«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2006-05-19 | #92, 2006-05-20 | #93, 2006-05-23


ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՈՒՆԻՍԻ 4-6-Ը ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին առաջարկել են հաջորդ հանդիպումն անցկացնել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հունիսի 4-6-ըՙ «Սեւ ծովը գործընկերության եւ երկխոսության համար» գագաթաժողովի շրջանակներում: «Պանարմենիան.նեթ» կայքէջի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Թեեւ Հայաստանի նախագահական նստավայրից այս տեղեկությունը ո՛չ հաստատել են, ո՛չ հերքել, ամեն դեպքում այս շաբաթ սպասվող ԵԱՀԿ բարձր մակարդակի այցելությունը տարածաշրջան կարող է վկայել Քոչարյան-Ալիեւ մոտակա հանդիպման արդեն իսկ քննարկվող ամսաթվի գոյության մասին:

Այս անգամ տարածաշրջան կայցելեն ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Սթիվեն Մանն ու Բեռնար Ֆասիեն, այլեւ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դանիել Ֆրիդը եւ Ֆրանսիայի արտգործնախարարության քաղաքական հարցերով տնօրեն Ստանիսլաս դը Լաբուլեն:

Չնայած իրականությունն ու իրադարձությունները կարծես թե ենթարկվում են փոփոխության, ձեռք բերում նոր բովանդակություն եւ պահանջում նոր մոտեցումներ, սեփական տեսակետներում լճացած ադրբեջանական ղեկավարությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում տարօրինակ համառությամբ կրկնել իրավիճակն ուղղակի անելանելի դարձնող դիրքորոշման դրույթները:

Ավելին, Ադրբեջանի պաշտոնատար անձանց կեցվածքում, չնայած տարբեր մակարդակի այցելություններին, քննարկումներին ու հանդիպումներին, անզիջում մոտեցման դրսեւորումը, իսկ ավելի շուտ դրա մասին հաճախակի բարձրաձայնումը կարծես ինքնահաստատման խնդիր է լուծում: Եվ այն ժամանակ, երբ մայիսի 24-25-ին մեր տարածաշրջան են պատրաստվում այցելել ԵԱՀԿ բարձրաստիճան դիվանագետները, ադրբեջանական կողմը կրկին «պատեֆոնով պտտում է նույն ձայնապնակը»:

«Ոչ ոք չի կարող ստիպել Ադրբեջանին գնալ այնպիսի զիջումների, որոնք չեն համապատասխանում երկրի շահերին»: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փուլային տարբերակն ամենաօպտիմալն է: «Եթե փուլ առ փուլ լուծվի այս խնդիրը, ապա Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները մեզ կվերադարձվեն: Իսկ փախստականների վերադարձից հետո աշխատանքներ կտարվեն նրանց կյանքի պայմանները բարելավելու համար», հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Մամեդյարովը կարծիք է հայտնել, որ այնքան էլ ճիշտ չէ խնդրի լուծման ժամկետ նշանակելը, թերեւս դրանով ակնարկելով միջազգային կառույցների այն հայտարարությունները, թե 2006 թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարի է:

Ինչեւէ, հակամարտության պատմության կտրվածքով ներկա ժամանակահատվածում Ադրբեջանն անօրինակ համառություն է դրսեւորում: Եվ հատկապես համառության «պոռթկումներն» ադրբեջանական ղեկավարությունը դրսեւորում է այն ժամանակ, երբ կոնկրետ հանդիպումներ են նախատեսվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի տեսանկյունից: Դժվար թե սա ջայլամի կեցվածք է, մյուս կողմիցՙ ներքին սպառման համար նախատեսված նման հայտարարությունները ոչ մի կերպ չեն կարող օժանդակել կարգավորման առաջընթացին: Այդ դեպքում ստացվում է, որ զիջումների չգնալու դիրքորոշումն արգելակի դեր է կատարում:

Ամենապարզ տրամաբանությամբ հայտարարությանը մոտենալու դեպքում դժվար է գտնել այնպիսի փոխզիջում, որը լիարժեք համապատասխանի որեւէ պետության շահերին: Առավել եւս տարօրինակ է, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը խոսում է Ադրբեջանի նկատմամբ ինչ-ինչ ստիպողական քայլերի մասին: Մեկ այլ կտրվածքով, եթե արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարում է, որ Ադրբեջանին ոչ ոք չի կարող ստիպել գնալ իր շահերին չհամապատասխանող փոխզիջման, ապա փոխզիջումներ ունենալու դեպքում կարելի է ենթադրել, որ Ադրբեջանին ստիպել են: Եվ եթե մինչեւ այսօր Ադրբեջանի հաստատակամությունը երկրի ղեկավարի եւ արտգործնախարարի մակարդակով արտահայտվում է միայն փոխզիջման չգնալու տեսքով, ապա տեսնենք, թե ինչ կփոխվի ԵԱՀԿ բարձրաստիճան դիվանագետների տարածաշրջան այցելությունից հետոՙ Քոչարյան-Ալիեւ սպասվող հանդիպման ֆոնին:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4