«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2006-05-20 | #93, 2006-05-23 | #94, 2006-05-24


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՎ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ

ՆԱՏՕ-ն չի պատրաստվում ներգրավվել այդ գործընթացում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը Հայաստան երկօրյա այցի ընթացքում Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) կատարման միջանկյալ գնահատման նպատակով հանդիպել է Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի փոխնախագահի, ԱԱ ծառայության տնօրենի, ՊՆ փոխնախարարի, փրկարար ծառայության պետի հետ: ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԳԳԾ եւ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության ընդլայնման, պաշտպանության համակարգում բարեփոխումների իրագործման, ազգային անվտանգության հայեցակարգի մշակման, նաեւ տարածաշրջանային հարցեր:

Հունիսի 14-ին Բրյուսելում կայանալու է Եվրատլանտյան խորհրդի նիստը Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների մասնակցությամբ, որտեղ քննարկվելու է Հայաստանի ԱԳԳԾ իրականացման ընթացքը համաձայն գնահատման այն զեկույցի, որ ներկայացնելու է այս օրերին մեր երկիր այցելած պատվիրակությունը:

ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի հետ համատեղ ասուլիսում Ռոբերտ Սիմոնսը նախ հայտարարեց, որ իր եւ գործընկերների կարծիքով Հայաստանը մեծ առաջընթաց ունի ԱԳԳԾ իրականացման առումով: Ընդգծեց, որ ՆԱՏՕ-ն Հայաստանին չի ստիպում մտնել դաշինք, ոչ էլ ցանկանում է, որ Հայաստանը սահմանափակի կամ դադարեցնի իր հարաբերությունները որեւէ երկրի կամ երկրների խմբի հետ, որոնց հետ ունի լավ հարաբերություններ:

Դեռեւս նախորդ տարի ՆԱՏՕ-ի ԱԳԳԾ շրջանակներում Հայաստանում տեղեկատվական կենտրոն բացելու ծրագրի կապակցությամբ պրն Սիմոնսը նշեց, որ այդ կենտրոնի համար տեղ տրամադրելու հարցը պիտի որոշի ՀՀ կառավարությունը, այնուհետեւ կենտրոնի ստեղծման աշխատանքներն առաջընթաց կունենան: 2015 թ.-ին ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող բանակ ունենալու ՀՀ իշխանությունների հայտարարությունների առնչությամբ պրն Սիմոնսը նշեց, որ բանակի բարեփոխումները անընդհատական գործընթաց են, այլ ոչ բուհական ավարտական քննություններ, որ որոշվեն ու ավարտվեն 2015-ին:

Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ Ռոբերտ Սիմոնսը եւս մեկ անգամ հիշեցրեց ՆԱՏՕ-ի դիրքորոշումը, որի համաձայն ՆԱՏՕ-ն չի մասնակցում բանակցություններին եւ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին այդ գործընթացում: Իսկ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումն, ըստ դիվանագետի, դեռ ներկա խնդիր չէ, կարեւոր է, որ նախ կողմերը գան համաձայնության:

Ինչ վերաբերում է Իրանի միջուկային գործունեությանն առնչվող իրավիճակին եւ հայ-թուրքական հարաբերություններին, ապա այս հարցերում եւս ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը, իր խոսքերով, կրկնեց արդեն իսկ հայտնի մոտեցումները: Ըստ այդմ, ՆԱՏՕ-ն շահագրգիռ չէ Իրանի առնչությամբ ռազմական պատասխանատվություն ունենալու հարցում, իսկ հայ-թուրքական հարաբերություններն էլ, Սիմոնսի կարծիքով, ՆԱՏՕ-ի լուծելու խնդիր չէ, այլ զուտ երկկողմ հարց:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4