերտ Յավուրյանը, որ իրեն 20-րդ դարի մարդ է համարում, այս ու նախորդ սերունդների միջեւ տարբերություններ շատ է տեսնում: «Այստեղ դաշնամուրը տրաքում է, միջից մարդ է դուրս գալիս, մեր ժամանակ երբ դաշնամուրը տրաքում էր, միջից մեղեդի էր դուրս գալիս: Մենք այսօր ձայնից ու մեղեդուց հեռանում ենք», ափսոսանքով ասում է ռեժիսորը: Նա գտնում է, որ այսօր շոու բիզնեսում տեղի ունեցող փոփոխությունները կորուստներ շատ են բերում, սակայն նաեւ համոզված է, որ եթե արտադրանք են ներկայացնում, պետք է մրցունակ եւ վաճառվող լինի: «Մեզ համար մի քիչ դժվար է այդ խաղերում խաղալը: Եթե նույնիսկ եզրափակիչում չհաղթենք, տեղի ունեցածն արդեն Անդրեի համար շատ զորեղ հաղթանակ է, ասում է նա: Մեր պատմությունն անընդհատ ընդհատվում է: Մենք դեռ հանգիստ պայմաններում զարգացումների սկզբնական ճանապարհին ենք»:

Հաղթանակը, որ ձեռք է բերել Անդրեն, դեռ մեկՙ մեծ փորձության էլ է ենթարկվելու: Հուսանք, այս անգամ կատարումն ավելի ինքնավստահ եւ անթերի կլինի: Չմոռանանք, սա մեր առաջին փորձն է, առաջին հաջողությունը: Ճանապարհը դեռ շատ երկար է:

Ի դեպ, «Ողջույն, Ձեր քվեն հաջողությամբ հաշվարկվել է: Շնորհակալություն «Եվրոտեսիլ- 2006» մրցույթին մասնակցելու համար», «Արմենտելից» այս հաղորդագրությունը Հայաստանից ոչ բոլոր քվեարկողներն են ստացել եւ հույս ունեն, որ եզրափակիչ փուլում նույն խնդիրը չի կրկնվի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4