«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2006-05-19 | #92, 2006-05-20 | #93, 2006-05-23


ԻՆՉՔԱՆ ԷԼ ՈՐ ԱՆԲՆԱԿԱՆ ԹՎԱ

Սոչիի ավիավթարի իրոք լայն լուսաբանումը Ռուսաստանի ԶԼՄ-ներում ու հատկապես հեռուստատեսությամբ Հայաստանում ընդունվում է բնականորեն` վիշտը մեկ է եւ մեզ ցավակցում են: Ընդհանուր առմամբ դա այդպես է: Սակայն, ինչքան էլ որ աննրբանկատություն լինի խոսել այս թեմայի շուրջը, պարզվում է, որ նույնիսկ զուտ տեխնիկական բնույթի նման դաժան միջադեպի մեկնաբանությունը չի կարող խուսափել տարբեր չափերի ու տարբեր բնույթի... քաղաքական նրբերանգների արտացոլումներից: Եթե ոչ անմիջապես, ապա որոշ ժամանակ անց, նույնիսկ բառացիորեն մի քանի օր հետո հրապարակ են գալիս վարկածներ, որոնք բացահայտում են իրողությունների այլ ենթատեքստեր` իրական թե կարծեցյալ, դա ուրիշ հարց է:

Արդ, ի՞նչ են վերծանում ռուսական թերթերը: Հայկական ավիաընկերության ինքնաթիռների հետ տեղի ունեցած միջադեպերը` վթարը եւ հրդեհը Բրյուսելում, դիտվում են որպես երկու խոշորագույն ավիակորպորացիաների` Boeing-ի եւ Airbus-ի անողոք մրցակցության դրսեւորում, որտեղ, իբր, ամերիկյան կողմը փորձում է արդյունքի հասնել բոլոր միջոցներով: Ընդսմին ընդգծվում է, որ այդ պայքարում ԱՄՆ-ի առաջատար ռազմական մոնոպոլիայի շահերը լրիվ համընկնում են Վաշինգտոնի արտաքին քաղաքական շահերի հետ, որը ի դեմս «ռուսամետ» Հայաստանի տեսնում է որոշակի խոչընդոտ տարածաշրջանում, ու, ավելի կոնկրետ, կասպիական ավազանում իր ռազմաքաղաքական գերիշխանությունը հաստատելու գործում:

Ժամանակի իմաստով ավիավթարը զուգադիպեց հակառուսական ուժերի վիլնյուսյան «խառնաժողովին», որտեղ ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնիի ունեցած ռազմատենչ ելույթը խուճապի մատնեց Կրեմլին: Արտգործնախարար Սերգեյ Լավրովի անատամ պատասխանը, իբր Չեյնիի օգնականները ճիշտ չեն իրազեկել նրան «մեր դեմոկրատիայի» մասին, երկրի ղեկավարության արձագանքը իջեցրեց անողնաշարության մակարդակի: Մինչդեռ պարզ է, որ Պուտինին բնավ էլ ձեռնտու չէ որեւէ աղմուկ կամ սկանդալ համաշխարհային լիդերների պետերբուրգյան գովազդալից հանդիպումից առաջ: Հաղորդվում է, որ Կրեմլից ԶԼՄ-ները «զգուշացվել են», որ անտեսեն ու չմեկնաբանեն ամերիկացու յուրօրինակ վերջնագիրը` կամ մեզ հետ եք, կամ էլ մեր թշնամին եք: Բայց, մյուս կողմից, ինչպե՞ս մեղմել հրապարակային մարտահրավերի առջեւ նսեմանալու հանգամանքը: Ահա եւ լրատվական ծրագրերը սկսվում ու ավարտվում են ինքնաթիռի կործանման վշտաբեկ իրողությունների լայն ցուցադրումներով: Ե՛վ մարդասիրական է, ե՛ւ ուշադրություն շեղող, ե՛ւ հարգալից «ռազմավարական դաշնակցի» նկատմամբ...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4