Ինչպես տեղեկացանք ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից, մայիսի 21-22-ը Լոնդոնում տեղի ունենալիք Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների տարեկան 15-րդ հանդիպմանը կմասնակցի նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար «ՎԶԵԲ-ի Հայաստանի կառավարիչ» Վարդան Խաչատրյանի գլխավորած հայաստանյան պատվիրակությունը:
Այս լուրի մեջ թերեւս արտառոց ոչինչ չկա, բացառությամբ այն տեղեկության, որ Վարդան Խաչատրյանը նաեւ ՎԶԵԲ-ի Հայաստանի կառավարիչն է: Տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք նախարարության լրատվական ծառայություն, որտեղ հաստատեցին այդ փաստը, ասելով, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարն ի պաշտոնե նաեւ ՎԶԵԲ-ի կառավարիչն է Հայաստանում:
Առնվազն տարօրինակ կարելի է համարել, որ Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը ի պաշտոնե որեւէ միջազգային կառույցի կառավարիչն է մեր երկրում: Ո՞ր օրենքով է դա նախատեսված եւ ինչո՞ւ նույն նախարարն, ասենք, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի կամ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարիչը չէ Հայաստանում:
Ա. Մ.