Միջազգային ֆինանսական կորպորացիան ուսումնասիրել է հայկական բանկերում կորպորատիվ կառավարման վիճակը
Հայկական բանկերում սեփականության մեծ կենտրոնացում կա: Այս մասին երեկ Երեւանում տեղի ունեցած «Կորպորատիվ կառավարումը Հայաստանի բանկային համակարգում» թեմայով սեմինարի ժամանակ Հայաստանի բանկերում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները ներկայացնելով, հայտնեց Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) կորպորատիվ կառավարման փորձագետ Պանոս Լաբրապոլուսը: Բացի ՄՖԿ-ից, Հայաստանի բանկերի ղեկավարների համար հրավիրված սեմինարի կազմակերպիչներն էին նաեւ Հայաստանի Կենտրոնական բանկն ու Նիդեռլանդների կառավարությունը:
Պանոս Լաբրապոլուսը նշեց, որ ՄՖԿ-ի ուսումնասիրությանը մասնակցել են հայկական 21 բանկերից 15-ը: Սեփականության մեծ կենտրոնացման մասին արդեն հիշատակված տվյալը վկայակոչելով, ելույթ ունեցողն ասաց, որ այդ եզրակացությանն են հանգել բանկերից ստացված պատասխաններից: Համաձայն դրանց, 15 բանկերից միայն 2-ն ունեն 20 եւ ավելի բաժնետերեր: Բանկերի կեսն ունի վերահսկիչ փաթեթով բաժնետերեր: Բանկերից դարձյալ 2-ն են նպատակ արտահայտել դառնալու բաց բաժնետիրական ընկերություններ: 12 բանկեր նշել են, որ նախընտրում են ֆինանսավորման այլ աղբյուրներ, այսինքն չեն ցանկանում բացվել եւ դառնալ ԲԲԸ:
Հայաստանյան բանկերն իրենց առաջնահերթություններն են համարել կորպորատիվ կառավարման հայեցակարգի ներդրումը եւ մանրածախ ծառայությունները: Այդուհանդերձ, նրանք պարտադիր չեն համարել այդ ծառայությունները զարգացնել ավանդների ներգրավմամբ: Դա այս փուլում գտնվող բանկերի համար ՄՖԿ փորձագետը բնական համարեց, բայց նշեց, որ բանկերը վերջ ի վերջո պետք է ֆինանսավորման հիմնական աղբյուր համարեն ավանդների ներգրավումը:
Հարցված բանկերի 65 տոկոսն ասել է, որ բանկի ղեկավարների եւ տնօրենների խորհրդի համագործակցությունը պետք է լինի կորպորատիվ կառավարման առաջնահերթություններից մեկը: Այս ուղղությամբ առաջին քայլը ներքին փաստաթղթերի վիճակի բարելավումն է:
Հայաստանի բանկերի ղեկավարների գերակշիռ մեծամասնության կարծիքով, կորպորատիվ կառավարումը Հայաստանում կամ վատ է, կամ թերզարգացած, իսկ 26 տոկոսի կարծիքովՙ զարգացած է: Պանոս Լաբրապոլուսը լավ սկիզբ համարեց այն փաստը, որ բանկերի վերահսկիչ խորհուրդները տարեկան 2 անգամ ժողով են հրավիրում, բայց նաեւ նշեց, որ դա չի նշանակում, թե այդ ժողովները ձեւական նշանակություն չունեն: Մինչդեռ բոլոր ռիսկերըՙ լիկվիդայնության կամ վարկային, անցնում են վերահսկիչ խորհրդով:
Բանկերի 60 տոկոսից ավելին նշել է, որ անկախ տնօրեն ունեն վերահսկիչ խորհրդում: Սակայն ոչ բոլորն են հասկանում, թե ինչ է նշանակում անկախ տնօրեն միջազգային չափանիշներով: Բանկերի 50 տոկոսն էլ իր ղեկավարների բարձր վարձատրությունը չի կապում բանկերի երկարաժամկետ կատարողականի հետ, մինչդեռ դրանք պետք է փոխկապակցված լինեն:
Եվ վերջապես, բոլոր բանկերը նշել են, որ իրենց բոլոր բաժնետերերը հայտնի են հասարակությանը, ինչը նույնպես ՄՖԿ փորձագետը դրական համարեց, բայց վերապահումովՙ եթե դա իսկապես այդպես է:
Պանոս Լաբրապոլուսից հետո ՄՖԿ այլ փորձագետներ երեկ ներկայացրին «Կորպորատիվ կառավարման փորձի գնահատում», «Հրապարակայնությունը եւ թափանցիկությունը ֆինանսական հաստատություններում»,«Շահերի բախման եւ փոխկապակցված կողմի գործառնությունների համարժեք կառավարում» թեմաներով զեկույցները, իսկ այս ոլորտին առնչվող մյուս հարցերը սեմինարի մասնակիցները կքննարկեն նաեւ այսօր եւ վաղը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ