«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2006-05-18 | #91, 2006-05-19 | #92, 2006-05-20


ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլի Հայաստանի ազգային, երիտասարդական եւ պատանեկան հավաքականներին լուրջ փորձություններ են սպասում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերում: Այդ պայքարում առաջինը մրցասպարեզ դուրս եկավ Հայաստանի երիտասարդական հավաքականը: Տեղեկացնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի մրցակարգը փոփոխվել է: Ցածր գործակից ունեցող երկրների հավաքականները պայքարը սկսում են որակավորման փուլից: Եվ ահա այդ փուլում մեր ֆուտբոլիստներին բաժին էր ընկել եվրոպական չափանիշներով թույլ մրցակից` Սան Մարինոյի հավաքականը, որի հետ կայանալիք երկու հանդիպումների արդյունքով պետք է որոշվեր ընտրական «A» խմբի մասնակիցը:

Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթանակով մեկնարկեց: Մեր ֆուտբոլիստները հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեցին Սան Մարինոյի հավաքականին եւ հունիսի 9-ին Երեւանում կայանալիք պատասխան խաղից առաջ լավ հնարավորություն են պահպանում հաջորդ փուլի ուղեգիր ձեռք բերելու համար:

Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամուլի ծառայությունից, խաղը հիմնականում անցել է մեր ֆուտբոլիստների առավելությամբ, որոնք դեռեւս առաջին խաղակեսում երկու անգամ հասել են հաջողության: Արդեն 10-րդ րոպեին մեր ընտրանին բացել է հաշիվը: Անկյունայինի խաղարկումից հետո Ալեքսանդր Պետրոսյանը գլխի հարվածով գրավել է մրցակցի դարպասը: 25-րդ րոպեին Պետրոսյանը կարող էր 2-րդ գնդակը խփել, սակայն կրծքով կասեցնելով Սամվել Մելքոնյանի ճշգրիտ փոխանցումը, չի կարողացել դիպուկ հարված կատարել նպաստավոր դիրքից:

Այնուամենայնիվ, 5 րոպե անց Հայաստանի հավաքականին հաջողվել է կրկնապատկել հաշիվը: Ս. Մելքոնյան-Բ.Մելքոնյան-Արզումանյան եռաքայլ կոմբինացիան ավարտվել է վերջինիս դիպուկ հարվածով: Երկրորդ խաղակեսում էլ չնայած մեր ֆուտբոլիստները շարունակել են ակտիվ խաղը, սակայն գոլ խփել չի հաջողվել: Իսկ ահա 69-րդ րոպեին դաշտի տերերից Մաթեո Վալին օգտվելով Ռոբերտ Արզումանյանի կոպիտ սխալից, կրճատել է հաշվի տարբերությունը: Մնացած ժամանակահատվածում կողմերին չի հաջողվել նոր հաջողության հասնել:

Այսպիսով, ՀՀ հավաքականը խաղը շահեց 2-1 հաշվով: Այդ խաղում մեր ընտրանին հանդես է եկել հետեւյալ կազմով. Էդգար Գասպարյան, Վալերի Ալեքսանյան, Արթուր Ստեփանյան, Ռաֆայել Սաֆարյան, Ռոբերտ Արզումանյան (Արսեն Բալաբեկյան, 74), Արմեն Տիգրանյան (Գեւորգ Ղազարյան, 63), Բորիս Մելքոնյան, Սուրեն Սարգսյան, Ալեքսանդր Պետրոսյան, Տիգրան Ղարաբաղցյան (Մխիթար Գրիգորյան, 57), Սամվել Մելքոնյան:

Սան Մարինոյի արգելքը հաղթահարելու դեպքում, Հայաստանի երիտասարդական հավաքականը կընդգրկվի ընտրական «A» խմբում: Այստեղ մեր ֆուտբոլիստները կանցկացնեն երկու խաղ: Մեր ընտրանին մրցակցի դաշտում կհանդիպի Բոսնիայի հավաքականի հետ, իսկ սեփական հարկի տակ կհյուրընկալի նորվեգացիներին: Եթե մեր հավաքականին հաջողվի հաղթող ճանաչվել ընտրական մրցաշարում, ապա եզրափակիչի ուղեգրի համար հարկ կլինի երկու հանդիպում անցկացնել ընտրական 14 խմբերից որեւէ մեկի հաղթողի հետ: Մրցակցին կորոշի վիճակահանությունը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4