Այսօր, երբ մեր պատգամավորները մեկը մեկից առաջ ընկնելով ասուլիսներ են տալիս եւ խոսում են անասնագողության ու առնետավազքի մասին, չեն հիշում, որ սահմանադրության բարեփոխումների ժամանակ առանձնապես չջանացին այնտեղ ամրագրել այնպիսի դրույթ, որն օրենքով, իրավականորեն կկանխեր այս իրավիճակը: Սահմանադրությունն այն ժամանակ սարքել էին գործիք, որով իրար դեմ կռվում էին եւ ժամանակ չունեցան այնտեղ սեփական ինքնապաշտպանությունն ամրագրող նորմ սահմանելու: Եվ դուրս եկավ այնպես, որ անկախ այն բանից` ի՞նչ համամասնությամբ եւ ի՞նչ որակի խորհրդարան է ձեւավորվելու, նրա կառավարման լծակները մնացին ոչ թե ներսում, այլ դրսում, հզոր տնտեսական եւ այլ լծակատերերի ձեռքին: Այդ դրույթը պետք է վերաբերեր նրան, որ համամասնական ցուցակով ընտրված պատգամավորը չպետք է խորհրդարան մտնելուց հետո իրավունք ունենա լքելու կուսակցությունը, հակառակ դեպքում պետք է է վայր դնի մանդատը: Այլապես առհասարակ խախտվում է համամասնական ցուցակներով խորհրդարան գալու տրամաբանությունը, մանավանդ որ նոր ընտրական օրենսգրքով մտադրություն կա ավելացնելու համամասնականի տեղերը: Ի՞նչ է ստացվում. կուսակցական ցուցակներում զանազան «բազարների» արդյունքում, հաճախ միայն դրամի միջոցով հայտնված, օրենսդրական աշխատանքի հետ բացարձակապես կապ չունեցող մարդիկ գալիս են խորհրդարան տվյալ կուսակցության շնորհիվ, տարիներ բառ չարտասանելով, միայն կոճակ սեղմելով եւ աշխատասենյակներում նարդի գցելով զբաղվելով, հետո հենց որ քամիների ուղղությունը փոխվում է` անմիջապես ընկնում են ուրիշների գիրկը, անտեսելով այն հանգամանքը, որ իրենք առհասարակ պատգամավոր չէին դառնա, եթե տվյալ կուսակցության ցուցակում չլինեին: Եվ անգամ մեկ ընտրող, եթե իրական ընտրություն լիներ, իրենց ձայն չէր տա: Արդյունքում խորհրդարանական վերաձեւավորումները հակասում են ընտրությունների գաղափարին, չեն արտացոլում Հայաստանի քաղաքական կյանքի պատկերը, չեն համապատասխանում ընտրողների պատկերացումներին եւ նույնական են «նշանակովի խորհրդարան» բնորոշմանը:
Բոլոր կուսակցություններին, անկախ նրանից, ընդդիմադիր են, թե իշխանամետ, ժամանակին պիտի անհանգստացներ այս հանգամանքը, որովհետեւ այն, ինչ տեղի ունեցավ ՕԵԿ-ի հետ, չի բացառվում, որ տեղի ունենա մյուսների, անգամ ՀՀԿ-ի հետ` հանգամանքների տարատեսակ զուգորդումների պատճառով:
Եվ հիմա մի փոքր զավեշտական է, որ ամեն օր խոսում եւ վերլուծում են` ո՞վ որտե՞ղ, ի՞նչ խմբում կհայտնվի, ՕԵԿ-ից գնացածները նոր խումբ կստեղծե՞ն, թե ոչ: Ընտրողներին հարցնո՞ւմ են, թե նրանք այդպիսի խումբ ուզո՞ւմ են տեսնել: Այո, պատգամավորներին հետ կանչելու մեխանիզմ ընտրողը չունի: Այդ մեխանիզմից ամբողջ աշխարհում են զգուշանում, օգտվել, եւ հատկապես մեր տիպի երկրներում, որտեղ կարող են անձնական թշնամությունները կամ ընդդիմադիր պատգամավորից ազատվելու մղումը այս կամ այն անցանկալիի հետ հաշվեհարդար տեսնելու պատճառ դառնալ: Բայց կարելի էր, չէ՞, իրավականորեն պաշտպանվել մի պարկից մյուսը հոսելու եւ ընտրողի կամքի վրա թքելու այսօրվա իրավիճակից: Դա այլեւս հնարավոր չի լինի մինչեւ սահմանադրության նոր փոփոխություններ, որովհետեւ առանց այդպիսի սահմանադրական նորմի ոչ ընտրական, ոչ կուսակցությունների օրենքներում, ոչ էլ ԱԺ կանոնակարգում այդպիսի հակասահմանադրական դրույթ հնարավոր չէ ամրագրել: Մնում է շարունակել հետեւել «առնետների» ազատ գործելակերպին անգամ հաջորդ խորհրդարանում եւ ստանալ հնարավոր մաքսիմալը Հայաստանի քաղաքական դաշտն այլասերող սխալ եւ խոցելի այս գործընթացից` զվարճանալ, այլ բան չի մնում: Ցինիզմի մեջ չմեղադրվելու համար ասեմ, որ մյուս տարբերակներն ուսումնասիրողները եւս այլ ելք չեն գտել եւ այլ պահվածքը (ցավել, բան փոխել) անօգուտ են համարել:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ