Կիրակի օրը ավանդական պատարագից հետո աշխուժություն էր տիրում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի շրջակայքում: Հայրապետական մաղթերգից հետո հավատացյալներն ու բարձրաստիճան հոգեւորականները ուղեւորվեցին տաճարի հյուսիսային կողմը, ուր կամարակերտ պատի հետնամասում կատարվեց ապագա Ս. Վարդան եկեղեցու հիմնաքարերի եւ սյուների օծման արարողությունը: 16 հիմնաքարերը խորհրդանշում են Հովհաննես Մկրտչին, Քրիստոսի առաքյալներին, 4 ավետարանիչներին եւ Գրիգոր Լուսավորչին: Ըստ ավանդական կարգի, եկեղեցու հիմնաքարերը կաթողիկոսի կամ եպիսկոպոսների հանդիսապետությամբ լվացվում են գինով ու ջրով, օծվում են սուրբ մեռոնով եւ եկեղեցական երգասացության ներքո տեղադրվում ապագա շինության հիմքում: Ամեն ինչ կատարվեց հավուր պատշաճի եւ ավանդական կարգի համաձայն: Առանձնապես հուզված էր եկեղեցու բարերարը` ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որ հատկապես կարեւորելով ապագա եկեղեցու Ս. Հովհաննես Մկրտիչ մկրտարանի դերը, նշեց. «Հուսով եմ, որ այս եկեղեցին իր մկրտարանով կդառնա այն դուռը, որով մկրտված երեխաները կմտնեն քրիստոնեության ճանապարհ: Ես կարծում եմ, հայ եկեղեցին մեր ժողովրդի հոգեւոր, մշակութային եւ ազգային առանցքն է: Յուրաքանչյուր հայի պարտքն է աջակցել հայ եկեղեցուն ոչ միայն շենքի, այլեւ հոգեւոր կառույցի ստեղծմանն ու բարգավաճմանը»: Ա. Սարգսյանը հույս է հայտնում, որ իր համագործակցության առաջին քայլը վերջինը չի լինելու: Նախատեսված է շինարարական աշխատանքներն ավարտել մեկ տարում:
Եկեղեցու ճարտարապետ Ջիմ Թորոսյանը հատուկ նշում է, որ եկեղեցու նախագիծը կազմվել է Ռոմեն Ջուլհակյանի հետ համատեղ: «Կառույցը պահպանում է մեր ազգային ոգին եւ հենված է մեր ճարտարապետական ավանդույթների վրա: Ճիշտ է, եկեղեցու առջեւի կամարներով պատը 4 մետր է, իսկ կառույցը 18,5 մետր բարձրություն է ունենալու, բայց ճարտարապետական լուծումը համահունչ է մայրավանքի տարածական պատկերին: Կառուցվելիք եկեղեցին բավականին հարուստ սիլուետ ունի` 3 գմբեթներ, ռոտոնդաներ, զարդաքանդակներ: Լիակատար ներդաշնակության համար մենք ընտրել ենք Հառիճավանքի մոխրագույն տուֆը, որով կառուցված են վանքի գլխավոր մուտքն ու բաց խորանը», ասում է փորձառու ճարտարապետը:
Իր օրհնությամբ հիմնարկեքի արարողությունը հանդիսապետում էր Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: «Թող այս նորակառույց մկրտարանի հոգեւոր ավազանից վերածնվեն մեր ժողովրդի արի, հավատավոր, եկեղեցասեր ու հայրենասեր զավակները: Նրանք պիտի գան դրոշմվելու սրբալույս մեռոնով եւ դառնալու Քրիստոսի եկեղեցու հավատավոր զավակներ` քայլելու իրենց նախնյաց ճանապարհվ` տեր լինելով իրենց հայրերի սրբազան հավատքին եւ ժառանգությանը», իր ողջույնի խոսքում նշեց Վեհափառ հայրապետը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ, Վաղարշապատ-Երեւան