«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2006-05-18 | #91, 2006-05-19 | #92, 2006-05-20


ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՄՐՑԱՎԵՃԸ ՍԿՍՎՈՒՄ Է

Թուրինն այժմ էլ հյուրընկալել է շախմատային օլիմպիադայի մասնակիցներին

Մայիսի 21-ին Թուրինում կտրվի շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայի մեկնարկը: Ըստ նախնական հայտի, օլիմպիական պարգեւները կվիճարկեն տղամարդկանց 138 եւ կանանց 101 հավաքականներ: Ընդ որում օլիմպիադայի կազմակերպիչ իտալացիները տղամարդկանց մրցաշարում ներկայացված կլինեն 3, կանանց մրցաշարում` 2 հավաքականներով:

Երեկ Թուրին մեկնեց Հայաստանի շախմատային պատվիրակությունը: Վերջին երկու օլիմպիադաների բրոնզե մրցանակակիր Հայաստանի տղամարդկանց հավաքականում ընդգրկվել են Լեւոն Արոնյանը (2756), Վլադիմիր Հակոբյանը (2706), Կարեն Ասրյանը (2646), Սմբատ Լպուտյանը (2619), Գաբրիել Սարգսյանը (2612) եւ Արտաշես Մինասյանը (2574): Առաջին հինգ շախմատիստները հավաքականում ընդգրկվել են շնորհիվ իրենց բարձր վարկանիշի, իսկ Արտաշես Մինասյանն այդ իրավունքը նվաճել է` արժանանալով Հայաստանի չեմպիոնի տիտղոսին: Տղամարդկանց հավաքականի մարզիչն է Տիգրան Նալբանդյանը:

Կանանց Հայաստանի հավաքականի քառյակն այսպիսի տեսք ունի, Լիլիթ Մկրտչյան (2453), Էլինա Դանիելյան (2422), Նելլի Աղինյան (2332), Սիրանուշ Անդրեասյան (2237): Կանանց հավաքականն էլ կազմավորվել է նույն սկզբունքով: Հիշեցնենք, որ Սիրանուշ Անդրեասյանը Հայաստանի այս տարվա չեմպիոնուհին է: Կանանց հավաքականի մարզիչն Արսեն Եղիազարյանն է:

Ինչպես նախորդ օլիմպիադաներում, կարծում ենք Թուրինում էլ չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդներից մեկը Ռուսաստանի հավաքականն է: Ճիշտ է, այս անգամ թիմի կազմում չէ ռուսաստանցիների անվիճելի առաջատար Գարի Կասպարովը, որն ավարտել է ելույթները, սակայն փոխարենը հավաքական է վերադարձել Վլադիմիր Կրամնիկը (2729): Առանց Կասպարովի էլ ՌԴ հավաքականի կազմը պատկառելի տեսք ունի: Այնտեղ ընդգրկված են նաեւ Պյոտր Սվիդլերը (2743), Ալեքսանդր Մորոզեւիչը (2730), Ալեքսանդր Գրիշչուկը (2719), Եվգենի Բարեեւը (2701) եւ Սերգեյ Ռուբլյովսկին (2687):

Հարկ է նշել, որ Ռուսաստանի հավաքականի միջին վարկանիշն ամենաբարձրն է (2730): Երկրորդ ցուցանիշը, որքան էլ զարմանալի թվա, պատկանում է Հնդկաստանին (2688): Եվ դա հիմնականում շնորհիվ հավաքականի անվիճելի առաջատար Վիշվանաթան Անանդի անհատական բարձր վարկանիշի (2803): Ի դեպ, աշխարհի չեմպիոն Վեսելին Թոփալովի բացակայության պայմաններում, որն այս օրերին Անանդի հետ մասնակցում է Սոֆիայի շախմատի մրցաշարին, հնդիկ գրոսմայստերի անհատական վարկանիշն ամենաբարձրն է մասնակիցների շրջանում: Անհատական վարկանիշով 2-րդ տեղում Լեւոն Արոնյանն է (2756), որին հաջորդում են Պյոտր Սվիդլերը (2743), Վասիլի Իվանչուկը (2731) եւ Ալեքսանդր Մորոզեւիչը (2730): Վլադիմիր Հակոբյանը 2706 վարկանիշով 11-րդ տեղում է:

Ինչ վերաբերում է Հայաստանի տղամարդկանց հավաքականին, ապա մեր թիմն իր միջին վարկանիշով (2682) եզրափակում է լավագույն եռյակը: Սա եւս մեկ անգամ վկայում է հայ շախմատիստների ներուժի մասին, որոնք Թուրինում էլ, անկասկած, մեդալների գլխավոր հավակնորդների թվում կլինեն:

Միջին վարկանիշով 4-րդ տեղում է Ուկրաինայի հավաքականը (2680), որի առաջատարը Վասիլի Իվանչուկն է: Այս անգամ ուկրաինացիների կազմում չէ աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովը, որը ներկայումս խաղում է Սոֆիայի մրցաշարում եւ հրաժարվել է օլիմպիադային մասնակցելուց: Իրենց վարկանիշներով ուժեղագույն տասնյակում են նաեւ Ֆրանսիայի (2665), Իսրայելի (2663), ԱՄՆ-ի (2656), Հոլանդիայի (2646), Բուլղարիայի (2633) եւ Իսպանիայի (2628) հավաքականները:

Կանանց հավաքականներից իր միջին վարկանիշով կրկին առաջին տեղը զբաղեցնում են ռուսները (2499): Հավաքականում ընդգրկված են Ալեքսանդրա Կոստենյուկը (2540), Տատյանա (2489) եւ Նադեժդա (2469) Կոսինցեւա քույրերն ու Եկատերինա Կովալեւսկայան (2460): Ռուսներին հաջորդում են ուկրաինացիները (2441) եւ վրացիները (2430): Հայաստանի կանանց հավաքականն իր միջին վարկանիշով (2402) 7-րդ տեղում է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4