Ա. Բաղդասարյանի հրաժարականը հնչեց ԱԺ քառօրյայում
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
երեկ սկսված Ազգաիյն ժողովի քառօրյայում Արթուր Բաղդասարյանն իր հրաժարականը ներկայացնելուց հետո ելույթ ունեցավ, որը մեղմ սկիզբ ուներ եւ հագեցած էր կոալիցիոն գործընկերների հանդեպ շնորհակալական խոսքով: «Երեք տարիները եղել են նաեւ արժանապատվության ճանապարհ մեր քաղաքական կազմակերպության համար», կուսակցության անցած ճանապարհը գնահատեց նա: Ելույթի հետագա մասը, սակայն, կոշտացավ, մի անգամ եւս ներկայացվեցին կոալիցիոն գործընկերների, առհասարակ իշխանությունների հետ եղած այն տարաձայնությունները, որոնք հանգեցրին հրաժարականի եւ մինչ այդ առնվազն 21 անգամ, մամուլի ու քաղաքական դաշտի կողմից կոալիցիայի փլուզման գուշակության պատճառ դարձան: Ժողովրդավարական բարեփոխումների ուղիով ավելի վճռական պետք է շարժվենք, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի եւ կլանային դաշտում պայքարը պետք է առաջնահերթ դառնա, նկատեց Ա. Բաղդասարյանը: Ասել է թե այս ոլորտները մեր երկրում կաղում են, եւ ՕԵԿ-ն ու նրա առաջնորդը համաձայն չեն այդ վիճակի հետ: Ասվեց նաեւ այն մասին, ինչը հարուցել էր նախագահ Քոչարյանի տարակուսանքը. Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների խորացումը պետք է դառնա քաղաքական նպատակ, իսկ եվրատլանտյան համագործակցության հաստատումը մեր ապագայի համար կարեւորագույն եւ ճիշտ մոտեցում է, պետք է խորացնենք նաեւ հայ-ամերիկյան տնտեսական եւ քաղաքական համագործակցությունը: «Պետք չէ դառնալ ռուս-ամերիկյան հարաբերությունների ինդիկատոր»:
Այս բոլորը համեմվեց քննադատության բավական մեծ դոզայով. Ա. Բաղդասարյանը բերեց միջազգային «Գելապի» եւ մեկ այլ կազմակերպության սոցիոլոգիական հետազոտության թվերը, ըստ որոնց Հայաստանի բնակչության 70 տոկոսը վախեցած է. «Մենք պայքարելու ենք վախի հասարակության դեմ», ՕԵԿ-ի «երազած ճանապարհի» մի ուղղությունը մատնանշեց նա: Ըստ նրաՙ 2050 թվականին Հայաստանում կմնա 500 հազար մարդ, եթե ծնելիության եւ մահացության ներկա տեմպը շարունակվի, պետությունն օգնության չգա երիտասարդ ընտանիքներին, ինչպես որ ինքն ու իր կուսակցությունն էին ուզում:
«Մենք գնում ենք պայքարի մեր ճանապարհով», ասաց արդեն կիսանախկին ԱԺ նախագահը, որը լիովին նախկին կդառնա միայն 5 աշխատանքային օր հետո:
Երեկ հրաժարական ներկայացրին նաեւ ԱԺ հիմնական այն երկու հանձնաժողովների նախագահները, որոնք ներկայացնում էին այլեւս ընդդիմություն ՕԵԿ-ըՙ Մհեր Շահգելդյանը (պաշտպանության, ներքին գործերի եւ ԱԱ), Գագիկ Մխեյանը (սոցիալական, առողջապահության, բնության պահպանության հարցերի):
Ըստ ԱԺ կանոնակարգի, Ա. Բաղդասարյանի ընտրած հրաժարականի ձեւը բացառում է դրա քննարկումը պատգամավորների կողմից, այդ մասին մի անգամ եւս զգուշացրեց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, սակայն պատգամավորները չանսացին ո՛չ կանոնակարգին, ո՛չ ԱԺ փոխնախագահին. «Պետության երկրորդ դեմքը մեղադրում է իշխանություններին անօրինականությունների մեջ, Ա. Բաղդասարյանը լրջագույն մեղադրանքներ է հնչեցրել: Եթե դրանք ճիշտ են, ասենքՙ հալալ է քեզ, եթե խաղեր են, ասենքՙ ժողովուրդը հոգնել է ձեր խաղերից, բավական է», սա Արտաշես Գեղամյանն էր: Վիկտոր Դալլաքյանն էլ նկատեց, թե երկրում լուրջ իրադարձություն է տեղի ունեցել, եւ խորհրդարանական մեծամասնությունը փոքրամասնություն է արդեն (50-55 մարդ ունեն ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն) եւ փորձում է վերաձեւումներ անել.
«ԱԺ նախագահի հրաժարականն օրակարգի հարց չէ՞, սպիդի օրենքի հետ կապված ելույթ ունե՞նք», նկատեց նա:
Շավարշ Քոչարյանն էլ կանոնակարգը համարժեք չհամարեց իրավիճակին, որը հնարավորություն չի տալիս քննարկելու երկրի երկրորդ դեմքի լուրջ մեղադրանքներով համեմված հրաժարականը:
Հմայակ Հովհաննիսյանն էլ, խոսքն ուղղելով ԱԺ փոխնախագահին, որը քիչ առաջ շնորհակալություն էր հայտնել Ա. Բաղդասարյանինՙ ՕԵԿ-ի քայլն արժանապատիվ անվանելով, հարցրեց. «Մարդը հայտարարում է, որ 70 տոկոսը վախի մթնոլորտում է ապրում, Դուք շնորհակալություն եք հայտնո՞ւմ, էս ինչ փարիսեցիություն է»:
Իսկ Ա. Գեղամյանի այն ռեպլիկը, թե թերթի էջերով կամ «Ազատություն» ռադիոկայանի մակարդակով անեծքների մակարդակին չիջնենք, ակնհայտորեն ուղղված էր կիրակի օրը «Ազատությանը» հարցազրույց տված Արթուր Բաղդասարյանին: Վերջինս մոտեցավ ամբիոնին, նրա ու Գեղամյանի միջեւ սկսվեց մի բավական անպատշաճ լեզվակռիվ, որի ընթացքում յուրաքանչյուրը փորձում էր մյուսին մեղադրել Սերժ Սարգսյանի պատվերը կատարելու մեջ: «Եթե խաղ է, թող թափվի ձեր գլխին», ասաց Ա. Բաղդասարյանը, որ ձերբազատվել էր ԱԺ նախագահի զսպաշապկից, օգտվեց իր ողջ բառապաշարի հանրահայտ արսենալիցՙ կարծես նախապատրաստելով ներկաներին, որ ՕԵԿ-ն ու Ա. Բաղդասարյանն արդեն իրենց քննադատական խոսքը հնչեցնելու են ամեն պահ, պատրաստ եղեք:
Բոլոր դեպքերում 5 աշխատանքային օր հետո ականատես կլինենք արդեն նոր իրավիճակի, որտեղ կլինի կոալիցիայի փոփոխված պատկերը եւ ԱԺ նոր նախագահի ճանապարհ կբացվի: