Ռուսաստանի հայերի միության համագումարն այսօր
Ռուսաստանի հայերի միությունն այսօր Մոսկվայում կգումարի համագումար, որտեղ կներկայացվի կազմակերպության 5-ամյա գործունեության հաշվետվությունը, կանցկացվեն ՌՀՄ նախագահի եւ կենտրոնական-վերահսկիչ հանձնաժողովի ընտրություններ: «Պանարմինյն.նեթ» ինտերնետային կայքէջի հաղորդման համաձայն, համագումարը կքննարկի Ռուսաստանի հայ համայնքի համախմբման, այլ համայնքների, Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման եւ այլ հարցեր:
Անդրադառնալով Ռուսաստանում ազգային փոքրամասնությունների խնդրին` Աբրահամյանը ցանկություն է հայտնել, որ ռուսական հեռուստաեթերում հանդես գան տարբեր ազգային համայնքների ներկայացուցիչներ: Ըստ Աբրահամյանի, Մոսկվայում եւ Ռուսաստանի մյուս խոշոր քաղաքներում պետք է կիրառվի փողոցների վերահսկողություն խառը ազգային կազմ ունեցող միլիցիայի կողմից, ինչպես դա վաղուց արվում է ԱՄՆ-ում: Արա Աբրահամյանը գտնում է, որ անհրաժեշտ է համալիր միջոցներ մշակել Ռուսաստանում քսենոֆոբիայի եւ ազգային հողի վրա կատարվող հանցագործությունների դեմ պայքարում: Ըստ Ա. Աբրահամյանի, Ռուսաստանում քսենոֆոբիայի դեմ պայքարում առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել երիտասարդության դաստիարակության վրա: «15-16-ամյա դպրոցականը չգիտի, թե ինչու է սպանում: Դա նշանակում է, ամեն ինչ չէ, որ կարգին է դպրոցում»: Միեւնույն ժամանակ, ըստ Աբրահամյանի, որոշակի ուժեր շահագրգռված են, որ Ռուսաստանում խնդիրներ լինեն ազգամիջյան հողի վրա: «Եթե կան (ծայրահեղական ազգայնական) կազմակերպություններ, ուրեմն նրանց ինչ-որ մեկն աջակցում է: Շատերը կցանկանային, որ Ռուսաստանը զբաղվեր միայն ազգամիջյան հարցերով, շատերը կցանկանային, որ այստեղ անկայունություն լինի»:
Պրն Աբրահամյանը հայտարարել է, որ հայերը Ռուսաստանում խնդիրներ չունեն ազգամիջյան հարաբերությունների ոլորտում: «Հայերը ապրում են Ռուսաստանում 9-րդ դարից, սա մեր տունն է», ասել է նա:
Ռուսաստանն ու Հայաստանը հավասարապես շահագրգռված են պահպանելու ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում, ամրապնդել կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում, հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահը: «Այս առնչությամբ Ռուսաստանն անտարբեր չէ տարածաշրջանի իրավիճակի եւ Հայաստանի դերի հանդեպ: Հայաստանին, բնականաբար, նույնպես դա հուզում է, Ռուսաստանի հայերը նույնպես ի վիճակի են շատ բան անել Հարավային Կովկասում կայունության ամրապնդման համար»:
Ա. Հ.