Գեւորգ Կոշկարյանը օգնում է եւ աջակցություն հայցում
Նախկին բանտարկյալ Գեւորգ Կոշկարյանն իր հիմնական նպատակն է համարում օգնել մարդկանց, որոնք ճակատագրի կամ հանգամանքների բերումով սխալվել են կյանքում, հանցանք գործել եւ պատիժը կրելուց հետո ձգտում են իրենց տեղը գտնել հասարակության մեջ: Նրա ստեղծած «Մետաղյա ճաղերից այս կողմ» հասարակական կազմակերպությունը, ի տարբերություն դրամաշնորհ փախցնելու ակնկալիքով ստեղծված բազմաթիվ այլ հասարակական կազմակերպությունների, իսկապես գործնական քայլեր է ձեռնարկում իր նպատակների իրականացման համար: Թերեւս Գեւորգ Կոշկարյանի նպատակների ազնվությունը նկատում են նաեւ այն մարդիկ կամ կազմակերպությունները, որոնք ուժերի ներածի չափ օգնում են նախկինում մեղաղյա ճաղերից այն, իսկ հիմա արդեն այս կողմում գտնվողներին:
«Եթե մարդը չկարողանա իր տեղը գտնել հասարակությունում, չունենա աշխատանք եւ չկարողանա ապահովել իր ընտանիքը, ապա սոցիալական վիճակը կդրդի նրան նորից հանցագործության ճանապարհը բռնել», համոզված է Գեւորգ Կոշկարյանը: Նա հայտնեց, որ այն բանից հետո, ինչ «Ազգում» անդրադարձ եղավ իր ստեղծած կազմակերպությանը, շատերն առաջարկեցին իրենց օգնությունը: Մեր զրուցակիցը խորին շնորհակալություն հայտնեց նախեւառաջ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, որն անմիջապես ընդառաջեց կազմակերպությանը եւ տարածք տրամադրեց արտադրական գործունեություն սկսելու համար: Իսկ շինությունը նախկին բանտարկյալները նորոգեցին Գագիկ Ծառուկյանի տրամադրած շինանյութերով: Արդեն հիմա այդ տարածքում արտադրվում է «Ազատություն» անվանումով սուրճը: Անվանումն էլ պատահական չէ: Երեւի կարիք չկա բացատրելու, թե ինչ է ազատությունը բանտարկյալի համար:
«Մեր սուրճի մեջ ոչինչ չենք լցնում, հարամություն չենք անում, մեր սուրճը մեկ անգամ համտեսողները դառնում են մեր սպառողը», ասում է Կոշկարյանն ու շնորհակալություն հայտնում Արարատի եւ Կոտայքի մարզերի բոլոր այն առեւտրային օբյեկտներ ունեցողներին, որոնք հավատացին եւ համաձայնեցին համագործակցել իրենց հետ: Նախկին բանտարկյալը խորհուրդ տվեց հավաքել իրենց սուրճի տուփերըՙ տարեվերջին անակնկալ կլինի: Բացի սուրճից, նաեւ կահույքի արտադրամաս է գործարկվել: Այս արտադրություններում առայժմ աշխատում են 12 նախկին բանտարկյալներ: Գեւորգ Կոշկարյանը հույս ունի, որ իրենց գործունեությունը կընդլայնվի, եւ դարձյալ դիմում է բոլոր նրանց, ովքեր կարող են ինչ-որ բանով օգտակար լինել իրենց:
Ա. Մ.