Բավական երկար ժամանակ պոլիկլինիկաների գոյությունը, իբրեւ առաջնային բուժօգնության ամենակարեւոր օղակների, մոռացել էին նույնիսկ միջին կարողությունների տեր քաղաքացիները: Նախարարի անցած տարեվերջի հայտնի հրամանից եւ կառավարության որոշումից հետո այս հաստատություններում սպասարկումն անվճար դարձավ, սակայն դեռ շատ ժամանակ է պետք, որ որոշման պահանջն ու իրականությունը համապատասխանեն իրար: Կարճ ժամանակում հաճախորդից փող վերցնելու սովորույթն այնքան ամուր արմատներ ձգեց, որ հիմա պոլիկլինիկաների վերափոխվելն է խնդիր դարձել:
Երեկ քաղաքապետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանը ներկայացրեց վերջին 4 ամիսներին քաղաքապետի հանձնարարականով պոլիկլինիկաներում կատարած մոնիտորինգային ուսումնասիրությունների արդյունքները: Բնակչության 83 տոկոսը սպասարկվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող առողջապահական կազմակերպություններում, մնացածն իրականացնում են մասնավոր կազմակերպությունները, այնպես որ ուսումնասիրությունը բավական լայն ընդգրկում է ունեցել: 2006 թվականին առողջապահական այս ընկերությունների աշխատավարձի ֆոնդին հատկացվող գումարներն ավելացել են 31,2 տոկոսով: Այսինքն, պետությունն իր վրա է վերցրել քաղաքացու փոխարեն վճարելու պարտավորությունը: Ի պատասխան պոլիկլինիկաների տարբեր մասնագետների մոտ այցելություններն աճել են` 28,5-ից մինչեւ 61 տոկոսով: Գործիքային հետազոտություններն անցած տարվա 4 ամիսների համեմատ աճել են 65, 3, լաբորատոր հետազոտությունները` 44 տոկոսով: Անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղորայքի համար պետությունից հատկացվող գումարն աճել է 16,9 տոկոսով, իսկ տրամադրվող դեղորայքի քանակը աճել է 25 տոկոսով:
Պոլիկլինիկաներ դիմող բնակիչների այցելություններն անընդմեջ ավելանում էին հատկապես առաջին 3 ամիսներին, կարծես հաճախորդներն ուզում էին ստուգել նորույթը: Այս ամիս, սակայն, 20 տոկոսով նվազել են հաճախումները: Սա նշանակում է, որ կամ բնակչությունը խաղաղվեց, կամ կրկին հիասթափություն է ապրում առաջնային սպասարկման այս օղակից:
Արմեն Սողոյանն ասաց, որ հետազոտության ժամանակ առանձնապես խոշոր խախտումներ չեն հայտնաբերվել: Փոխարենը ճեպազրույցի մասնակից լրագրողները, որոնք եւս առաջնային սպասարկման օղակի հաճախորդներ են, բերեցին տարաբնույթ փաստեր, որոնք վկայում են, որ այս ասպարեզի բուժաշխատողներից շատերը դժվարությամբ են հրաժարվում հաճախորդից փող կամ «մաղարիչ» վերցնելու արատավոր ավանդույթից: Բերվեց Նոր Նորքի մեծահասակների ու մանկական պոլիկլինիկայի օրինակը, ուր մի դեպքում ծնողից 2000 դրամ էին պահանջել երեխայի դպրոց ընդունելու բժշկական փաստաթղթերի, մի այլ դեպքում` անալիզի համար: Նույն սկզբունքով Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 19 պոլիկլինիկայում լրագրողներից մեկի երեխային մանկապարտեզ ընդունելու բժշկական փաստաթղթերի համար 2000 դրամ էին ուզել: Բավական տարածված է մեկ այլ իրողություն եւս. հիվանդին ասվում է, որ անհրաժեշտ բժշկական սարքավորումը պոլիկլինիկան վարձակալել է, այսինքն, իրենք դրա համար փող են վճարում, եւ հիվանդը եւս պիտի վճարի:
Պոլիկլինիկաները կրկին անվճար դարձնելու նախաձեռնությունն ավելի շատ ոչ թե մարդասիրական, այլ խելացի ու հաշվենկատ տնտեսվարման արդյունք է: Նախորդ տարիներին բնակչության հոսքը դեպի պոլիկլինիկաներ խիստ նվազել էր, համապատասխանաբար աճել էին տարաբնույթ հիվանդությունները` գերակշիռ մասամբ հասնելով այնպիսի մակարդակների, երբ հիվանդանոցային օգնությունն անգամ անիմաստ էր դառնում: Պոլիկլինիկաների կարեւոր խնդիրը հենց հիվանդությունների ժամանակին կանխարգելումն է, որ պիտի խոչընդոտի դրանց խորացմանը: Այնպես որ, պոլիկլինիկաների հանդեպ բնակչության վստահության վերականգնումը շատ ավելի կենսական նշանակություն ունի, քան թվում է առաջին հայացքից:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ