Միլիցիայի պաշտոնաթող գնդապետ Գառնիկ Ոսկանյանը «մարգարեացավ» «Ազգ» թերթում ունեցած իր այն հայտարարությամբ, որ Վրաստանում օրենքով գողերի դեմ հայտարարված պատերազմը ցանկալի արդյունք չի տա, եթե այդ նողկալի քրեական երեւույթի դեմ չպայքարեն նաեւ այն բոլոր պետությունները, որտեղ բույն են դնում այդ հանցագործները: Ահա եւ առաջին խոշոր արձագանքն ստացվեց «հեռավոր» Իսպանիայից: Արաբական Միացյալ Էմիրություններում Ինտերպոլը ձերբակալել է ամենահայտնի օրենքով գողին` թբիլիսցի Զախարի Քալաշովին (Շաքրո մականունով), որին միջազգային քրեական հետախուզություն էին հայտարարել Իսպանիայի իրավապահ իշխանությունները:
Մինչ այդ իսպանական ծովափնյա քաղաքներում ոստիկանական խոշոր գործողություն էր անցկացվել այդ բարեբեր երկրամասում հաստատված «ԱՊՀ-ական» հանցախմբերի դեմ: Կալանքի վերցված մոտ երեք տասնյակ քրեական պարագլուխների գերակշիռ մասը Վրաստանի ծնունդ է (Սաակաշվիլուն կարելի է հասկանալ): Ապշեցնում են ինչպես հանցավոր ճանապարհով կուտակված հարստությունների մասշտաբները, այնպես էլ դրանց «օրինականացման» մեթոդները: Ձեռք են բերվել բանկեր, ռեստորաններ, առեւտրային ու ֆինանսական կառույցներ, թանկարժեք անշարժ գույք, հնաոճ իրեր եւ այլն: Կալանավորվել են 800 բանկային հաշիվներ տարբեր երկրների 42 բանկերում, տասնյակ դղյակներ, ամառանոցներ, 41 ներկայացուցչական մեքենաներ եւ այլն:
53-ամյա Քալաշովը կամ, ինչպես Ռուսաստանի իրավապահ մարմիններում են նրան անվանում, «Ռուսաստանի քրեական աշխարհի գեներալ» Շաքրոն իրոք ԱՊՀ երկրների ամենաազդեցիկ քրեական հեղինակությունն է եւ համարվում է գողական նոր սերնդի լիդերը: Վերջին տարիներին ապրում էր Արաբական Էմիրություններում: Սակայն նա այստեղ էր հայտնվել բնավ էլ ոչ լավ կյանքի ինքնակամ որոնումներով: Ռուսաստանում նրա դեմ երեք մահափորձ էր կատարվել, որ կազմակերպել էին նրա ոխերիմ թշնամիները` Իզմայլովոյի հանցավոր խմբավորման պարագլուխները:
Ռ. Հ.