«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2006-05-20 | #93, 2006-05-23 | #94, 2006-05-24


ԸՆԿԱԾ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

«Կտեսնեք, որ ծաղրածուները կլինեն նոր թագավորները», ահա այսպիսի միտք է հնչում Եվրոտեսիլի հաղթանակը վայելող «Լորդի» խմբի երգում: Ֆիննական խումբն ու նրա հաղթանակը հակասական մեկնաբանությունների, նույնիսկ շատերի համար ահազանգի տեղիք է տալիս: Քննարկումներից անմասն չէ նաեւ Արարատյան հայրապետական թեմի «Արարատ» երիտասարդական միությունը, որի անդամներից մոտ 20-30 հոգի երեկ հավաքվել էին լսելու «Լորդի» շոուի, նրա թողած ազդեցության եւ ընդհանրապես Եվրոպայում առկա նմանօրինակ բիզնեսի հետապնդած բարոյահոգեբանական մթնոլորտի, դաստիարակչական նշանակության մասին: Երգահան Թովմա քհն. Անդրեասյանը նշում է. «21-րդ դարը հրապարակավ ցուցադրեց հեթանոսական աշխարհի հաղթանակը որոշ տեղերում: Դրանցից մեկն էլ Եվրոտեսիլն է»: Նա գտնում է, որ նման երեւույթները հիշեցնում են վերջին օրերի ժամանակների մասին, որոնց մասին խոսվում է ավետարանում: «Իհարկե, գիտությունն ու տեխնիկան աճում են, բայց մարդկային ոգին, հոգեւոր աշխարհն ու բարոյականությունը աճ չունեն», նկատում է Թովմա քահանան:

«Եվրոպան չի գնում առ Աստված (Ռ. Պապայանի մեկնաբանությամբ «առաջ» նշանակում է` առ Աստված), այլ` առ սատանա: Ես ուղղակի ցավում եմ իրենց հոգեւոր մահվան համար», մտահոգություն է հայտնում Հր. Աճառյան համալսարանի ուսխորհրդի նախագահ Խաչիկ Հարությունյանը:

Երգիչ Համլետ Գեւորգյանը հմտորեն վերլուծում է երգի եւ նրա հաղթանակի բարոյահոգեբանական հետեւանքները հատկապես երեխաների համար: «Շուտով հանրությանը կներկայացվեն խաղալիքներ այդ հրեշների ու դիմակների պատկերներով, համակարգչային խաղեր, դիմակներ ու հագուստներ», ասում է նա եւ ենթադրում, որ դրանք պարզապես չարի գովազդ են, որ երեխաների համար կրկնօրինակման նախատիպ կհամարվեն: «Սա նշանակում է, որ Եվրոպան չի ծափահարում սիրուն, բարուն եւ դրական հոգեվիճակներին», ասում է երգիչը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4